Գուցե չափազանց սուբյեկտիվ եմ մոտենում այս հարցին, բայց վստահ եմ, որ մեծ փոփոխությունների հասնելու համար առաջնային է ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները (ռեսուրսները՝ մարդկային ունակությունները, կարողություններն ու հմտությունները, նյութական, ֆինանսական միջոցները և այլն), հասկանալ դրանց համադրելիության եզրերը և կիրառելիության հեռանկարները, փոխանցել այդ ամենը չափողականության դաշտ, այնուհետև փորձել գտնել այն փոքր փոփոխությունների հավաքածուն, որոնց միջոցով առավել արդյունավետ ու արագ հնարավոր կլինի հասնել մեծ փոփոխությունների:

Եթե քաղաքացիական հասարակության յուրաքանչյուր անդամ փորձի իր համար գտնել այդ փոքր փոփոխությունների ճիշտ հավաքածուն և քայլ առ քայլ անցնի դրանց իրականացմանը՝ գնահատելով սեփական հնարավորությունները, հասարակությունը կարող է գրանցել զգալի և անսպասելի դրական արդյունքներ՝ անկախ այն բանից, թե որ ոլորտին են վերաբերում այդ փոփոխությունները:

Ինչպես ասում են, մեդալն ունի երկու կողմ. նույն կերպ կարող ենք մեկնաբանել տնտեսագիտական այս երկու սկզբունքները. «Առաջարկը ծնում է պահանջարկ» և հակառակը՝ «Պահանջարկն է ծնում առաջարկ»:

Իրականում, այս երկու հասկացություններն էլ ունեն իրենց կիրառելիության սահմանները և, ըստ անհրաժեշտության, որպես գործիք կարող ենք օգտագործվել տարբեր նպատակների հասնելու համար:

Հարցն այն է, որ լավ իշխանություն և լավ ընդդիմություն ունենալու համար, հետևաբար նաև քաղաքական ու քաղաքացիական բազմաբնույթ խնդիրներ լուծելու համար քաղաքացիական հասարակությունը, որպես քաղաքական դաշտի այդ երկու բևեռների վրա ազդող ուժ պետք է ոչ թե առաջնորդվի «Առաջարկն է ծնում պահանջարկ» սկզբունքով, այլ պետք է գիտակցի իր, որպես պահանջարկածին մարմնի կորևորությունը և շարժվի երկրորդ սկզբունքով՝ «Պահանջարկն է ծնում առաջարկ»:

Իհարկե, վերջինիս արդյունավետ գործածության համար պահանջվում է համապատասխան գործիքակազմի առկայություն, որն ավելի շատ քաղաքագիտական հմտությունների և գիտելիքների վրա է հիմնվում, սակայն սկզբունքը, որպես այդպիսին, հիանալի միջոց է ծառայում վերոնշյալ փոքր փոփոխությունների միջոցով վերջնական նպատակակետին հասնելու համար:

Հ.Գ.
Այսուհետ կփորձեմ տնտեսագիտորեն ցույց տալ հասարակական տարբեր ոլորտներում այս և այլ սկզբունքների կիրառման արդյունավետությունը կոնկրետ օրինակներով և մոդելներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել