Tert.am-ը գրում է.

Մամուլում տարածված օֆշորային ընկերությունների և շվեյցարական բանկերում հաշիվների վերաբերյալ հրապարակումներին Միհրան Պողոսյանը իր հրաժարականի դիմումում խոստացել էր անդրադառնալ հրապարակավ՝ որպես շարքային քաղաքացի։

Այս մասին հայտնում են ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գրասենյակից և նշում, որ այս ժամանակահատվածում Միհրան Պողոսյանի գրասենյակը ձեռնամուխ է եղել հրապարակման մեջ նշված ընկերությունների վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման գործին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ, օրինակ, մամուլում նշված էր, որ Միհրան Պողոսյանն ունի հաշիվներ շվեյցարական LGT բանկում։ Հարցում է ներկայացվել բանկ, որտեղից ի պատասխան հերքվել է թե՛ Միհրան Պողոսյանի, թե՛ վերջին հրապարակումներում իր անվան հետ կապվող Sigtem Real Estates Incorporated, Hopkinten Trading Incorporated, Bangio Invest S.A. ընկերությունների անունով որևէ հաշվեհամարի գոյություն:

Գրասենյակը ներկայացրել է բանկի ներկայացուցչի պաշտոնական պատասխանը։




«Այսպիսով, փաստվում է, որ բանկային հաշիվ չի բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ։ Նշյալ փաստաթուղթը, մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի հետ տրամադրվել է պատկան մարմիններին։

Առաջիկայում կանդրադառնանք նաև Միհրան Պողոսյանի անվան հետ կապվող մի շարք այլ հարցապնդումներին և իրականությանը չհամապատասխանող հրապարակումներին»,-ասվում է Միհրան Պողոսյանի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել