Մի կողմից գուցե տարօրինակ է, որ ապրիլի առաջին օրերին ծավալված պատերազմական գործողություններից մի կարճ ժամանակ անց հանրային տարբեր հարթակներում քննարկվում է «հաղթել-պարտվելու» հարցը: Դա՝ դեռ իր հերթին: «Տարածքների հարցը» է՛լ ավելի բուռն ասուխոսի առիթ է տվել: Ու, երբ հետևում ես հատկապես վիրտուալ տարածքներում «առյուծ պատռողի» կեցվածքով սուր արտահայտություններ անողներին, ակամայից այնպիսի զգացողություն ես ունենում, որ նրանց առնվազն մի մասին այդ խնդիրը հետաքրքրում է գերազանցապես իրենց անձի վրա ուշադրություն հրավիրելու, ինչ-ինչ անհատական կամ խմբակային շահեր հետապնդելու տեսակետից: 

Ինչո՞ւ ենք կարծում, որ տարօրինակ է, երբ հիմա «հաղթել-պարտվելու» հարց է դրվում: Ամենից առաջ այն պատճառով, որ չնայած սովորաբար խոսում են «քառօրյա պատերազմից», նկատի ունենալով ակտիվ գործողությունների փուլը, բայց մեր ու էլի շատերի համոզմամբ՝ պատերազմը ամենևին էլ չի ավարտվել: Իսկ եթե չի ավարտվել, ապա «հաղթել-պարտվելու» արծարծումներն էլ զուտ դիպվածային են ու ժամանակավրեպ:
Լավ, համարենք, որ նման անդրադարձերի ժամանակ նկատի է առնվում պատերազմական գործողությունների կոնկրետ ժամանակահատված, այսինքն՝ առանձին վերցրած փուլ, օրինակ՝ ապրիլի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի լայնածավալ հարձակումից մինչև Մոսկվայում հրադադարի վերաբերյալ բանավոր համաձայնության կայացման պահը: Իսկ եթե միայն այդ մի քանի օրվա իրադարձությունները դիտարկենք «հաղթանակ-պարտություն» տեսանկյունից, էլի տարօրինակ է, որ նման հարց է ծագում հենց հայկական միջավայրում:
Նախօրեին հրապարակված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը, օրինակ, այլ բնորոշում է տալիս, շատ ավելի զուսպ. «Եթե ուզում եք անպայման ասեմ, որ մենք հաղթել ենք՝ կարող եմ ասել, բայց ամենաճիշտ ձևակերպումը հետևյալն է. մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարել են»:
Մի առիթով նկատել ենք, բայց թերևս արժե մեկ անգամ էլ անդրադառնալ այս խնդրին: Նայենք, թե ի՞նչ նպատակներ էր իր առջև դրել ադրբեջանական ղեկավարությունը՝ ձեռնարկելով ապրիլյան այդ արկածախնդրությունը: Թերևս ոչ ոք կասկած չունի, որ Ադրբեջանի, ինչպեսև՝ Ալիևի կլանի անթաքույց ու նույնիսկ թաքնված հովանավորների հիմնական նպատակներից մեկը Հայաստանի և Արցախի վրա ռազմական ուժեղ ճնշում գործադրելն ու այդպիսով լուրջ զիջումներ պարտադրելն էր:
Հասկանալի է, որ ադրբեջանական ղեկավարության մաքսիմում նպատակը հնարավորինս արագ ռազմական շոշափելի արդյունքներ արձանագրելն էր, ասենք՝ մինչև Արցախի մայրաքաղաքի մատույցներ հասնելը, եթե ոչ՝ ապրիլի 24-ին տանկերով Ստեփանակարտ մտնելը(հարցազրույցներից մեկում նման կարծիք էր արտահայտել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը): Այսինքն, թշնամին ռազմական տեսանկյունից խնդիր էր դրել զավթել Արցախի տարածքի նշանակալի մասը, առնվազն՝ մի շարք բնակավայրեր: Այդ նպատակներին հասնելու համար Ադրբեջանը գործի էր դրել իր Զինված ուժերի գրեթե բոլոր կարողունակ ստորաբաժանումները, սպառազինության ունեցած գրեթե բոլոր տեսակները՝ բացառությամբ ռազմական օդանավերի և նավատորմի, չհաշված արդեն հատուկ նշանակության ուժերն ու այլևայլ ահաբեկիչ-գրոհայինների ներգրավումը:
Հարց. առաջադրված նպատակներից ո՞ր մեկին հասավ ադրբեջանական ղեկավարությունը: Պատասխանն ակնհայտ է՝ և ոչ մեկին: Թշնամու ռազմական բոլոր մտադրությունները, տվյալ փուլի վերջնարդյունքում մարտադաշտում ձախողվեցին: Քանի՞ հայկական բնակավայր են գրավել ադրբեջանական զորքերը, ավելի ճիշտ՝ քանի՞ հայկական բնակավայր է անցել թշնամուն: Պատասխան՝ ո՛չ մի հատ:
Ինչ վերաբերում է ռազմավարական հաշվարկներին՝ Հայաստանի ու Արցախի վրա ճնշման լուրջ լծակ ձեռք բերելու առումով, ապա դրանք ևս տապալվեցին: Հակառակը՝ այժմ հայկական կողմը արտաքին-քաղաքական շատ ավելի ամուր դիրքերում է, դիրքորոշումը շատ ավելի կոշտ, բայց նաև՝ օբյեկտիվ ու հիմնավորված: Եվ Վիեննայի հանդիպումը, դրանից հետո համանախագահող տերությունների արտաքին-քաղաքական պատասխանատուների համատեղ հայտարարության ձևակերպումները նույնպես խոսում են դրա օգտին:
Ուստի կարո՞ղ ենք ասել, որ կոնկրետ այդ փուլում մենք հաղթել ենք կամ առնվազն, հաղթական վիճակում ենք գտնվում: Մեր համոզմամբ՝ կարող ենք: Եվ ոչ միայն կարող ենք, այլև պետք է այդպես էլ ասենք՝ այո, հաղթել ենք, որքան էլ որ դա որոշ անձանց տհաճություն պատճառի:
Հիմա, տերբեր մարդիկ, տարբեր շրջանակներից, ի դեպ, շեղում են ուշադրության առանցքը, կենտրոնանում այս պահին դեռևս հակառակորդի հսկաղության տակ անցած մի քանի դիրքերի կրակային տիրույթում գտնվող տարածքի վրա: Ըստ որում, շատերի տոնայնությունն այն է, որ համոզեն՝ մենք պարտվել ենք, առնվազն՝ պարտվածի վիճակում ենք և այսպես շարունակ: Թե ինչ մութ կամ ոչ էլ՝ մութ, այլ լավ տեսանելի ներքին նպատակադրումներով են արվում (այլ բան չլինի՝ դե ղեկավարությանը «քլնգելը» կա ու կա) այդօրինակ շեշտադրումներ, առայժմ դնենք մի կողմ:
Կենտրոնանանք այդ մոտեցումների փաստական հենքին: Տվյալ դեպքում՝ պարտություն, խայտառակություն ու նման այլ բնորոշումներն ու զանազան պիտակավորումներն ու մեղադրական ճառերը խարսխվում են այն իրողության վրա, որ պատերազմական գործողությունների ակտիվ փուլից հետո մի քանի դիրք դեռևս գտնվում է հակառակորդի ձեռքում: Ոմանք անգամ քառակուսի մետրերով չափելուն էին անցել, քանի որ այդ դեպքում «միլիոնավոր» բառը կարող էին գործածել: Զարմանալի է, որ միանգամից քառակուսի սանտիմետրերով ու միլիարդներով չափումների չանցան: Իսկ թե միլիմետրերով ի՜նչ կարգի թվեր կասեին, էլ ասելու չէ:
Այդ խնդրին հարցազրույցում անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանը, բացատրելով, որ եթե նախքան պատերազմական գործողությունները հայկական զինված ուժերը որպես անվտանգության գոտի ունեին ութ հարյուր հազար հեկտար, ապա կորցրել ենք ութ հարյուրի չափ, որը եղածի 0,1 տոկոսն է:
Ու գնա՜ց: Հարցազրույցի հրապարակումից գրեթե անմիջապես հետո, պարտության թեզի ջատագովները, ոմանք, ի դեպ, անթաքույց չարախնդությամբ ակտիվացան, ընդհանուր «բա որ ասում էինք» ու «ո՜նց թե…» տոնայնությամբ: Շատերը նաև «զարգացնում են»՝ դա ներկայացնելով որպես համարյա 10 տոկոս, 50 տոկոս, չգիտեմ, այնպես, որ կարելի է կարծել, թե առհասարակ, հակառակորդը գրեթե մի 10 կիլոմետր առաջ է եկել: Երբեմն թվում է, թե որոշ մարդիկ ապրիլի 2-ից 6-ը համեմատաբար «լռության ռեժիմի» անցնելու համար հիմա «մուռ են հանում»:
Այստեղ սակայն մի կարևոր հարց էլ կա. անցած երկու տասնամյակի ընթացքում, ինչպես մեր բանակը, այնպես էլ հակառակորդը շարունակաբար «դիրքային բարելավումներ» է արել, ինչը ենթադրում է, որ մի որոշ տարածք ժամանակ առ ժամանակ այդ «անվտանգության» գոտուց անցել է մեր կամ հակառակորդի հսկողության տակ: Ըստ որում, անցած տարիներին այդ ամենը հիմնականում մեծ աղմուկ չի հարուցել կամ ուշադրություն չի գրավել «տարածքների» տեսանկյունից: Ասել կուզի, որ «անվտանգության գոտի» ասվածը ինչ-որ՝ միլիմետրերով ֆիքսված ու անխախտ, անփոփոխ մի բան չի եղել այս ամբողջ ընթացքում:
Տվյալ դեպքում, ես օրինակ, չենք կասկածում, որ ժամանակի ընթացքում մեր բանակը լիովին վերականգնելու է իր՝ նախքան ապրիլի 2-ը ունեցած բոլոր դիրքերը: Կարելի է չկասկածել, որ հակառակորդը դեռ առիթ տալու է:
Համենայն դեպս, այն, որ Ալիևը Վիեննայում «գայլ տեսած էշի» տեսք ուներ, առանձնապես լավ բաներ չի հուշում: Իսկ ե՞րբ կամ ինչպե՞ս են մեր զինված ուժերը լիովին վերականգնելու իրենց դիրքերը բոլորովին այլ ու հազիվ թե՝ հրապարակային արծարծման հարցեր են, որքան էլ որ ոմանք շատ են ուզում, որ ասենք, «Ֆեյսբուքում» գրվի, թե մեր ամն մի զինվորը որտեղ է կանգնած, հրամանատարությունն ինչ է ուզում անել, ինչու և այլն:
Ի դեպ, նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը բավականին պարզորոշ արտահայտեց իր դիրքորոշումն այս հարցում. «Երբ ես ասում եմ՝ մեր Զինված ուժերն իրենց խնդիրը կատարեցին, հավատացեք, մեր Զինված ուժերն ի վիճակի էին այդ ստատուս-քվոն վերականգնել: Ընտրության խնդիր էր՝ արդյոք արժե՞ր այդ ութ հարյուր հեկտարի համար զոհել ևս երեսունհինգ- քառասուն կամ ևս ութսուն հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու:
Երևանում, սրճարանում նստած քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ՝ գնան վերցնեն և ոչ թե ուրիշներին խորհուրդ տան, հասկանան իրավիճակը և գնահատեն արժեքը՝ մետրի և մարդու:
Ինձ համար շատ ավելի կարևոր են մեր զինվորներն ու սպաները, նրանք դեռևս իրենց խնդիրը մինչև վերջ չեն կատարել, նույնիսկ կատարելուց հետո իրենք պետք են: Դեռ որևէ մեկը չի կարող ասել, որ այդ մարդիկ քաղաքացիական կյանքում շատ ավելի քիչ հաջողությունների կարող են հասնել, քան թե ռազմական»:
Եվ իսկապես էլ՝ ընտրության խնդիր է, որ պատերազմական գործողությունների վայրերից բավական հեռու, ամենակարևորը՝ անվտանգ նստած սրճարանային «ստրատեգները» չափազանց հեշտությամբ են ընտրություն անում: Ու կարող եք չկասկածել, որ եթե ապրիլին անվտանգության գոտու այդ 0,1 տոկոսը ամեն գնով վերականգնվելու խնդիր դրվեր, նույն «ստրատեգները» էլի աղմկելու էին, բայց արդեն այլ բովանդակությամբ, թե՝ պե՞տք էր այդքան տարածքի համար մեր զինվորների կյանքը վտանգել: Դե, «ստրատեգներին» աղմկելու նյութ է պետք, չէ՞ որ նրանց գլխավոր շտաբ-սրճարանը առանց աղմուկի կամ «բզզոցի» մի տեսակ էն չի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել