Եթե պարսից փղերը խմեցված չլինեին, հավանաբար մեզ վրա չհարձակվեին՝ 451 թվականի, մայիսի 26-ին, Տղմուտ գետի ափին: Փիղը հո մարդ չի՞, որ հարձակվի, այն էլ, երբ անձնական շահ չունի՝ հարձակվելու, ոչ գիշատիչ է, որ ուտի նրան, ում վրա հարձակվում է, ոչ էլ երկիր է ուզում գրավի, որ Մեծ Փղաստան հաստատի: Մի խոսքով, խմիչքը պատերազմում կարեւոր բան է, բայց ինչպես տեսնում ենք՝ միայն պատերազմում չէ, որ կարեւոր բան է:
Բանն այն է, որ ամերիկացի որոշ դիվանագետներ, որոնք ներկայացվում են, որպես պետքարտուղարության ավագ պաշտոնյա-1 եւ պետքարտուղարության ավագ պաշտոնյա-2, եւ ենթադրաբար նրանք են պետքարտուղարի՝ Ասիայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նյուլանդն ու Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, նախքան Վիեննայում օրերս կայացած Սարգսյան-Ալիեւ ոչ տետ ա տետ հանդիպումը, որոշել են իրենց ժամանակն իզուր չվատնել եւ մի փոքրիկ փակ հանդիպում անցկացնել՝ խոսելով ԼՂ հակամարտության, դրա բանակցությունների որոշ պատմական եւ հոգեբանական էպիզոտների եւ նրբությունների մասին: Այսպես, անդրադառնալով հարցին, թե երկու հակամարտող երկրների նախագահները արդյոք դժվարություններ ունե՞ն միմյանց հետ խոսելու, Պետքարտուղարության ավագ 1 եւ 2 պաշտոնյաներն ասել են. ՙԿարեւորն է այն, որ նրանք ունակ են խոսել միմյանց հետ: Այսօր հանդիպման այլ ձեւաչափ ունենք/նկատի ունեն Վիեննայում հանդիպումը-Հ. Ա./, բայց անցյալում մենք նրանց հնարավորություն ենք տվել երկար ժամանակ խոսել դեմ առ դեմ: Սեղանին մի շիշ սկոչ ենք դնում եւ նրանց հնարավորություն տալիս քնննարկելու բոլոր հարցերը՚:
Ի դեպ, սկոչը՝ նույն վիսկին է, ընդ որում վիսկին սկոչ անվանում են միայն ամերիկացիները՝ շոտլանդացիների անվանման հետ կապված, որպեսզի շոտլանդական վիսկին տարբերեն ամերիկյանից, որը, եթե չեմ սխալվում, կոչվում է՝ բըրբոն: Մինչդեռ շոտլանդացիները սկզբունքորեն վիսկին սքոչ չեն անվանում, քանի որ իրենց պնդմամբ, կարիք չկա վիսկին տարբերակելու՝ շոտլանդականի եւ ամերիկյանի, քանի որ վիսկին իհարկե եւ բացառապես շոտլանդական է: Ինչեւէ, չխորանանք այս անգլո-սաքսոնական դավադրությունների մեջ...
Ուրեմն խմում են, նկատի ունեմ Սարգսյանն եւ Ալիեւը, բայց դա խնդիր չէ, խնդիրն այն է, որ Իլհամ Ալիեւն է խմում, իսկ խմած վիճակում մեզ վրա անգամ փղերն են հարձակվում, պատմական անցք է, բոլորս գիտենք՝ սկսած հինգերորդ դասարանից, եթե իհարկե պապիկի գրկում Վարդանանքը չենք կարդացել, երբ դեռ 3-րդ դասարան էինք: Սակայն այս պատմության մեջ ամենակարեւորը, ինձ գոնե, մեկ այլ բան թված: Բանն այն է, որ փաստորեն Սարգսյան-Ալիեւ հանդիպումներն անցյալում, անգամ երբ դեմ առ դեմ են եղել, այնպես չէ, որ երկկողմն են եղել, դրանց միշտ մասնակցել է երրորդ կողմը՝ տվյալ պարագայում՝ վիսկին: Այն պարագայում, երբ, օրինակ Վիեննայում կայացած հանդիպումից հետո ԼՂՀ նախ՝ նախագահ Սահակյանի մամուլի քարտուղարը, ապա եւ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարեցին, որ իրենց համար, այսինքն՝ Ստեփանակերտի համար, Վիեննայի հանդիպման արդյունքները խուստումնալից են:
Բայց եղբայր, դուք որտեղի՞ց գիտեք, հասկանում եմ, որ 21-րդ դարն է եւ մենք բոլորս այդ դարում ենք, բայց այնտեղ եղե՞լ եք: Չէ՞ որ ղարաբաղյան հարցով հանդիպումը կարող է խոստումնալից լինել միայն այն պարագայում, երբ սեղանին ոչ թե մեկ շիշ վիսկի դրված լինի՝ երկու բաժակով, այլ դրա շուրջը՝ երեք աթոռ դրված լինի, երկուսի փոխարեն, հակամարտության երեք կողմերի ներկայացուցիչների համար:
Իհարկե Ստեփանակերտը պետք է արձագանքի եւ դա պետք է արագ անի միջազգային հանրության ցանկացած հայտարարության՝ Ղարաբաղի վերաբերյալ, բայց, պարոնայք, այդ արձագանքը, նախքան բանակցություններին մասնակցելը, պետք է մեկը լինի՝ ՙՔանի որ ղարաբաղյան կողմը հանդիպմանը ներկա չի եղել, այդ հանդիպումը չի կարող խոստումնալից լինել, ի դեպ, անուշ խմեցիք՚:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել