Tert.am-ը գրում է.
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Վիեննայում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումից հետ շատ լավատես չէ, բայց ըստ նրա նախնական գնահատմամբ` փորձ արվեց գնդացիրներով ու ավտոմատներով խոսակցությունը տեղափոխել բանակցային սեղանի շուրջ:
«Մենք ունենք բանակցային գործընթացի վերակենդանացման փորձ, ինչը վատ չէ, խոստումներ, որ բանակցային գործընթացը ի դեմս նախագահների կշարունակվի»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանն ու ամփոփեց, որ այս ամենի հանրագումարը պատերազմականից քաղաքական կարգավորման հուն վերադառնալն է: Քաղաքագետի ձևակերպմամբ` ինքնաձիգներից ու գնդացիրներից կողմերին փորձում են մղել դեպի բանակցային սեղան:
Ալեքսանդր Իսկանդարյանը հեռու է այն մտքից, որ վստահության մեխանիզմներն ինչ-որ արդյունք կտան հիմա, այս տարիներից ու այս պատերազմից հետո. իրականում նման վստահություն վերականգնելու համար շատ ժամանակ է հարկավոր: «Կապրենք, կտեսնենք»,– ասաց նա:
IWPR-ի թղթակից Շահին Ռզաևը, Թբիլիսիից խաղաղություն մաղթելով հայ գործընկերին` նկատեց, որ առաջին անգամ Վիեննայում հստակ արձանագրվեց, որ պատերազմը ելք չէ: «Հուսամ, որ դիպուկահարները երևի թե էլ չեն կրակի սրանից հետո»,- ասաց նա:
Հելսինկյան կոմիտեի ադրբեջանական գրասենյակի մամուլի քարտուղար Նիջաթ Մելիքովն էլ Երևանի խնդրանքով ներկայացրեց Ադրբեջանում առկա հասարակական-քաղաքական-լրագրողական տրամադրությունները: Ըստ նրա` այն, ինչ կատարվում է ադրբեջանական հասարակության մեջ. էյֆորիա, հուսահատություն, հայրենասիրական զգացմունքների ալիք, քննարկումներ, թե ինչու այդպես եղավ:
Ըստ նրա` թեպետ ադրբեջանական հասարակության մեջ կա հատված, որը կողմնակից է խաղաղ ճանապարհով խնդրի լուծմանը, հիմանական մասը հանդես է գալիս ռազմական ճանապարհով կարգավորման օգտին:



