Aravot.am-ը գրում է.

Վայքի սահմանապահ դիրքերում զոհված Արամի հարազատները խաղաղություն են ուզում

Մայիսի 14-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցի կողմից Վայք-Նախիջեւան սահմանին սպանված Արամ Օհանյանի հուղարկավորությունն էր երեկ: Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի Սուրբ Աստվածածին մատուռի բակում Արամին ծանոթ-անծանոթ եկել էին հրաժեշտ տալու, բոլորն էին սգում ու ափսոսանք հայտնում, որ էլի մի հայորդու հողին են հանձնում, մի ընտանիք ու մի երեխա էլ մնաց առանց հոր խնամքի: 25-ամյա Արամը Աղավնաձորում ընդամենը 2 տարի էր ապրում, կնոջ եւ մոտ 2 տարեկան որդու հետ Ջերմուկից տեղափոխվել էր պապու գյուղ, վարձով էր ապրում: Զոհվելուց առաջ վարձով տունը հանձնել էր տանտիրոջը, ընտանիքին նորից տեղափոխել էր Ջերմուկ, ինքն էլ պիտի միանար նրանց, բայց չհասցրեց: «Ընդամենը 3 օր առաջ հանձնել էր տունը, ընտանիքի հետ գնացել ծնողների հետ Ջերմուկում ապրելու: Հինգշաբթի գնում են Ջերմուկ, ուրբաթ օրը բարձրանում է դիրքեր, շաբաթ օրն էլ զոհվում»,- մեզ հետ զրույցում պատմում է Արամի հորեղբոր աղջիկը՝ Հասմիկ Օհանյանը:

Արամի հարազատներն ասում են, որ Արամը մինչ Հայկական բանակում ծառայության անցնելը մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Հետո որոշել էր հայրենիք վերադառնալ, մարզում միակ աշխատանքը որ գտել էր, բանակում պայմանագրային զինծառայողի աշխատանքն էր. ավագ սերժանտ էր: Հարազատներն ասում են՝ այնպես չէր, որ ճարահատյալ էր ընտրել զինվորականի աշխատանքը, սիրում էր բանակը:

Արամի ազգականները պատմում են՝ նա ընտանիքի միակ կերակրողն էր, դժվարություններով էին ապրում՝ վարկեր, պարտքեր ունեն: «Գյուղում, հարազատներով ինչով կարողացել ենք՝ օգնել ենք՝ կաթ, պանիր էինք տալիս կամ ինչ-որ անհրաժեշտ էր լինում: Իրենք միայն մի քանի հատ հավ էին պահում, անասուն էլ չունեին: Աշխատավարձը ցածր էր, չէր հասցնում ծախսերը հոգալ, բայց երբեք չէր դժգոհում»,- ասում է Հասմիկը: Արամի հարազատներն ասում են՝ նա երազում էր սեփական տուն ու մեծ ընտանիք ունենալու մասին:

Որդու՝ Արթուրի ծնվելու օրն էլ Արամը դիրքերում է եղել. հարազատներն ասում են, որ որդուն արժանապատիվ մեծացնելու մեծ ծրագրեր ուներ Արամը. հիմա Արամի երազանքները կինն ու մայրն են իրականացնելու: «Պիտի ուժ գտնեմ, որ երկրորդ Արամիս՝ Արթուրիս, պահեմ, մեծացնեմ»,- համ լաց էր լինում, համ ասում զոհված Արամի մայրը՝ տիկին Ռուզաննան:

Ազգականներն Արամին հիշում են որպես կյանքը սիրող, աշխատասեր, ուրախ, բարի, սրտաբաց տղայի. ասում են՝ նա միշտ բոլորի համար պատրաստ էր օգնության հասնել, մարդկանց շատ էր սիրում: «Մանկուց աշխատել է, երբեք չի զլացել: Ինչ երազանքներ ուներ որդու հետ կապված. միշտ ասում էր՝ ամեն ինչ անելու եմ, որ տղաս անհոգ մեծանա, կարիքի մեջ չլինի, ոչ մի բանի կարոտ չմնա, բայց, ցավոք, տեսա՞ք ինչ եղավ»,- պատմում է Արամի քույրը՝ Անին:

Արամին ճանաչել ու չսիրելն անհնար էր, հարազատներն ասում են՝ կինն էլ այդպես, միանգամից սիրեց Արամին, հենց առաջին հանդիպումից հետո սիրահարվել էր կինը՝ Արփինեն: Չնայած Արփինեի մայրը դեմ է եղել դստեր ամուսնությանը, բայց սիրահարված Արփինեն այնքան շատ է սիրել Արամին, որ ինչպես ժողովրդի մեջ են ասում՝ ծնողների կամքին հակառակ փախել է սիրելիի հետ:

«Մեր տղային՝ Արթուրին, քո պես եմ մեծացնելու: Ինչ ուզում էիր նրա համար անել, հիմա ես եմ անպայման անելու, պարտավոր եմ: Ասում էիր, որ որդուդ համար եղբայր ես լինելու, ոչ մի բանի կարիքի մեջ չես թողնելու, հիմա ես եմ նույնն անելու»,- արտասվելով այսպես էր ասում Արամի կինը:

Մայրը՝ Ռուզաննան, պատմում է, որ չնայած նորաստեղծ ընտանիքը շատ դժվարություններ ուներ, բայց երջանիկ էին, սիրով ամուսինների համար սոցիալական դժվարությունները թեթեւ էին թվում, իրենց կյանքն էին պլանավորում. «Արամս ինչքան շատ էր սիրում կնոջն ու երեխային, ինչքան էր ուրախանում փոքրիկ Արթուրի չարաճճիություններով: Թոռնիկս ոնց որ Արամը լինի փոքր տարիքում: Որդուս կորցրեցի, հիմա պիտի երկրորդ Արամիս՝ Արթուրիս պահեմ: Թող սենց բան ոչ մի մայր չտեսնի, սենց մռմռոց թող ոչ մեկ չունենա, իմ մինուճար տղան լինի վերջինը»,- ասում է տիկին Ռուզաննան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել