Այս մի քանի օրվա ընթացքում ֆեյսբուքում սկսեցին տարածվել գրառումներն այն մասին, թե ինչու՞ է Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին մեկնում Վիեննա՝ անցկացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված մի շարք հանդիպումներ: Բոլորը հասկանում են, որ ամենայն հավանականությամբ կայանալու է հանդիպում նաև Ալիևի հետ: Այդ հանդիպման հնարավորության մասին վերջերս համանախագահները ակտիվորեն խոսում էին, ամենայն հավանականությամբ, նաև ակտիվորեն աշխատել են հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Ինչևէ, շատերն ասում են՝ գնում է ի՞նչ անի:
Բայց, մյուս կողմից, չգնա ի՞նչ անի:
Արտաքին հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր տիպի բանակցություններում մասնակցելը նախագահի անմիջական պարտականությունն է:
Դրանից բացի, ի տարբերություն այն կարծիքի, թե Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում ունի՛ և միա՛յն ռազմական լուծում ունի, պետք է փաստել, որ այդ լուծումը կլինի խիստ ժամանակավոր և կոնֆլիկտը կրկին գլուխ կբարձրացնի կողմերից մեկի հզորացման արդյունքում: Դա ձեռնտու է Ադրբեջանին, ինչպես նաև երկու երկրներին զենք վաճառող Ռուսաստանին, բայց ոչ՝ Հայաստանի և Արցախին, որոնք կարող են ոչ միայն պաշտպանել սահանները, այլև նոր տարածքներ վերցնել, սակայն որքանո՞վ դա կարող է համարվել խնդրի լուծում: Իհարկե, չի կարող:
Մինչդեռ խնդրի հենց ոչ ռազմական, այլ դիվանագիտական և միջազգային իրավական նորմերի շրջանակներում վերջնական լուծումը կլինի անժամկետ և մեր սերունդները ավելի մեծ հավանականությամբ կազատվեն պատերազմ կոչվող չարիքի ամենօրյա սպառնալիքից:
Բանակցել-չբանակցելու հարցը մի ասպեկտ էլ ունի. նախ, ՀՀ նախագահը հանդիպում է ոչ թե Ալիև քաղաքացու, այլ Ադրբեջանի նախագահի հետ, և երկրորդ՝ այդ հանդիպումները և բանակցությունները չեն կարող տեղի չունենալ զուտ այն պատճառով, որ վերջինս ոչինչ չի հասկանում կամ ձևացնում է, թե չի հասկանում, կամ չի հաշվում իր բանակի ո՛չ ֆիզիկական, ո՛չ նյութատեխնիկական կորուստները:
Այնպես որ՝ բանակցելն այլընտրանք չունի: Մենք այնքան ռեսուրս չունենք և այնքան անհեռատես չենք, որ հրաժարվենք բանակցություններից և հաջորդ սերունդներին ժառանգենք այդ բեռը: