Չաշկա- լոժկա՝ շակալադնի օտնաշենի, սոցծառայություն-հայփոստ-անապահով ընտանիք- նպաստ=պահմտոցի- շուն ու կատու, մեկ երկու երեք, բա~ցե~ ցի, փոստատար, քեզ որ տեսա թուքումուրը տվեցի: Սա մի հավասարում է, որը երկար տարիներ լուծում չունի:
Գյումրու Մուշ 2 թաղամասում, մոտավորապես նման իրավիճակ է տեղի ունենում, երբ յուրաքանչյուր ամսվա վերջ, նիսյաով ապրող ժողովրդի ու պարտքատերերի ուրախության օրն է գալիս: Դե, այդ օրը ժողովուրդը պատրաստվում է դիմավորել ինչպես ազգային տոնախմբություն: Նպաստառուներն առավոտ կանուխ, իրար ձեն են տալիս, թե փոստատարը նպաստը բերել է ու թաղամասում է, ու կանայք՝ ջիվան-ահել, շտապում են վրեքները շոր գցել ու գրեթե ոտաբոբիկ՝ դեմքներին կես զայրույթ, կես քծնանքախառը ժպիտ կաշելով, դուրս թռնում տանից՝ թաղամասում փնտրելու փոստատարին: Թաղամասում ի՞նչ եռուզեռ է սկսվում, էլ մի ասեք:
Բանն այն է, որ Մուշ 2 թաղամասում, Հայփոստը տեղամաս չունի, դրա համար էլ ամեն անգամ, փոստատարը նպաստ-թոշակը բաժանում է որտեղ որ պատահի՝ մեկի գառաժում, մյուսի տանը, շքամուտքի առաջին հարկում, ու էլ եսիմ որ տեղերը, խեղճ մարդիկ պետք է փնտրեն, գտնեն ու մի բան էլ մյուսներին խաբար անեն, թե որտեղ է էս անգամ թաքնվել փոստատարը: Սա դեռ ոչինչ, ամեն բան հետո է սկսվում, երբ քրտնաց ժողովուրդը, նպաստ ստանալու համար, մի քանի ժամ՝ ձմեռվա ցրտին կամ ամառվա շոգին հերթ է կանգնում, ու իր կայֆին նպաստ բաժանող փոստատարի մունաթների տակ, սկսում իրար կծել ու վիրավորել: Հայ կնոջ ժամանակակից և իրական կերպարը, կարող եք այստեղ տեսնել, առանց ռետուշի կամ մոնտաժի, այստեղ հայհոյանքների փոխարեն ոչ ոք «Tу-ту» չի անի, չի օգնի նաև խցկված ականջները: Ու երանելիների շարքն են գրանցվում այն երջանիքները, ովքեր այդ օրը հասցնում են գումարը ստանալ, որովհետև նրանք, ովքեր չեն հասցնում, քանի որ գումարը վերջանում է, պետք է հաջորդ օրը վերսկսեն հերթական մարաթոնական վազքը՝ ճեմպիոն փոստատարի հետևից, ով նաև քողարկման և դիմակավորվելու լավագույն վարպետներից է:Չհաշված տեղի տված նյարդերը, այս ժողովուրդը հերոս է, համբերատար ու նաև հասկացող, էլ չեմ ասում ողորմած ու գթասիրտ, նա մտնում է փոստատարի վիճակի մեջ, խղճահարվում նրա սրտաճմլիկ հայացքից ու թողնում հերթական 500-1000 դրամ թեյավճարը, որ նրա վրա, խոսակցություն չգա կամ գործից չհեռացնեն, և խեղճ հարկահավաքը, թեյավճարների մի մեծ տոպրակ ուղարկում է իր վրա հարկ դրած շեֆերին ու իր հերթին ուրախանում, որ դեռ աշխատանք ունի:Ո՞րքան է դեռ այս ամենը շարունակվելու: Հիշու՞մ ե՞ք Շանթ TV-ի հումորային հաղորդումը՝ «Տանձը», այս պատմությունն էլ է նման Վարդանիկի պատմությանը, երբ նրա հայրը գիտի ամեն ինչի մասին, բայց հեչ նրա «ՏԱՆՁ»-ին էլ չէ: Պարոնայք իշխանավորներ, եթե սա կարդաք, թող այս խնդիրը, որպես բացառություն լուծվի:Այսօր տոն է բոլորի համար, խանութպաների, մատակարարների, գազի, լույսի, ջրի և էլ չգիտեմ ինչի կամ ում մարդու համար: Միայն ափսոս, որ գումարը վերջացավ, ինչպես միշտ, այն չի բավարարում: Վաղը նորից սկսվելու է խեղճերի աղաչանքները, որ նորից նիսայով ապրանք վերցնեն խանութներից: Բայց, քանի դեռ չի եկել վաղը, թող այսօրը ավարտվի ուրախությամբ: Հաջողություն, կհանդիպենք հաջորդ նպաստի օրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել