ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Թյուրիմացություն է այնպիսի երևույթներ, ինչպիսիք վախն է, սնափառությունը, համարձակությունը, ցուցամոլությունը, վերագրել ամբոխին՝ զանգվածներին, ժողովրդի մեծաքանակ խմբերին․․․ Անհատն ունի գիտակցություն, նա կարող է մտածել, վերլուծել, հասկանալ և ինքնուրույն քայլեր ձեռնարկել, բայց ամբոխը անգիտակից և ուղղորդման սպասող հեղհեղուկ զանգված է․․․ Մի քանի տասնյակ անհատներն արդեն վեր են ածվում անգիտակից զանգվածի․․․ Անհատն իսկապես կարող է լինել վախկոտ, սնափառ, ցուցամոլ, զգայուն և իրականում դրսևորվել իր էությամբ, բայց ամբոխը հեղհեղուկ, անգիտակից, խմորանման մի երևույթ է, որին կարելի է ուղղորդել ցանկացած անհավանական ուղղությամբ, ցանկացած ձևը տալ, խաբել, մոլորեցնել, անհավանական ստերով դրդել անհավանական քայլերի, ինպես միշտ եղել է պատմության ընթացքում։ Դրա օրինակները հարյուրներով են, և ինչով զբաղվել և զբաղվում են ոչ միայն ՀՀ իշխանությունները, այլև աշխարհի գրեթե բոլոր պետությունները․․․ Դրա վառ օրինակը Հայ ժողովրդի դրսևորած արհամարհանքն ու բացարձակ անտարբերությունն էր ինքն իր նկատմամբ ցեղասպանության և նախօրյակին, և ընթացքում․․․ Ամբոխը, զանգվածը հզոր անհատականության ազդեցությամբ, ինչպես Նժդեհը Զանգեզուրում, վերածվում է մի այնպիսի ուժի, որն իր մեջ կրում է հենց այդ անհատի վսեմությունը, վճռականությունը և կամքը․․․ պատրաստ իր առաջնորդի հրամանով նետվել կրակի մեջ, և նույն ամբոխը, նույն զանգվածը թուլակամ ու վախկոտ ուղղորդողների <<ազդեցությամբ>> վերածվում է անգիտակից, անտարբեր ու հեղհեղուկ մի զանգվածի, որին կարելի է պարտադրել ցանկացած <<ապրելակերպ>> ու ցանկացած գործելակերպ․․․ Ինչպես այսօր, այնպես էլ տասնհինգ թվից առաջ և հետո, այն ժամանակվա և մտավորականները, և հոգևորականները, և կուսակցական, ֆիդայական զանազան գործիչները, մեծահարուստները, որոնք միշտ էլ մեծ ազդեցություն են ունեցել զանգվածների վրա, լինելով այդ ուղղորդողների դերում, իրենց մանրությամբ, իրենց չնչինությամբ պայքարելով մեծալուրջ գործիչների դեմ, որոնք իսկապես կարող էին զանգվածներին առաջնորդել դեպի Հայ ժողովրդի իղձերի իրականացում, իրենց չնչինությունը, իրենց մանրությունն ու անտարբերությունն են հաղորդել ժողովրդին, քանի որ նրանք էին պահի պատեհապաշտ <<հրամանատարները>>, նրանք էին պահի պատեհապաշտ <<հերոսները>>, ճիշտ, ինչպես այսօր․․․ Պատմությունը կարծես պատճենահանել և մեր օրեր է տեղափոխել այն ժամանակվա <<հերոսներին>>, որոնց ամբողջ գործունեության արդյունքը եղավ ցեղասպանությունը․․․ Ժողովուրդն իսկապես չկռվեց, ժողովուրդը լուռ կրեց իր խաչը՝ մինչև վերջին պահն էլ հավատալով, որ ուր որ է կգան հերոս ֆիդայինները և կլինի Հայության փրկություն․․․ Նույնիսկ իր այն ժամանակվա ժողովրդական երգերում ժողովուրդը դիմում է այդ առասպելական հերոսներին, կոչ անելով ելնել և փրկել Հայության․․․ Ինչպես այսօր, քսանհինգ տարիների ընթացքում ՀՀ իշխանությունների նպատակասլաց ջանքերով չեզոքացվեցին բոլոր մեծալուրջ մարդիկ, որոնք կարող էին առաջնորդել ազգը, այնպես էլ այն ժամանակ և միշտ, ստոր, եսասեր ու վախկոտ մարդկանց մեծաքանակ բազմությունը իր <<հաղթարշավն>> ապահովելու համար նախապես ասպարեզից հեռացրեց բոլոր իսկական առաջնորդներին, որոնցից ճառագայթող լույսի տակ առավել տեսանելի էր նրանց չնչին էությունը․․․