Մտավախություն ունեմ, որ կառավարության կողմից մենաշնորհների և կոռուպցիայի դեմ հայտարարվող պայքարը իրականացվելու դեպքում վերածվելու է կոնկրետ օլիգարխների և մի քանի պաշտոնյայի դեմ պայքարի: Բայց մատերիայի պահպանման օրենք կա՝ փողը և ունեցվածքը վերանալ չեն կարող, նրանք մեկի գրպանից գնալու են մյուսի գրպանը:
Մի ուրիշ օրենք էլ կա. ինչպես գողին բռնելով գողության չափը չի քչանում, ինչպես մարդասպանին դատելով՝ սպանության քանակը չի պակասում, հիվանդին բուժելով՝ հիվանդությունը չի վերանում, այնպես էլ կոռուպցիոներ բռնելով՝ կոռուպցիան չի քչանում, որովհետև այն սնող արմատներ ունի, որոնք կոնկրետ այդ մարդուց դուրս են:
Այնպես որ արժեհամակարգ է պետք փոխել, կրթությամբ զբաղվել, նորմալ երեխա դաստիարակել, հանրային կյանքը բարելավել, ոչ թե պայքարել այդ ամենի բացակայության արդյունքում ի հայտ եկող հետևանքների դեմ:
Փոփոխությունները, երևի թե, ճիշտ կլինի սկսել ձեր կառավարման գաղափարախոսության փոփոխությունից: