Իզուր չէր նա լրագրողներին մեկ օր շուտ խոստացել, որ հայտարարությամբ է հանդես գալու: Կարելի է ասել, վարչապետը հանրային կարծիքը յուրովի նախապատրաստում էր երեկվա հայտարարությանը: Թեպետ հնչած ձեւակերպումներն ու գնահատականները նախնական ու հավելյալ ուշադրություն հրավիրելու կարիք հազիվ թե ունեն:
Կարծում ենք, շատերը կստորագրեին Հովիկ Աբրահամյանի հայտարարության մեջ տեղ գտած բազմաթիվ գնահատականների ու ձեւակերպումների տակ: Պարզապես «շատերը», ի տարբերություն լծակների տիրապետող պաշտոնյաների, կարող են համաձայնությամբ իրենց անելիքն ավարտած համարել: Իսկ պաշտոնյաների դեպքում առավել կարեւոր են խոսքերին հաջորդող գործերն ու արդյունքները: Ինչպես տեսանք, վարչապետի երեկվա հայտարարության վերջին շեշտադրումը նույնպես դա էր:
«Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը եւ մեկ անգամ եւս անդրադառնալ հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթին: Արդյո՞ք մենք զարգանում ենք, արդյո՞ք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, արդյո՞ք ունենք մարտունակ բանակ: Պատասխանը` այո: Բայց արդյո՞ք այդ ամենը բավարար է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում եմ՝ բոլորի կարծիքը կարտահայտեմ, եթե ասեմ` ոչ:
Մենք պետք է ավելի արդյունավետ պետություն դառնանք՝ կրկնապատկելով, եռապատկելով մեր ջանքերը: Այո, մեր ռեսուրսները սահմանափակ են, բայց իմ խորին համոզմամբ, ռեսուրսների պակասը կարող է փոխհատուցվել երկու գործոնով՝ առաջինն արդյունավետ մոդելների կիրառումն է, իսկ երկրորդը՝ դրանց կյանքի կոչելու արագությունը»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը։
Այնուհետեւ նա կարեւոր նկատեց խնդիրների, լուծումների լայն քննարկումը, նշեց, որ մայիսի 14-ից պարբերական քննարկումներ են նախաձեռնում, նաեւ ընդդիմադիրների ներգրավմամբ:
Վարչապետը հայտարարության մեջ նախանշեց մի քանի կոնկրետ քայլեր եւ գործողություններ, հասկացնելով, որ դրանք նախատեսվում է իրականացնել ամենամոտ ժամանակներում.
«Առաջինը: Թեեւ մենք ունենք հաստատված բյուջե, սակայն պետք է անցնենք խնայողության առավել խիստ ռեժիմի: Պետք է ձեւավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ,- հայտարարեց Հ.Աբրահամյանն ու հավելեց:- Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները եւ այլն:
Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանը եւ կառավարության աշխատակազմին մինչեւ կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը»:
Կարելի է, իհարկե, ասել, որ գործողումների ու ծառայողական մեքենաների վրա, օրինակ, շատ ավելի վաղուց կարելի էր սկսել խնայել: Մանավանդ որ նման հիմնավորված պահանջներ հրապարակավ դրվել են կառավարության առաջ: Հատկապես ծառայողական մեքենաների պահը լրիվ «աչք է ծակում», քանզի միայն պաշտոնական հայտարարագրերով, երեւի միջինից բարձր պաշտոնյա չկա, որ անձնական օգիագործման ու բավական ներկայանալի ավտոմեքենա չունենա:
Առայժմ մի կողմ թողնելով հարցը, թե «այդ ի՞նչ միջոցներով է նա դա ձեռք բերել», մեր հասարակության սոցիալական վիճակի ու բարոյահոգեբանական միջավայրի պարագայում այդ «մեքենայատիրությունը» իսկապես էլ անամոթության նման բան է ստացվում: Դե, իսկ «պալատատիրությունն» ընդհանրապես խայտառակ պատկեր է ուրվագծում՝ երեւակվելով որպես հասարակության աչքի ցավոտ փուշ:
Վարչապետը երեկ նախանշեց եւ մեկ այլ՝ թերեւս նմանապես վաղուց սպասվող քայլ. «Երկրորդ: Պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Դա, իհարկե, մեկ օրվա խնդիր չէ, սակայն մենք օպտիմալացման նպատակով պետք է մինչեւ 2017 թվականի բյուջետային քննարկումների մեկնարկը ունենանք մանրամասն վերլուծություն: Խոսքը ոչ միայն նախարարությունների աշխատակազմերի մասին է, այլ նաեւ տարբեր ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի, առընթեր մարմինների, առանձնացված ստորաբաժանումների: Ակնկալում եմ պետական մարմինների սթափ եւ նշված հանգամանքներով պայմանավորված իրատեսական եւ էական առաջարկություններ:
Որպեսզի այդ աշխատանքները կրեն համատարած եւ համակարգված բնույթ, առաջարկում եմ փոխվարչապետին ներկայացնել վարչապետի որոշման նախագիծ՝ իր ղեկավարությամբ համապատասխան աշխատանքային խումբ ձեւավորելու մասին: Կարծում եմ, որ այս մոտեցումը կորդեգրեն նաեւ իշխանության այլ ճյուղերի մեր գործընկերները:
Ամբողջությամբ գիտակցում եմ այն հանգամանքը, որ իմ հնչեցրած առնվազն այս երկու մոտեցումների արդյունքում կարող է առաջանալ որոշակի սոցիալական լարվածություն՝ պայմանավորված պետական համակարգում աշխատատեղերի կրճատմամբ:
Բայց լինենք անկեղծ, երկար տարիներ մենք նման քայլերի չէինք գնում հենց սոցիալական լարվածություն չստեղծելու պատճառով: Սակայն այսօր Արցախի եւ Մայր Հայրենիքի առջեւ ծառացած անվտանգության խնդիրներն այլ են: Ստեղծված իրավիճակը, իսկապես, ոչ ստանդարտ է, եւ մենք չպետք է խուսափենք ոչ ստանդարտ քայլեր կատարելուց ու որոշումներ կայացնելուց»:
Սա, այսինքն՝ պետական ապարատում կրճատումների քայլը, ամեն դեպքում, որոշակի ռիսկեր է պարունակում: Պարզապես նկատենք, որ այս տարին նաեւ նախընտրական է: Եվ կարող է ստացվել այնպես, որ նման կրճատումների գնալով՝ իշխանությունները անխուսափելիորեն ստանան բողոքական ընտրազանգվածի համալրում: Ճիշտ է, փոխարենը կարող են շահել հասարակության մի մասի համակրանքը, բայց դա միայն ենթադրություն է:
«Երրորդ ուղղությունը, որտեղ ես տեսնում եմ հնարավորություն արագ շոշափելի արդյունքներ գրանցելու համար, կոռուպցիայի դեմ պայքարն է: Նախեւառաջ մենք պետք է սահմանենք երկու կարեւոր սկզբունք:
Առաջինը` կոռուպցիոն երեւույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները եւ թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված:
Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետեւություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում: Այս կապակցությամբ հանրության ակնկալիքները, ինչպես նաեւ մեր կողմից առաջարկվող լուծումների իրականացման մանրամասները ենթադրում ենք քննարկել առաջիկա հանդիպումների ժամանակ:
Երկրորդ սկզբունքը վերաբերում է շահերի բախման երեւույթին: Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին եւ պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»,- հայտարարեց վարչապետը:
Ի դեպ, կարծում ենք, որ նրա նշած երկրորդ սկզբունքի վերաբերյալ այս օրերին քիչ չեն լինի ամենատարբեր արձագանքները՝ «շահերի բախման» մեջ գտնվող պաշտոնյաների ու ոլորտների, ընկերությունների մասին նշումներով:
Ապա վարչապետն անդրադարձավ բոլորին վաղուց հոգնեցրած մենաշնորհներին՝ նկատելով, որ վերջին երկու տարիներին բազմիցս բախվել է հանրային քննադատության, թե պետությունը չի պայքարում ձեւավորված մենաշնորհների դեմ:
«Միեւնույն ժամանակ ընդունում եմ, որ կառավարությունը բավարար հետեւողական չի եղել այդ խնդրի էության ամբողջական բացահայտման հարցում եւ ժամանակին չի նախաձեռնել բաց հանրային երկխոսություն: Թերությունն ուղղելու ժամանակն է»,- ասաց Հ.Աբրահամյանը, ապա էկոնոմիկայի նախարարին եւ ՏՄՊՊ հանձնաժողովին հանձնարարեց առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունը ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա եւ առաջարկել արդյունավետ լուծումներ, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը:
Վերակազմավորված Պետեկամուտների կոմիտեին էլ հանձնարարվեց «շարունակել ակտիվ եւ հետեւողական աշխատանքներ իրականացնել՝ ուղղված բյուջեի հարկային եկամուտների ապահովմանը, ՓՄՁ-ների նկատմամբ մեղմ վարչարարության իրականացմանը, մաքսային եւ հարկային ոլորտներում ռիսկերի արդյունավետ կառավարմանը, տնտեսավարող սուբյեկտների գործունեության անհարկի միջամտության երեւույթների վերացմանը, տնտեսավարման հավասար պայմանների ապահովմանը»:
Հարկավ, կարելի է դույզն-ինչ չկասկածել, որ այս հայտարարությունը նաեւ քննադատական արձագանքների առիթ է տալու: Իսկ կանխատեսելի քննադատության մի մասի բովանդակային շեշտադրումը կլինի «հապա ի՞նչ էիք անում մինչեւ հիմա»-ի կարգի:
Մյուս կողմից, ինչ էլ ասվի, կարեւորը արդյունքն է: Թերահավատության թանձր մշուշը ցրելու ավելի լավ միջոց ուղղակի չկա: Երբ կլինեն արդյունքներ, քննադատական ու այլ արձագանքների բովանդակային շեշտադրումներն էլ կփոխվեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել