Քնելուց առաջ որոշեցի մի երկու համառոտ տող գրել ու նոր քնել: Չգրեմ այն, ինչ մտածում էի այսօր, այս պահին՝ քունս չի տանի: Ասելիք շատ կա, բայց երևի՝ հետո:
Անկեղծ՝ ափսոսում եմ Ժիրայր Սեֆիլյանին: Իսկ ավելի շատ՝ ցավ եմ զգում, որ 90-ականների՝ նախկին դաշնակցական Ժիրոյի ու ՀՅԴ որոշումով իր կողմից ղեկավարվող Շուշիի առանձնակ գումարտակի անունը լսելիս՝ թուրքերը դողում էին, իսկ հիմա՝ քիչ է մնում նրան իրենց հերոսը հռչակեն:
Ու ինչի՞ համար: Միայն նրա, որ հակաիշխանական տենդը մարդուն սխալ ուղի է մղում: Նման իրավիճակում ամեն ինչ միակողմանի է տեսնում մարդը, տեսնում է այն, ինչն ուզում է տեսնել՝ առանց հաշվի առնելու որևէ այլ օբյեկտիվ կողմ: Առավել ևս, երբ շրջապատվում է «արջի ծառայություններ» մատուցողներով:
2008թ.-ին կանգնեց գաղափարական հակառակորդ ԼՏՊ-ի կողքին, միայն նրա համար, որ փոխվի օրվա իշխանությունը: Թե ումով՝ էական չէր, միայն փոխվեր օրվա իշխանությունը: Այն հարցին, թե ինչու ես կանգնել այդ հարթակում, դու ոչ մի ընդհանրություն չունես իրենց հետ, եթե իշխանության էլ գան՝ քեզ ու քո գաղափարներին տեղ չեն տալու: Ասում էր՝ «ոչինչ, թեկուզ նստացնեն, միայն թե այսօրվա իշխանությունները փոխվեն»: Ու այդ օրերի քաոսը զսպելու փոխարեն՝ նետվեց քաոսի գիրկը:
2015թ.-ին, «100-ամյակն՝ առանց ռեժիմի» հայտարարած պայքարի շրջանակում, որոշեց երթ իրականացնել դեպի Արցախ: Արցախ, ուր այդ պահին էլի ռազմական լուրջ գործողություններ էին ընթանում: Բոլորի հորդորները, խնդրանքներն ու պահանջներն անտեսելով՝ իրականացրեց՝ լավ հասկանալով, թե ինչ է սպասվում իրեն ու իր ուղեկիցներին: Լավ հասկանալով, որ դա անպտուղ երթ է, քանի որ, իրավական ոչ մի նորմով, ԼՂՀ քաղաքացիները ՀՀ իշխանություններին ոչ ընտրողն են, ոչ էլ՝ փոխողը:
Հիմա էլ, մարքեթինգային տեխնոլոգիայով, խոսում է ապրիլյան կորցված տարածքների չափերի մասին, այն էլ՝ ոչ ճիշտ չափերի մասին, այն էլ այն դեպքում, որ որևէ գաղտնիք չկար, պաշտոնապես թե բերանացի՝ բոլորն էլ գիտեն, որ մի քանի նախկին մարտական դիրք մնաց հակառակորդի ձեռքին, բայց խոսեց այնպես, որ դարձավ ադրբեջանցիների համար «սկզբնաղբյուր իմաստնության», իսկ հայ հանրության մեծ մասի համար՝ ծաղրի, հիասթափության, զայրույթի, ցավակցության և խղճահարության օբյեկտ:
Ժիրայր ջան, չգիտեմ, թե ինչպես ես բռնազավթված տարածքի վերաբերյալ որևէ թիվ ստանում ու ինչու ես չափման նման միավոր ընտրում, բայց, հաշվի առնելով, որ կապված ես եղել ռազմական գործի հետ, ավելին՝ հենց այդ կողմերի ռազմագիծն ես գրեթե 1 տարի ղեկավարել, հիշեցնեմ, որ մեր ու հակառակորդի ռազմագծերի միջև գոյություն ունի բուֆերային տարածք, որը մի մարտական դիրքի խրամատների առջև կարող է 50 մետր լայնություն ունենալ, իսկ մեկ այլ դիրքի խրամատների առջև՝ 2,5 կիլոմետր՝ կախված աշխարհագրական դիրքից ու խզվածքներից: Հետևաբար, երբ հակառակորդը մեծագույն մասում հետ շպրտվեց, ու իր ձեռքին մնացին միայն մի քանի մարտական դիրքեր, իրենց ձեռքին մնացին նաև այդ դիրքերի ետևում գտնվոց բուֆերային հատվածները: Հետևաբար, դրանք նույնպես հաշվել գրավված տարածքներ ու ուռճացնել թվային պատկերում՝ այդքան էլ ճիշտ չի, ընկեր: Չեղած տեղից, քո շուրթերով հնչեցնելով թվեր, այն էլ՝ ոչ ճիշտ՝ երջանկացրեցիր քո դեմ պայքարող, քո երբեմնի հակառակորդ թուրք-ադրբեջանցիներին ու ջուր լցրեցիր նրանց առանց այն էլ կեղծ տեղեկատվական դաշտին:
Չեմ ուզում երկարաբանել: Ես հավատում եմ, որ դու՝ չնայած սխալ ուղիներով ես հիմա ընթանում, բայց ներքուստ լավն ես ցանկանում Քո Հայրենիքին ու հայրենի ժողովրդին: Չեմ ուզում փոշիացրած տեսնել այն մաքուր կենսագրական կապիտալը, որը վաստակել էիր 90-ականների առաջին հնգամյակի ընթացքում:
Վերանայիր, թե ովքեր են քեզ շրջապատում: Քո իրական ընկերները նրանք էին, ովքեր ապրիլի սկզբից ու մայիսյան այս առաջին երկու շաբաթում՝ մարտական հերթափոխ էին իրականացնում հենց քո նշած այս տարածքներում: Չկար մի օր, որ քեզ այնտեղ չհիշեին ու ցավով չնկատեին քո հեռանալն ակունքներից, այն ակունքներից, որից սնվել ես, կայացել ու քո ներդրումն ունեցել ժամանակին: Մի ընտրիր քաղաքական ինքնասպանության ուղին: Բայց, ի վերջո՝ քո հետագա քայլերի որոշողը դու ես, ընկեր: Ուղղակի կուզենայի տեսնել քեզ հանգստացած, ճգնած ու դարձած այն Ժիրայր Սեֆիլյանը, ում գիտեինք ու ճանաչում էինք:
Ողջ լեր: Բարի գիշեր:
Հ.Գ. Ժողովուրդ ջան, փակեք այս թեման: Մենք մեր մեջ թշնամիներ չփնտրենք, շանս տանք յուրաքանչյուրս՝ շտկելու բացթողումներն ու սխալները, պահենք մեր միասնականությունն ու ոգին, զարկ տանք մեր մտավոր կարողություններին՝ հանուն ոչ հեռու ապագա Կուր-Արաքսյան Արևելյան Հայաստանի Հանրապետության, ի փառս Հայության: