Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ, այսպես կոչված, «դեմոկրատիան» և «ազատությունները» այդպես էլ չեն նպաստում արվեստների զարգացմանը։ Ժամանակին, Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը, ով, երբեք չէր թաքցնում իր հակախորհրդային դիրքորոշումը, խորհուրդ էր տալիս դիտել «տոտալիտար» ԽՍՀՄ-ի բարձրակարգ մուլտֆիլմերն, որոնք, ըստ նրա, բարիություն և սրտացավություն էին դաստիարակում երեխաների մեջ․․․ Հետխորհրդային ժամանակաշրջանում, Հայաստանում, կարծես թե տարաբնույթ ազատությունները պետք է բերեին մշակույթի զարգացմանը, ինչը, սակայն, իրականության մեջ, իր հետ բերեց միայն մշակութային դեգրադացիայի, երբ ամեն տեսակ աղբ, «ազատությունների և իրավունքների» թմբուկը ձեռքին, մշակույթի և արվեստի անվան տակ, մատուցվեցին ազգին և արդյունքում՝ ստացանք Արևմուտքի՝ ցածրագույն շոու-բիզնեսը և Արևելքի ռաբիզ հակամշակույթը, որոնց խայտառակ բացասական ազդեցությունը զգում (և դեռ զգալու) ենք մեր ժամանակներում։ Միաժամանակ հուսադրող է այն հանգամանքը, որ, ինչպես պատմությունը վկայում է, դեմոկրատիան, առավել ևս, նրա վայրի տարբերակները, երկարատև չեն գոյատևում, և պատմության ցիկլիկ օրենքը բերելու է այն օրերը, երբ արվեստները վերելք էին ապրում, իսկ Թումանյանը, Չարենցը, Սևակը դառնում էին ժամանակաշրջանի ազգային մունետիկները։



