Ժողովուրդ, մարդիկ սկսել են քիչ գիրք կարդալ: Բայց իմ կարծիքով, եթե գրքերը ճիշտ գովազդեն, մարդիկ կսկսեն հետաքրքրվել: Այ օրինակ եթե գովազդեն ֆիլմերի նման կամ Հ1-ի սերիալների անոնսների ձայնով, մարդկանց կհետաքրքրի և կսկսեն կարդալ: Այ օրինակ սենց «Երեք ընկեր...երեք բարեկամ...բայց կյանքի արահետը նրանց տանում է տարբեր ուղիներով...ինչպե՞ս կանցնեն նրանք այդ ուղին, երբ նրանց ճանապարհին կկանգնի նարկոբիզնեսի պարագլուխներից մեկը... վախ... անորոշություն... խելահեղ պատմություններ... Կարդացեք ուղիղ կեսգիշերին, «Երեք խոզուկները կամ Նիֆ-Նիֆը, Նաֆ-Նաֆը և Նուֆ-Նուֆը հասցնում են հակահարված 2»... կամ այսպիսի մի բան «Նրան դավաճանեցին բոլորը... Նրան չէին հավատում նույնիսկ հարազատ ծնողները... Նժարի մի կողմում հարազատների կյանքն է, իսկ մյուս կողմում պատիվն ու հարգանքը... Հարցրեք ցանկացած գրադարանում «Սամվել»... Առաջին կարդացողի համար երկրորդ անգամ այն անվճար բարձր կկարդան... «Կրքոտ խոսակցություններ...կրքոտ թեմաներ...կրքոտ բացատրություններ...կրքոտ մանրամասներ...կրքոտ ճշմարտություն...Զիգմունդ Ֆրեյդի ցանկացած գրքում»... «Գիտատեխնիկական ֆանտաստիկայի սիրահարներին առաջարկում ենք նոր մի պատմություն...սերնդեսերունդ փոխանցվող գաղտնիք... Գիտնականները, ստորգետնյա կացարանում աշխատելով, տարիներ շարունակ հայտնաբերում են մի դեղահաբ, որի օգտագործումից հետո մարդը սկսում է արագ-արագ մեծանալ...մեծանալ ոչ թե օրերով, այլ ժամերով...«Սասունցի Դավիթ»... Կարդա հինգ անգամ անընդմեջ այս էպոսը և կստանաս նվեր ուղևորություն դեպի Սասուն երկու անձի համար... «Տխրություն...թախիծ...լաց...և սեր...սեր...սեր...այս դաժան կյանքը ինչպե՞ս կվարվի այդ սիրո հետ... Երկու էմոների սիրո ողբերգական պատմություն... Նոր սիրո պատմություն «Համլետ»-ի և «Լիր արքա»-ի ստեղծագործական խմբից «Ռոմեո և Ջուլիետ» գրադարաններում արդեն մայիսի 5-ից... «Սարսափների սիրահարների համար նոր սարսափ «Արյունոտ դեմքեր» և «Արագածի վառվող ոսկորները» ստեղծագործական խմբից... Բնությունը կործանման եզրին է...թմրամոլ արջեր...խաղամոլ նապաստակներ... հարբեցող փղեր... Արդյո՞ք մարդը ի զորու է պայքարել բնության խելագարների դեմ... «Վարդանանք»... Խոստանում ենք արյունալի պատմություն...նաև 3-րդ դասարանների համար... ... «Նոր ուսանողական կատակերգություն...թե ինչ է կատարվում տանը, երբ ծնողները մեկնում են հանգստանալու, և դու մնում ես մենակ...խելահեղ փարթի...զվարճանք, թմրանյութեր, պարեր, երիտասարդություն և ամենակարևորը...ալկոհոլ և կիսամերկ աղջիկներ...էրոտիկ շրջադարձներով և մերկ տեսարաններով երիտասարդական կատակերգություն «Թմկաբերդի առումը» (18+)»...
...շարունակելի...



