Աշխարհը երեխաների` մեր աչքերով, արդեն վաղուց հեքիաթ չէ, բայց մենք սիրում ենք մեր աշխարհն ու կյանքը: Մենք այն փորձում ենք վերածել հեքիաթի: Ես մեղավոր չէի… Մեղավոր չէի, որ սիրահարվեցի… Սիրեցի, նվիրվեցի ու վստահեցի նրան: Երբեմն վազում եմ օրից օր, շնչակտուր, առանց հետ նայելու: Երբեմն թիկն եմ տալիս օրվանն ու որսում նախորդների պատառիկները: Դա էլ է օր, սնդուկ-օր, երբ բացում եմ հինավուրց սնդուկն ու մեկիկ-մեկիկ հանում կյանքիս կտորները, տալիս արևին: Հուշերս շարվում են իրար կողքի, մի մասը` խունացած ու դեղնած, ուժասպառ ու անցավ, մի մասն էլ արևաշաղախ կյանքի ժանյակն են շարունակում հյուսել` նուրբ հպումներից, ինքնամոռաց երջանկությունից, անհատակ տխրությունից ու հուսահատ անզորությունից, տաք խոսքերից ու սառը լռությունից, կապտուկներից, որ հայտնվեցին սավառնելիս ու սողալիս, ծառի իմաստուն սոսափյունից ու ալիքների հոգեթով պարից, ձմռան բյուրեղյա պարզությունից ու ամառվա կրքոտ տապից: Անձրև, քամի, մթություն... Այո, հիմա գարնանային անձրևոտ գիշերներից մեկն է, և ես վերցրել եմ գրիչս ու փորձում եմ այս թղթին հանձնել այն ամենը, ինչը կուտակվել է սրտումս այս ընթացքում: Քամի, անձրև և մթություն բառերով ես ամենևին էլ չեմ փորձում նկարագրել եղանակը, ես պարզապես գրեցի 3 բառ, որոնք ամբողջությամբ համապատասխանում են իմ հոգեվիճակին... Մենակ եմ ես, այնքան միայնակ, որ երբեմն ինձ թվում է՝ չունեմ ո՛չ հարազատ, ո՛չ բարեկամ, անգամ ընկերներ և ընկերուհիներ: Կարծես չեմ գտնում իմ տեղը այս կյանքում, կարծես բոլորի կողմից մերժված ու լքված լինեմ: Ո՞վ եմ ես, ինչո՞ւ եմ ապրում, երբ չկա իմ կողքին մեկը, ում այդքան ցանկացել եմ վստահել, ում հետ ես պատկերացնում էի իմ ամբողջ կյանքը: Դրսում անձրևը դեռ գալիս է, և լսվում է, թե ինչպես են նրա խոշոր կաթիլները դիպչում տանիքներին, հատակին և ամենուր, և ամեն մի կաթիլի հետ արտասվում է նաև իմ տխուր հոգին: Օտար էիր այնքան և այնքան հարազատ, որ երբեմն թվում էր, թե ճանաչել եմ քեզ դեռ վաղ մանկուց: Դու եկար շատ հեռվից ու փոխեցիր իմ կյանքում ամեն-ամեն ինչ: Ես ատելով սերը, սիրում էի քեզ, շնչում քեզանով, ուրախանում էի, երբ դու էիր ուրախ, և տխրում էի, երբ տխուր էիր լինում:     Մոլեգնել է հոգիս, իսկ փողոցում անձրևը ոչ մի կերպ չի դադարում ու դեռ երկար կտեղա… Եվ թվում է՝ ես քեզ պետք է ատեմ, ատեմ ու անիծեմ, որ դեռ սիրում եմ քեզ... Բայց ոչ, ինչպե՞ս կարող եմ ատել մեկին, ում շնորհիվ ես հասկացա սիրո բուն իմաստը, այն մեծ խորհուրդը, որ նա կրում է իր տակ: Ախր ինչպե՞ս շնորհակալ չլինեմ քեզանից: Գալիս է անձրևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել