Tert.am-ը գրում է.Էս օրերին՝ արդեն երկրորդ ամիսն է, գրել չի լինում: Ավելի ճիշտ՝ գրելը գրում եմ՝սևագրում եմ (կինոանդրադարձներից սկսած մինչև գիտական ինչ-ինչ աշխատանքներ, ռեյթինգներ #pREVIEWS): Ասելիք չատ կա, բայց չասված՝ չհրապարակված է մնում. Tert.am-ի սյունակումս ապրիլի 2-3-ից ի վեր թարմացում չէի կարողացել անել:
Զարմանալի բան է, թե ինչպես կարող ես «պատերազմից հեռու» լինես, բայց միաժամանակ՝ էսքան «պատերազմի մեջ»: Ինչպես կարող են մուսաներդ, ամեն ինչդ տեղը լինել, կյանքդ էլ՝ աննախադեպ հոյակապ, բայց չկարենաս անել-ավարտին հասցնել էն, ինչ ամենինց շատ ես սիրում՝ «գրել-ջնջելը», ինչպես ասում եմ դրան: Սա շատ տիպիկ պատերազմական է. ինչպես մարդուն է շաբաթներով, ամիսներով հետ գցում իր պոտենցիալից ու ընթացքից, էնպես էլ հասարակություններն են տարիներով, տասնամյակներով հետ մղվում...
Մի խոսքով, ախպորս՝ Նահանգապետ Տիգրանի ճակատ գնալու մասին գրառումից դենը ինչ գրել չեմ գրել, չհրապարակված է մնացել: #ԿռիվԷԳնումԱխպերս,ԻսկԵսԳրում

Կռիվ է գնում ախպերս, իսկ ես...
Պատճառը մենակ զբաղվածությունը չէ. թվում է՝ իմ ամբողջ զբաղված կյանքում դեռ երբեք էսքան զբաղված չեմ եղել՝ նոր աշխատանքովս պայմանավորված: Շվեյցրական Կարմիր խաչում աշխտանքիս բերումով Ուկրաինայի ու Շվեյցարիայի «արանքում եմ» (իհարկե ամբողջ հոգով սրտով Հայաստանում լինելով հանդերձ): Ուկրաինա – Շվեյցարիա. Երկրներ, որոնք ոչ միայն էն ակնհայտ տարբերությունները ունեն, որ կարելի է անգամ տրամաբանորեն-կաղապարայնորեն պատկերացնել, երբ ասում ես «Շվեյցարիա» ու ասում «Ուկրաինա», այլև 2 շատ կոնկրետ հասկացությունների մարմնացում են: Շվեյցարիան բացարձակ խաղաղության ու բարեկեցության, Ուկրաինան, ինչպես գիտենք՝ պատերազմի ու ողբերգության՝ Հայաստանի պես (չնայած մեր շատ ԶԼՄ-ների անդադրում ջանքերին ցանկացած պարագայում Հայաստանը Շվեյցարիա ցույց տալ): Չէ, ցավոք մենք «Շվեյցարիա» չենք և երբեք էլ չենք եղել: Ավելի շատ «Ուկրաինա» ենք՝ լրիվ «Ուկրաինա»՝ էն առումով, որ հաշված օրերի ընթացքում մինչ էդ աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը՝ Հայաստանը ժամանակակից աշխարհի պաշտոնապես «ոչ պատերազմական երկրների ճամբարից» հայտնվել է հակառակ «ճամբարում», ինչի մասին արդեն գրել եմ : Էս ամենով հանդերձ, չի կարելի բացառել, թե մի օր մենք էլ «Շվեյցարիա» կլինեն, որտեղ զենքը միայն թանգարանային նմուշ կլինի կամ պատերազմների մասին կհիշեցնի միայն «քարկապ ընկած» թնդանոթը:

Ուզում եմ մեր գարուններն ոչ թե վառոդի հոտով լինեն,
այլ ծաղիկների, ինչպես Շվեյցարիայում
Մեր էսօրվա իրականության մեջ նման բացարձակ խաղաղությունը մի տեսակ ուտոպիա է թվում: Բայց Եվրոպայում էլ ասում են, որ վախտին ոչ ոք իրենց մոտ չէր պատկերացնի, թե, օրինակ, մի օր ֆրանսիացիք ու գերմանացիք կդադարեն պատերազմել: Էնպես որ՝ ուզում ես, շատ ես ուզում հավատալ, լավագույն երկրների օրինակով, որ խաղաղության ուտոպիան ու պատերազմի իրականությունը մի օր հնարավոր կլինի «փոխանակել»՝ նաև քո եզերքում: էս «Ժնև-Կիև արանքներում» ինքդ հասկանում եմ կարծես, ինչպես պետք է խաղաղությունից բաժին հանել պատերազմին: Մենակ էդպես է լինում: #ՄենքԵնքՄերՀաղթանակները
Դրա համար, սակայն նախ հարկավոր է ողջ մնալ քո պատերազմական իրականության մեջ, որպեսզի մի օր՝ մի 100-150 տարի հետո նման միամիտ-ուտոպիստական մտքերը ծիծաղելի կամ դաժան չհնչեն: Իսկ ասվածը, համաձայն եմ, նախևառաջ դաժան է, շատ դաժան՝ մանավանդ, եթե հաշվի ենք առնում մեր ազգային (կառավարման, թալանի, կեղծավորության, սնապարծության և շատ այլ) առանձնահատկություններ:

Ազգային այլ առանձնահատկությունները՝ պատերազմում
Բոլորս էլ գիտենք թե ինչ գնով, մենք ողջ մնացինք Քառօրյա պատերզմում (ինչպես շատ ու շատ այլ պատերզմներում):#հայիԲախտ Բայց առջևում ամենադաժանն է՝ ապրել պատերազմին: Անհայտ է՝ դեռ ինչքան, բայց ապրել, դիմանալ պատերազմին, որ ունենք Քառօրյա պատերազմից հետո և, ցավոք, դեռ երկար ունենալու ենք:

Իհարկե, կարող ենք ցնծալ, ինքներս մեզ խաբել ու մի քիչ ցրվել «Եվրատեսիլներով», էս ու էն պաշտոնյաներին «թիրախավորելով», մարզական հաղթանակներով, հաղթանակի օրերով և այլն, բայց էդ ամենով հանդերձ՝ պատերազմը, մեկ է, մնում, պատերազմը մնում է պատերազմ՝ անգամ հաղթանակների ամսում: Իրականությունը, համապատասխան լրատվությունը և «սև թղթերը», որ շարունակում ենք ստանալ, թույլ չեն տալիս, իրավունք չեն տալիս զգոն չլինել #ՍևԹղթերՍևԲաղից
Հակառակին ասում են «խրաճանք ժանտախտի ժամին»: Իսկ սա արդեն շատ երկար ժամանակ մեր ազգի նկարագիներից մեկն է դարձել: Դե, մեր կակիստոկրատիան էլ չի թողնում, որ «օրինակների» պակաս զգանք. դրա կոնկրետ ներկայացուցիչների մոտ առանձնակի լավ են ստացվում ամեն տեսակ խրախճանքները՝ ամեն տեսակ պատերազմների ժամին: Էստեղ ամենավտանգավոր բանը էն է, որ մեր ժողովուրդը նմանվի իր իշխանավորներին: Մյուս կողմից էլ երևի իշխանավորներից օրինակ վերցնելու ճանապարհին ենք, որովհետև վաղուց հասկացել ենք, որ նրանք մեզնից՝ ժողովրդից օրինակ վերցնողը չեն՝ անգամ պատերազմի ժամանակ: Համո Սահյանն էս առնչությամբ ամեն ինչ ասել է...

Իսկ ինքդ մենակ մի բան ես ի զորու ասել՝ Ֆրունզիկի հերոս Նիկոլի խոսքերով, թե էլ «չեմ կըրնա Հայաստանին սև թուղթ տամ»: Գալիս է էդ պահը, երբ զգացողություն է, թե նշածս ու չնշածս ամեն ինչի համար «փակվում ենք» մեր ամենաարժեքավոր ռեսուրսով՝ իդեալական հայի տեսակ ներկայացնող երիտասարդներով: Իսկ դա արդեն ոչ հողերի հարց է, ոչ խաղաղության, ոչ որևէ այլ վսեմ բանի, այլ ընդամենը ինքներս մեզ վերջնականապես վարի տալու՝ ու ամենևին էլ ոչ թշնամուն:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/author/15/2015344
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



