Այսօր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների պաշտպանական և իրավապահ գերատեսչությունների պատկան մարմինների ուշադրությունն եմ հրավիրում սույն թվականի մայիսի 5-ի մի հրապարակման վրա, որի հեղինակը, ինչպես ինքն է ներկայանում, ղարաբաղցի անկախ փորձագետ Մարգարիտա Քարամյանն է: Վերջինս իր ստահոդ և երևակայական ենթադրություններով փորձում է վարկաբեկել Լեռնային Ղարաբաղի ներկա իշխանություններին, սեպ խրել ԼՂՀ սահմանները պաշտպանող կանոնավոր բանակի զինծառայողների և կամավորականների մեջ՝ անվստահություն, կասկած և թշնամություն սերմանելով սահմանին կանգնած, իրենց կյանքը վտանգող հայրենիքի պաշտպանների միջև: Նման հրապարակումները միտված են պառակտում, բաժանում առաջացնել հասարակության մեջ, ստեղծել վախի, խուճապի մթնոլորտ, պարտվողական տրամադրություններ ինչպես զինանձնակազմի մեջ, այնպես էլ թիկունքում:
Տեղեկատվական պատերազմում նման հրապարակումները սովորաբար կատարվում են կա´մ հակառակորդի անմիջական պատվերով, կա´մ նրանց գործակալների միջոցով՝ թիրախավորելով և վարկաբեկելով պատերազմական իրավիճակում գտնվող երկրի բարձրագույն հրամանատարական կազմին և ստորաբաժանումների հրամանատարներին:
Այս համատեքստում անընդունելի և դատապարտելի է նաև վերջերս տարբեր լրատվամիջոցներով չստուգված և կասկածելի աղբյուրների վրա հիմնված տեղեկատվության տարածումը սահմանին առկա բազմահազարանոց ահաբեկչական բանակի մասին, ինչը ևս, կամա թե ակամա, բացասաբար է ազդում բնակչության և բանակի բարոյա-հոգեբանական վիճակի վրա:



