Բոլոր ժամանակներում մեծ գործերը՝ բարեփոխումները, արվել են արտաքին սպառնալիքի պայմաններում: ԵՄ այսօրվա անդամ երկրները չէին մոռանա իրենց միջև եղած դարավոր թշնամանքը և չէին միավորվի, եթե չլիներ սովետական սպառնալիքը, Իսրայելը երբեք չէր լինի աշխարհի թիվ մեկ երկրներից մեկը, եթե այն չլիներ թշնամական պետություններով շրջապատված և եթե ապրած չլինեին դարավոր տառապանքներ, Գերմանիան չէր լինի այն ինչ այսօր է, եթե աշխարհամարտից հետո չլիներ իրենց ոչնչանալու կամ ագրարային ազգ դառնալու վախը: Բայց կան պետություններ և ազգեր, որ նույնիսկ արտաքին սպառնալիքի պայմաններում դասեր չեն քաղում և այդպես էլ մնում են թույլ, անկայուն և չզարգացած:
Երբ տարբեր մեդիաներում շատերս գրում ենք ապրիլյան դասերի մասին և կոչ անում վերջապես ձեռնամուխ լինել բարեփոխումների, արմատախիլ անել համաճարակ դարձած կոռուպցիան, քրեական պատասխանատվության ենթարկել քայքայիչ հանգույցների «տերերին» ինկատի չունենք երկիրը դարձնենք «37 թիվ»: Ավելին, կարծում ենք, որ մասնավորին կպնել չի կարելի, տնտեսությունը պետք է պահել ու խնամել: Տնտեսությունն է բանակի թիկունքը: Ընդամենը պետք է օլիգարխներին իշխանությունից զրկելով դարձնել ձեռներեց, իսկ պետության փողերը գողացածներին ուղարկել դատարան՝ պետական համակարգում առաջ մղելով ազնիվ պաշտոնյաների (որոնք այսօր էլ շատ շատ են):
Դեմ չեմ, նախկինում էլ եղել են բարեփոխումների կոչեր և փորձեր, հավատում եմ, որ հաճախ շատ անկեղծ, բայց դրանք մեծամասամբ չեն իրականացել հենց այն պատճառով, որ հասարակությունը չի մոբլիզիացվել այդ փոփոխությունների շուրջ: Տարբեր պատճառներով:
Այսօր կա այդ հնարավորությունը, այսօր հասարակության 90%-ը մի մարդու պես պատրաստ է կանգնել առաջնորդի կողքին, ով կգլխավորի անկեղծ, բաց ու թափանցիկ փոփոխությունների գործընթած: Հասկանում ենք, որ սովետից եկած համակարգ «դավաճանելու» խնդիր կա, բայց հայրենիքը ավելի թանկ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել