Երեկվա նիստում կառավարությունը հավանություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը: Տվյալ եզրակացության համաձայն, «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները»:
Եթե ավելի պարզ, կառավարությունը հավանություն է տվել ոչ թե օրենքի նախագծին, այլ իր եզրակացությանը: Սակայն շատերը, այդ նրբերանգներին պատշաճ ուշադրություն չդարձնելով, այնպես արձագանքեցին, որ կարելի էր կարծել, թե հենց օրենքի նախագծին է հավանություն տրվել կամ անգամ արդեն ճանաչման ակտն է տեղի ունեցել:
Փաստն այն է, որ կառավարության այդ որոշումը հավելյալ պարզաբանելու անհրաժեշտություն ծագեց: Նախ, վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանմամբ հանդես եկավ, մեկ անգամ եւս կրկնելով տարածված պաշտոնական տեղեկատվությունը: «Այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին կառավարությունը հավանություն չի տվել»,- ընդգծեց վարչապետի մամուլի քարտուղարը:
Բայց անհրաժեշտություն ծագեց, որ ԱԳՆ-ն էլ հայտարարությամբ հանդես գա.
«Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության շուրջ ասեկոսեներն անտեղի են: Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը:
Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Որպես կանխատեսելի եւ վստահելի գործընկեր՝ նման կարեւոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին:
Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն իր մեջ բանականություն կգտնի եւ զերծ կմնա ապրիլի սկզբին սանձազերծած արկածախնդրության կրկնությունից: Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության գիտակցմամբ է միայն հնարավոր վերադարձնել գործընթացը բանակցային դաշտ եւ գտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրագործման արդար եւ արդյունավետ ուղին»:
Պաշտոնական պարզաբանումներն ու հայտարարությունները երկիմաստության տեղ չեն թողնում: Ամեն ինչ հնարավորինս պարզ է ասված: Ըստ էության դա բազմիցս կրկնված դիրքորոշումն է. Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը, եթե ադրբեջանական կողմը դիմի լայնածավալ ռազմական ագրեսիայի, տվյալ դեպքում՝ կրկնի կամ շարունակի ապրիլի սկզբին նախաձեռնած պատերազմական ակտիվ գործողությունները:
Արժե նշել, որ Արցախի ճանաչման վերաբերյալ այս հարցին երեկ նաեւ Ռուսաստանը արձագանքեց: Այդ երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հարցին, թե Հայաստանն արդյոք իրենց հետ քննարկե՞լ է Արցախի ճանաչման հարցը, պատասխանել է. «Ոչ դա չի քննարկվել Մոսկվայի հետ: Մենք շատ ուշադիր հետեւում ենք այս համատեքստում կայացվող որոշումներին: Եվ իհարկե, մենք շարունակում ենք ակնկալել, որ հակամարտության կողմերը չեն դիմի այնպիսի քայլերի, որոնք կարող են խախտել բավականին փխրուն զինադադարը, որն ընդհանուր առմամբ կսրի լարվածությունը Լեռնային Ղարաբաղում»:
Ավելի վաղ, խնդրին անդրադարձել էր նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ռուսական ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում նշելով. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը քննարկելուն: Չէ՞ որ դա Հայաստանը չի քննարկում: Դա երկու պատգամավորների առաջարկություն է, եւ Հայաստանի կառավարությունը, օրենքին համապատասխան, պետք է եզրակացություն տա այդ օրինագծի վերաբերյալ: Ես այժմ ահազանգ չէի հնչեցնի, եւ խուճապի որեւէ հիմք չկա:
Երբ ես Երեւանում էի, եւ հետո, երբ հեռախոսով շփվում էի իմ գործընկերոջ հետ, եւ հետո, երբ նա արդեն Մոսկվայում էր՝ ապրիլի սկզբի դեպքերից հետո, ինձ հստակ հավաստիացրել են, որ Երեւանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորմանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ընդհանուր համաձայնության կոնտեքստում, ոչ թե միակողմանիորեն»:
Նա նաեւ հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինն անձամբ է զբաղվում այս խնդրով՝ հակամարտության սրացումից ի վեր: «Ես անձամբ ու նաեւ հեռախոսով մի քանի անգամ շփումներ եմ ունեցել իմ կոլեգաների հետ: Իհարկե, այս պահին ամենակարեւորը նոր զոհերից խուսափելն է, հրադադարի խախտման ցանկացած դեպքի կանխումը եւ դրա համար կիրառելի մեխանիզմների ու միջոցների մշակումը: Այս հարցերի տակ ստորագրել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները դեռեւս հինգ տարի առաջ՝ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ»:
Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ հակամարտության քաղաքական կարգավորումը այլընտրանք չունի, եւ որքան էլ բարդ լինի, հնարավոր է վիճահարույց հարցերի լուծումները ներառել բոլորի կողմից ընդունելի փաստաթղթի մեջ:
Երեկ, լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի այդ հայտարարություններին, մասնավորապես նկատեց, որ կան շատ հստակ հատվածներ, մասնավորապես, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, ինչին Հայաստանը միանշանակ կողմ է:
«Իհարկե չկա այլընտրանք, որ պետք է ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը՝ այն, ինչի մասին ինքն ասում էր նաեւ Երեւանում, այնպես որ այդ բոլորը նորմալ է,- նշեց Շավարշ Քոչարյանը, ապա հավելեց:- Ինչ վերաբերում է բուն ճանաչման խնդրին, ապա մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից եւ նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանակ օրակարգ կմտնի»:
Ամփոփենք. Արցախի ճանաչման վերաբերյալ այս հարցում շեշտադրումը նախապայմանի վրա է: Չափազանց կարեւոր է պատճառահետեւանքային կապն ընդգծելը. Հայաստանը կարող է ճանաչել Արցախը, որովհետեւ ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի վերաբերյալ նաեւ իր ստանձնած միջազգային պարտավորությունը, դիմել է ռազմական լայնածավալ ագրեսիայի ու շարունակում է ագրեսիվ գործողությունները: Այսինքն՝ պետք է ոչ թե փորձել Հայաստանին բացատրել ինչ-որ բան կամ, առավել եւս, խոհեմության ակնարկներ անել, ինչպես, ասենք, Ռուսաստանի նախագահի խոսնակն էր փորձում, այլ ուղղակիորեն քաշել Ադրբեջանի «սանձերը»:
Ի դեպ, տարբեր մեկնաբաններ երբեմն նշում են, թե Արցախի ճանաչումը Հայաստանի «վերջին փամփուշտն» է: Չենք կարծում, թե՝ «վերջինն» է ու, դատելով արձագանքներից, «փամփուշտից» ավելի ծանրակշիռ է: Բայց ամեն դեպքում, այն պետք է առավել քան դիպուկ հասցնել «թիրախին»:
Տվյալ պարագայում Հայաստանը առավել քան պարզորոշ հասկանալ է տալիս բոլորին, որ եթե չսթափվեն ու չգիտակցեն, որ փլուզվել են իրենց դավադիր ծրագրերը եւ փորձեն իրենց «էշը քշել», ապա անխուսափելիորեն հաջորդելու են մեր քայլերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել