Այսօր Սյունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանկյան 168.am-ի հետ զրույցում նշեց, որ, հավանաբար, հունվարի 14-ին Սյունիքից պատվիրակություն կմեկնի Իրանի Ատրպատական նահանգ՝ գյուղատնտեսության ոլորտում հուշագիր ստորագրելու նպատակով:
«Առայժմ համաձայնագիր չենք ստորագրել: Համաձայն նախնական պայմանավորվածության` ամսի 14-ին գնալու ենք Իրան»,- ասաց Ս. Թանկյանը: Նրա փոխանցմամբ` պատվիրակության կազմում են լինելու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Սյունիքի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը և մի քանի գյուղական համայնքի ղեկավարներ:
Ս. Թանկյանի ասելով` երկու կողմերն էլ համագործակցելու ցանկություն ունեն: Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք Իրան կատարելիք այցից, Ս. Թանկյանը պատասխանեց. «Կա փոխպայմանավորվածություն, և պետք է սպասել, թե ի՞նչ կլինի: Իրեն (նկատի ունի իրանական կողմը.-Մ.Մ.) ցանկանում են, որ մենք իրենց արոտներ հատկացնենք, և եթե բացեն մսի վերամշակման ձեռնարկություններ, համագործակցենք իրենց հետ»:
Մարզպետարանի աշխատակցի ասելով` իրանական կողմը հետաքրքրված է ոչ միայն Հայաստանի արոտավայրերով: «Իրանական կողմը հետաքրքրված է նաև մսի որակով, որովհետև մեր մսի որակը տարբերվում է համային հատկություններով: Իրանական կողմն այսօր պատրաստ է օգնել մեր մարզին գյուղատնտեսական տեխնիկայով»,- նշեց Ս. Թանկյանը: 168.am-ի հարցին՝ արդյոք հստակեցվե՞լ է, թե ի՞նչ տարածքներ են հատկացնելու, և որքա՞ն է կազմելու արոտավայրերի վարձավճարը, նա պատասխանեց. «Այսօր մեր համայնքների մեծ մասի արոտները չեն օգտագործվում, և բոլորին ձեռնտու կլինի արոտները վարձավճարով տրամադրել: Իսկ համայնքը դրա դիմաց կունենա նոր տեխնիկա: Իսկ արոտավայրերի վարձավճարները պայմանագրային են լինելու: Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ինչքան կլինի վարձավճարը: Դա կախված է համայնքներից: Կարող է համայնք լինի, որ 1 հա-ի դիմաց վարձավճար սահմանի 4000 դրամը, մյուսը` 10.000 դրամ: Դա լինելու է պայմանագրային»:
Իսկ հարցին, թե բնապահպանական որևէ վտանգ չե՞ք տեսնում, Ս. Թանկյանը պատասխանեց. «Չմոռանանք, որ այդ տարածքները ժամանակին` սովետի տարիներին, ադրբեջանցիների կողմից օգտագործվում էին: Մենք չենք վառի չարածեցված տեղերը»:
Հավելենք, որ ըստ բնապահպանների` ոչխարների արածեցումը կարող է հանգեցնել հողերի անապատացման:
Մարինե Մարտիրոսյան