ՀԱՐՑ ՀԱՅՐ ԿՈՄԻՏԱՍ ՀՈՎՆԱՆՅԱՆԻՆ
Հարց 
-Խնդրում եմ մանրամասն բացատրեք ամենալավը ո՞ւմ կարող եմ խոստովանել իմ մեղքերը՝ Աստծո՞ւն, թե՞ հոգևորականին։
Ես ամենայն անկեղծությամբ միայն Աստծուն կարող եմ պատմել իմ մեղքերը և ամեն ինչ չի, որ կարող եմ գործածս մեղքերից պատմել հոգևորականին։ Իսկ եթե չեմ պատմում, ստացվում է, որ այդ բոլորը ես պահում եմ իմ մեջ։ Ինչպե՞ս վարվեմ, եթե չեմ կարողանում ամենայն մանրամասնությամբ պատմել հոգևորականին։ Ես միայն Աստծո հետ խոսելիս կարող եմ ասել բոլոր մեղքերս։

Պատասխան
-Ի տարբերություն մյուս եկեղեցիների՝ հայ եկեղեցում անհատական խոստովանությունը պարտադիր չէ, պարտադիր է, որ մարդ ներքուստ խոստովանի ինքն իրեն և իր Աստծուն, բայց խոստովանի ոչ թե իրեն խաբելով, այլ խորը անդրադարձով, հասկանա՝ ինչ է գործել, ինպիսին է ծանրությունը գործածի։ Խոստովանել նշանակում է կատարածիդ սխալականությունը նախ ընդունել, երբ գիտակցում ես, որ այն ինչ կատարել ես, եղել է սխալ, որ այդ պահից սկսյալ նմանատիպ արարքը քո կյանքում երբեք պիտի չկրկնվի։ Սա է խոստովանության բուն իմաստը, այլապես, եթե պիտի խոստովանես, հետո մեքենայորեն «մեղա Աստուծո» ասես, որ մի քանի օր հետո նույն սխալը կրկնես՝ անիմաստ է։ Խոստովանում են, անդրադարձով և երդվում են՝ հրաժարման գիտակցությամբ, նույնը արարքը երբեք չկրկնելու պայմանով։
Հավատացյալի համար կարևոր խնդիրը ոչ թե մեղքը պատմելն է, այլ անդրադարձը՝ ինչ եմ կատարել, ինչո՞ւ եմ կատարել և կատարածովս որքանով եմ ճիշտ իմ Աստծո և խղճի առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել