Սուրբ Սարգսի տոնը մեր ժողովրդի ամենասիրած տոներից մեկն է: Հազարավոր երիտասարդներ սրտի թրթիռով սպասում են այն ցանկալի երեկոյին, երբ պիտի ուտեն կախարդական բլիթն ու երազում տեսնեն իրենց կյանքի կեսին:
Armladies թիմը հարցում կատարեց հայտի մարդկանց շրջանում՝ իմանալու համար, թե ովքեր են պատրաստվում ուտել աղի բլիթն այս տարի:
Սիրված երգչուհի Սոֆի Մխեյանն ասում է, որ առիթը բաց չի թողնում, որովհետև տոնը հետաքրքիր խորհուրդ ունի, բայց որքանով որ հիշում է, իրեն դեռ ոչ մեկ ջուր չի տվել երազում: Սակայն այս տարի անպայման ուտելու է: Կարևորը լավ զգացողություններն ու հաճելի ապրումներն են:
2012 թ.-ի տարվա լրագրող, հմայիչ ու խելացի, Բլոգնյուզի խմբագիր Արամ Անտինյանն ասաց.
«Անկեղծ ասած՝ աղի բլիթի հրաշքին չեմ հավատում: Իհարկե, կայսեր դստեր և Սրբ. Սարգսի լեգենդը անչափ գեղեցիկ է ու գրավիչ, բայց հակված եմ այն տեսակետին, որ ապագա ամուսնու կամ կնոջ ընտրությունը ոչ թե բլիթին կամ երազին պետք է վստահել, այլ բացառապես սրտին»:
Քրիստինե Պեպելյանը խոստովանեց, որ փոքր ժամանակ մի քանի անգամ կերել է, բայց այդ երազները ոչ մի էական նշակություն չեն ունեցել: Սակայն եթե ինչ-որ բան կա, որ մարդուն կարող է դրական լիցքեր հաղորդել, ուրեմն պետք է դրան մասնակցել:
Երգչուհի Աննա Խաչատրյանը շատ է սիրում այս տոնը և համարում է, որ աղի բլիթ ուտելը գեղեցիկ ավանդույթ է: Սակայն այս տարի չի պատրաստվում ուտել: «Կյանքումս մեկ անգամ եմ կերել ու քավորիս եմ տեսել, դրանից հետո այլևս չեմ ուտի» –ասում է նա:
Լեյլա Սարիբեկյանը երբեք չի կերել աղի բլիթ, սակայն կարծում է, որ յուրաքանչյուր մարդուն կհետաքրքրի այս տոնը, քանի որ ինչ-որ հեքիաթային բան կա նրա մեջ:
«Յուրաքանչուր մարդ իր իդեալի կերպարը պահում է իր սրտի մեջ, և երբ սրտիդ մեջ երազանք կա, այն անպայման կիրականանա», - ասում է նա: Նա նշեց, որ կարևորը մարդու մեջ իր իրական սերը գտնելու հավատն է:
Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը աղի բլիթ կերել է: Նա նույնպես չի տեսել: Ժամանակին նա հավատում էր աղի բլիթի ուժին: «Մեռնելով ուտում էի, ու ամբողջ գիշեր տանջվում»,-ծիծաղելով ասում է նա: Հիմա էլ չի ուտի:
Սիլվա Հակոբյանն ամեն տարի աղաբլիթ ուտում է. «Մի անգամ կերա և երազիս տեսա, որ ինչ-որ մեկը վազում է հետևիցս: Նա ինձ ջուր տվեց, բայց դեմքը չեմ հիշում: Այս տարի էլ անպայման կուտեմ և գուցե տեսնեմ նրան», -ասում է երգչուհին: