Մարտին Բուբերը (1878-1965) գերմանաբնակ նշանավոր հրեա գոյափիլիսոփա է: Իր «Ես և Դու» երկում մտածողը խոսում է Մարդ-Աստված անմիջական հարաբերության մասին: Այն չի կարող լինել «ես-նա» անորոշ և վերացական հարաբերություն, այլ կենդանի և անձնավորված ԵՍ-ԴՈՒ շփում: Ստորև թարգմանաբար բերված է գրքի առաջաբանից մի հատված:
Աշխարհը երկվությամբ է ներկայանում մարդուն, քանի որ երկակի է մարդ-աշխարհ հարաբերությունը: Պատճառը մարդու կողմից արտաբերվող հիմնական բառերի երկվությունն է: Դրանք առանձին բառեր չեն, այլ՝ բառազույգեր: Հիմնական բառերից մեկը ԵՍ-ԴՈՒ-ն է, իսկ մյուսը՝ ԵՍ-ՆԱ-ն (անկախ «Նա»-ի սեռից): Ուստի երկվություն է պարունակում իր մեջ նաև մարդու ԵՍ-ը, որովհետև ԵՍ-ԴՈՒ հիմնական բառի Ես-ը տարբերվում է ԵՍ-ՆԱ-ի մեջ ներկայացող Ես-ից:
Այս հիմնական բառերը բխում են մարդու էությունից, սակայն ԵՍ-ԴՈՒ հիմնական բառն է միայն արտաբերվում ողջ հոգով: ԵՍ-ն առանձնաբար գոյություն չունի: Երբ մարդն ասում է ԵՍ՝ հասկանում է ԵՍ-ԴՈՒ կամ ԵՍ-ՆԱ հարաբերություններից մեկի ԵՍ-ը, և հիշատակվող երկրորդ կողմը միշտ ներկա է ԵՍ-ի մեջ: ԵՍ լինելը և ԵՍ ասելը տարբեր են իրարից, ինչպես պարզապես ԵՍ ասելը տարբերվում է հիմնական բառերից մեկը արտասանելուց: Նա, ով արտաբերում է հիմնական բառը, մտնում է հարաբերության մեջ:
ՆԱ-ի թագավորության մեջ ամեն բան անորոշ է: Երբ ես ասում եմ. «Ես զգում եմ ինչ-որ բան», «Ես պատկերացնում եմ ինչ-որ բան», «Ես ցանկանում եմ ինչ-որ բան» գործ եմ ունենում անորոշ և հեռավոր առարկայի հետ: Այլ է սակայն ԴՈՒ-ի ոլորտը: Երբ մեկն ասում է ԴՈՒ՝ չկա այլևս անորոշություն, և նա մտնում է հարաբերության մեջ:
Երեք ոլորտներ գոյություն ունեն, որոնցում կառուցվում են հարաբերությունները: Առաջին՝ կյանքը բնության մեջ. արարչությունն անցնում է մեր աչքի առջևով, բայց մենք չենք կարողանում մոտենալ և խոսք ուղղել նրան: Երկրորդ՝ կյանքը մարդկանց հետ. այստեղ հարաբերությունը բաց է և ձևակերպված խոսքի մեջ, մենք կարող ենք ասել և ընդունել ԴՈՒ-ն: Եվ երրորդ՝ կյանքը հոգևոր էությունների հետ. հարաբերությունը պատված է շղարշով, բայց հայտնվում է մեզ, համր է,՝ բայց մեզ խոսել է տալիս, մենք չենք լսում ԴՈՒ-ն, բայց այնուամենայնիվ զգում ենք, որ մեկը ձայնում է մեզ և մենք պատասխանում ենք ողջ էությամբ: Ամեն շրշյունից մենք որսում ենք հավիտենական ԴՈՒ-ի արձագանքը և պատասխանում ԴՈՒ-ով:
ԴՈՒ-ն փնտրելով չես գտնի, այն պետք է հայտնվի քեզ, սակայն ես եմ, ով հարաբերության մեջ է մտնում նրա հետ: Ուրեմն, հարաբերությունը միաժամանակ ընտրել և ընտրված լինելն է: Մեր ամբողջականությունը գտնելու համար պետք է տարրալուծվենք ԵՍ-ԴՈՒ-ի մեջ: Ես դառնում եմ ԵՍ, երբ հարաբերության մեջ եմ մտնում ԴՈՒ-ի հետ: Ամեն իրական կյանք հանդիպում է ենթադրում:
ԴՈՒ-ի հետ հարաբերությունը ոչնչով միջնորդավորված չէ, և այն փոխադարձ է: Ես ներգործում եմ նրա վրա, և նա պատասխանում է նույն կերպ: Այս ներգործությամբ պայմանավորված փոխադարձ գիտեցումն է, որ մեր կյանքը դարձնում է իրական. Cogito, ergo sum - Գիտենում եմ, ուրեմն գոյություն ունեմ: Իսկ այն մարդն, ով ապրում է միայն ՆԱ-ի հետ, նրան չի կարելի մարդ համարել...
Կարդացե՛ք գիրքը Martin Buber - I and Thou
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2013/01/blog-post_24.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել