Տատիկս ամեն անգամ հրավառության ձայն լսելուց վեր ա թռնում, հետո աչքերը լցնում. ցանկացած նմանատիպ աղմուկ իր համար ռմբակոծության հետ ա ասոցացվում: Երբ պապիկը կար, ռիսկ չէր անում լացել: Հենց վեր էր թռնում, ձեդոս խիստ հայացքով դեմքին էր նայում, գլուխը կախում էր ու քարանում:
Որովհետև ղարաբաղցուն լացել չկա: Որովհետև լացն իր ետևից էլի լաց ա բերում: Ուզում ես լաց լինել՝ թաքուն լացի, միայնակ լացի, ցավի, ոռնա, բայց չհամաձրակվես արցունքներդ ուրիշի վզով փաթաթել: Դրա համար երբ պատերազմական կադրեր էին ցույց տալիս, ձեդոն նայում-նայում էր, հետո մի պահ սենյակից դուրս գնում: Իր մահից հետո տատիկը երբեմն սկսել էր լաց լինել հրավառության ձայներից: Բայց հիմա, երբ իրավիճակը սրվել ա, ու երբ գալիս ա մեր տուն ու փորձում եմ հետը խոսել, սահմանի վիճակից պատմել, զգում եմ, որ խոսքս չավարտած սենյակից դուրս ա գալիս: Ու ես իրեն չեմ հետևում: Որովհետև ինձ պապիկիս հետ կապում ա գրելը, իսկ իրեն՝ պապիկի պահվածքը՝ անգամ էսքան տարի հետո նույն կերպ կրկնելը: Ու կան ցավեր,որոնց չի կարելի ձեռք տալ՝ եթե դրանք բուժելու ձևը չգիտես:
Պատերազմը պապիկիս դանդաղ սպանեց: Երբեք չխոսեց գյուղից փախնելու օրվա մասին, երբեք չնշեց, որ կարոտում է իր տետրերն ու դասարանները, ոչ մի օր չտրտնջաց, չբողոքեց, չպահանջեց արդարություն, չչարացավ: Բայց էդքան ցավը ներսից կերավ ու կերավ իրեն: Չլիներ պատերազմը, երևի հիմա հատակին նստած ու ծնկներին հենված էս տեքստն իր համար կարդայի: Բայց էդքան բախտավոր չեմ:
Պատերազմն ինձ համար պապիկս ա, որովհետև պատերազմն իր պահվածքի նման են հաղթում. կոնկրետ գործողություններ անելով, չնահանջելով, քայլ առ քայլ սեփականը կերտելով, ուժեղ կողմերը զարգացնելով՝ մոռանալով թույլերի մասին:
Հիմա երբ զանգում ենք մեր բարեկամներին, որոնք էլի իրենց տներից դուրս են եկել, տպավորություն է, թե պապիկիս նույն՝ խիստ հայացքի տակ են խոսում: Ոչ մի նվնվոց, դժգոհություն: Ուղղակի չոր ու ցամաք փաստերի ընկալում: Իրավիճակը սա ա: Ու լացել չկա: Որովհետև լացելու ժամանակ չկա: Ճաշ պետք ա եփվի, ծառ պետք ա ջրվի: Թե ինչ ա կատարվում ամեն մեկի հոգում հիմա՝ երևանյան իմ տաք ու հարմարավետ սենյակում նստած դժվար պատկերացնեմ: Երևի պետք էլ չի: Թե ինչքան անհանգստություն ու թաքուն ցավ կա մեր մեջ էս օրերին՝ էս հարմարավետ գոտում ապրելով հանդերձ, էդ էլ մենք գիտենք: Բայց գլխներիս հրաման կա. լացել չկա: Բողոքել չկա: Ոչինչ, դու ներքուստ կաղկանձի ցավից, բայց ժպտա, դա ցանկություն չի, դա պահանջ ու պարտականություն ա: Որովհետև դեռ ոչ մի պատերազմ սենտիմենտալ դրսևորումներով չեն հաղթել:
Улыбайтесь, господа! Սահմանի տղերքի հրամանն ա մեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել