Այս օրերին շատ ենք լսում ու ասում՝ «մեր զինվոր տղե(ր)քի ցավը տանեմ»։ Սա իսկապես հպարտանալու բան է։
Այսօր ուզում եմ խոսենք «տղա» բառի խոսակցական հոգնակի ձևերի մասին։
[1] Վաղուց նկատել ու անընդհատ արձանագրում եմ, որ շատ մարդիկ խոսակցական լեզվով անկաշկանդ միջավայրում զրուցելիս ավելի հաճախ գործածում են «տղեք» ձևը, մինչդեռ երբ հաղորդակցությունը գալիս է մի քիչ ավելի զսպված՝ հրապարակային ասպարեզ (ասենք՝ կենցաղում՝ ոչ շատ մտերիմ մարդկանց հետ, կամ էլ համացանցում), նրանցից շատ-շատերը (այդ թվում հենց նույն մարդիկ, որոնք ավելի հանգիստ միջավայրում «տղեք»-ն են գործածում) խուսափում են «տղեք»-ից և գերադասում են «տղերք»-ը։ Բայց ընդգծում եմ, այս երկրորդ համատեքստում էլ ընդհանուր առմամբ զրույցը խոսակցական ոճով է ընթանում։ Շատերին թվում է, թե «տղեք»-ը «տղերք»-ի կիսատ-պռատ, թերի, աղճատված ու անփույթ տարբերակն է, սխալախոսություն։ Ընդ որում ես սա պնդում եմ ոչ միայն ինտուիցիայիս, այլև բազմաթիվ կոնկրետ հարցումների հիման վրա։ Ասենք՝ հարցնում եմ ծանոթներիս. «Լսի, դու միշտ ‘տղեք’ ես ասում, հիմա էստեղ ինչ է թե որոշ անծանոթ մարդիկ կան, դու անընդհատ ‘տղեՐք’ ես ասում, թեև էլի որ բոլորս խոսակցականով ենք զրուցում այստեղ»։ Պատասխանը լինում է՝ «Բայց ‘տղեք’-ն անգրագետ ու գեղական ձև չի՞»։
Վճռականորեն պատասխանում եմ։ Ո՛չ, «տղեք»-ը բացարձակապես անգրագետ, գեղական, թերի կամ անփույթ ձև չէ, այլ՝ նորմալ ու գրագետ խոսակցական-բարբառային ձև։ (Այո՛, խոսակցական լեզուն էլ կարող է լինել գրագետ կամ անգրագետ): Դեռ ավելին, նրա բանասիրական կարգավիճակը դեռ մի բան էլ ավելի ամուր է։
[2] Ակադեմիական ԺՀԼԲԲ-ն «տղա» բառի համար տալիս է հոգնակիի այս ձևերը՝ տղաներ, տղերք։ Աղայանը «տղերք»-ը դնում է որպես «ժղ.»։ Ու զարմանալի է, որ «տղեք» ձևն առհասարակ չեն նշում։ Այնինչ այն բավական տարածված է բարբառային ու խոսակցական վիճակներում ու այնտեղից էլ զգալի չափով թափանցել է գեղարվեստական գրականություն՝ Պերճ Պռոշյան (բազմիցս), Հովհաննես Թումանյան, Ստեփան Զորյան, Գուրգեն Մահարի, Մուշեղ Գալշոյան և այլն։
[3] «Տղեք»-ը ոչ թե «տղերք»-ի թերի (սղված «ր»-ով) ձևն է, այլ լրիվ ուրիշ կազմություն է։ Այն ուղղակիորեն սերում է հոգնակիի հին ու ամենապարզ «տղայ-ք» ձևից՝ բոլորիս լավ ծանոթ այ > ե հնչյունական զարգացմամբ։ Արևելահայ գրական ավանդույթը, ինչպես գիտենք, ձևավորվել է Արարատյան և հարակից բարբառային տարածքների հենքի վրա։ Արարատյան բարբառում -այ-ով վերջացող բառերի հոգնակին լինում է -այ-ք > -էք, հմմտ. գյուլբէք, ճամփէք, վըգէք, փէսէք և այլն. չունենք -եր-ք բեղուն բաղադրյալ հոգնակերտ. միայն հենց մեր քննած «տղայ» բառի դեպքում է արձանագրվում երկձևություն՝ տըղէք և տըղէրք (Ասատրյան 1968, 91; Մարկոսյան 1989, 105-106): Դրա համաբանությամբ՝ նաև աղջկէրք։
[5] Հին հայերեն ՏՂԱՅ-Ք և դրանից սերող ՏՂԱՔ (որոշ արևմտահայ բարբառներում՝ յ-ի անկումով) հոգնակիները նույնպես հաճախադեպ են արդի գեղարվեստական գրականության մեջ, սակայն հիմնականում՝ հնատիպ-գրաբարատիպ կամ արևմտահայկական համատեքստներում.
ՏՂԱՅՔ՝ Մուրացան, Պերճ Պռոշյան, Ստեփան Զորյան, Վրթանես Փափազյան, Մուշեղ Գալշոյան, Խաչիկ Դաշտենց, Կարպիս Սուրենյանց ևն։
ՏՂԱՔ՝ Ռաֆայել Պատկանյան, Ռուբեն Զարյան, Ատրպետ, Վահան Թոթովենց, Գուրգեն Մահարի, Մուշեղ Գալշոյան, Նաիրի Զարյան, Դերենիկ Դեմիրճյան ևն։
[6] Քննվող հոգնակիների կարգավիճակներն ավելի լուսաբանելու համար մի երկու հայացք գցենք արևմտահայ բարբառների վրա։
Գրաբարում -այ վերջավորություն ունեցող բառերը Համշենի բարբառում հոգնակին կազմում են -նի կամ մասնիկներով, օրինակ՝ փեսայ փէսընի և փէսա̈ք, տղայ – դղընի և դղա̈ք (Աճառյան 1947, 84): Այս բարբառում «-էրք»-ով հոգնակի Աճառյանն առհասարակ չի նշում։ Կա -էր հոգնակի, բայց ո՛չ «-էր+ք» համադրմամբ, ու ո՛չ «-այ»-ով վերջացող բառերի դեպքում։ Գրաբարյան -ե- ձայնավորը Համշենում բառամիջում կտար է կամ ի, մինչդե այ երկբարբառը օրինաչափորեն արտացոլվում է որպես ա̈։ Նկատի ունենալով այս ամենը, նաև այն, որ քննվող հոգնակիում -ր-ի հետք չկա, կարող ենք եզրակացնել, որ համշենյան դղա̈ք հոգնակին արտացոլում է «տղայ-ք» նախաձևը։
Ըստ էության վիճակը նույնն է նաև այլ բարբառներում, օրինակ՝ Վանում ու Շատախում. ծառէքյ, տղըէքյ, սատանէքյ և այլն (Աճառյան 1952, 111; Մուրադյան 1962, 86, 92): Այստեղ նույնպես -եր-ք բաղադրյալ հոգնակերտ չկա, իսկ -եր-ը տվել է -յեր։ Ուստի հիմք չունենք մտածելու, թե տղըէքյ-ը սերում է †տղեր-ք-ից։
[7] Իհարկե, -եր-ք բաղադրյալ հոգնակերտը Արարատյան տղերք-ով չի սահմանափակվում։ Օրինակ՝ Աճառյանը (2003, 441, 442-443) մի այդպիսի օրինակ արձանագրում է Սվեդիայում՝ կոպ-եր-ք > գիբիրք կամ գուբիրք։
Բայց նախ սա հազվագյուտ օրինակ է։ Եվ հետո՝ -այ վերջավորությամբ բառերին չի վերաբերում։ Վերջիններս (նաև համաբանությամբ՝ թուրքերենից փոխառվածները) ունեն -ա̈ ք (< -այ-ք) և այլ հոգնակերտներ, իսկ կոնկրետ տղայ բառի հոգնակին է՝ դղաք (Աճառյան 2003, 447-449):
[8] Մեր խնդրից դուրս է խնդրի ամբողջական պատմական քննարկումը, մասնավորապես՝ -այք-ով ու -երք-ով հոգնակիների տոկոսային հարաբերակցության և աշխարհագրական տարածման հարցերը, որոնք հանգամանալից քննություն են պահանջում։ Այս փուլում միայն ընդգծեմ, որ «ՏՂԱՅՔ» (> ՏՂԱՔ և ՏՂԵՔ) հիմնաձևի կարգավիճակը, իմ կարծիքով, շատ ավելի ամուր է։ Այս են վկայում ոչ միայն նշածս ու չնշածս տվյալները, այլև պարզ տրամաբանությունը, քանի որ -այ-ով վերջացող բառերի ամենահին, առաջնային ու ՊԱՐԶ հոգնակին եղել է «-ք»-ով հոգնակին, մինչդեռ «-եր-ք»-ը սահմանափակ տարածման երկրորդային՝ ԲԱՂԱԴՐՅԱԼ կազմությամբ հոգնակերտ է։ Ու այդ «-այք»-ը բարբառների մի զգալի մասում, այդ թվում արևելահայերենի հիմքում ընկած Արարատյան բարբառում, օրինաչափորեն դառնում է -էք։
[9] ԱՅՍՊԻՍՈՎ. Խոսակցական լեզվում հանգիստ կարող ենք գործածել ոչ միայն «տղերք» հոգնակին, այլև (ես կասեի՝ ավելի վստահությամբ), առանց մտածելու, թե վերջինս «տղերք» ձևի աղճատված ու ցածրաոճ ձևն է։ Ճիշտ ինչպես վստահորեն ասում ենք՝ բալեք, երեխեք, փեսեք և այլն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել