Բարև, հայրիկ։ Ո՞նց ես։ Պապ ջան, մեր վերջին հանդիպումից անցել է մի ամբողջ 5 տարի։ Ասում են չէ՞, որ երբեմն լինում են երազներ, որ արթնանալով ամեն մի հայացքն ու հպումը մարմնիդ բոլոր բջիջների ամեն մի միլիմետրով այնպես ես հիշում, ասես իրական էր։ Հինգ տարի առաջ այդ առավոտ ամբողջ ուժով դողում էի, որովհետև, թվում էր, կողքիս էիր, իսկ իրականում հեռու էիր, շատ հեռու։ Երբեք չեմ մոռանա իմ 11-ամյա տարեդարձը, չէ՞ որ դու նորից ներկա էիր։ Դրանից հետո ամեն օր սպասել եմ քեզ, մտածել, որ կգաս, հուսով էի, որ եթե շուտ կամ երկար քնեմ, գուցե նորից հանդիպենք, բայց ոչինչ չէր օգնում, ո՛չ Նոր Տարուն էիր այցելում, ո՛չ տարեդարձիս։ Պապ ջան, մայրիկն էլ է կարոտում: Չեմ հարցնում, բայց ենթադրում եմ, որ իրեն էլ չես այցելում։ Նեղացե՞լ ես։ Պապ, հիշում եմ՝ ես 3 տարեկան էի, և մենք միասին պիտի դուրս գայինք դեռ առատ տեղացող ձնով խաղալու, բայց մինչ դու պատրաստվում էիր, մի անծանոթ պարոն կանաչ հագուստով և խրոխտ քայլվածքով ներս մտավ, հրահանգեց, որ քեզ կանչեմ, իսկ հետո դու, մայրիկը և փոքրիկ քույրիկը, որ դեռ մայրիկի ներսում էր, մտաք հյուրասենյակ։ Տեսնելով ընկերոջդ՝ գունատվեցիր և ասես մոռացար ամեն ինչի մասին։ Նա ականջիդ մի քանի բան շշնջաց ու քո հայացքը տեսնելով՝ մայրիկը ահից կամ զարմանքից դրդված մի ճիչ արձակեց եւ ուշագնաց եղավ։ Դու նրան ուշքի բերեցիր, հետո՝ նախ իրեն, ապա ինձ փաթաթվեցիր։ Քեզ փաթաթվելու փոխարեն ես «Զգաստ» հրամանը լսած զինվորի նման անշարժ կանգնել էի։ Հետո համբուրեցիր ճակատս, և ես իմ փոքրիկ թաթիկներով քեզ այնքան ուժեղ գրկեցի, ինչքան որ կարող էի։ Դու մոտեցար ընկերոջդ և ևս մի տխրադեմ հայացք գցելով մեզ վրա՝ հեռացար։ Գիտեի, որ մի բան այն չէ, բայց չգիտեի, թե ինչ...
Անցավ մի քանի օր, մայրիկը ինձ և քույրիկին իմ սիրելի գիրքը պիտի կարդար, երբ ահարկու դղրդոցն ու խլացնող ձայնը խանգարեցին մեզ։ Ես գետին ընկա և սկսեցի արտասվել։ Մայրիկն, առանց մի վայրկյան սպասելու, ձեռքիցս քաշեց, և մինչ ես գոռում էի, որ տիկնիկս հյուրասենյակում եմ մոռացել, նա ինձ քարշ տվեց խոհանոց ու հրահանգեց, որ իջնեմ ձեղնահարկ։ Ես դեռ գոռում էի, որ տիկնիկն եմ ուզում, այդ իսկ պատճառով նա հուսահատ դեմքի արտահայտությամ հետ գնաց, որ վերցնի այն։ Արդեն հետ էր գալիս, երբ մեկ այլ ուժեղ դղրդոց և մայրիկը գետնին էր, ես կատաղությունից դուրս ցատկեցի և իմ մայրիկին ու քույրիկին ցավ աատճառող երևույթի վրա գոռալով՝ շտապեցի դեպի մայրիկը, օգնեցի ոտքի կանգնել։ Մենք երեքով տիկնիկի հետ միասին իջանց ձեղնահարկ։ Մի քանի օր անցած կլիներ, բայց ձայներն ու դղրդոցները չէին դադարում, ես սարսափահար կուչ էի եկել։ Մայրիկին հարցրի, թե ի՞նչ է պատահել, և այսօրվա նման հիշում եմ, թե ինչ պատասխանեց։ Ասաց. «Պատերազմ է, բալես, պատերազմ»։ Չգիտես՝ ինչու ես մտածեցի, որ Պատերազմը մի մեծ, մոխրագույն հրեշ է ու մանկամտորեն ասացի․ «Բա հայրիկն ո՞ւր է, հենց իմանա, որ Պատերազմը մեզ նեղացրել է, նա կբարկանա, և պատերազմը վախեցած կփախնի»։ «Հա, բալես, կփախնի» բառերը իր միակ պատասխանն էին։ Հիմա եմ հասկանում, որ դու արդեն գնացել էիր, որ կռվեիր, գնացել էիր, որ մեզ պաշտպանես։
6 տարիների ընթացքում դու երբեմն գալիս էիր մեզ տեսնում և աննկատ հեռանում, իսկ դղրդոցն ու պայթող նռնակների խլացնող ձայնը սովորական օրվա մասն էին դարձել։
Իմ ծննդյան 9 ամյակն էր, քույրիկն արդեն 5 տարեկան էր, դու ևս տանն էիր, բայց ասացիր, որ պիտի արդեն գնաս, նախորդ անգամների նման համբուրեցիր ճակատս և երկար գրկելուց հետո գնացիր։ Հիշում եմ, որ վերջին խոսքերս, որ քեզ էին ուղղված, սրանք էին․ «Պապ, ես էլ քո զինվորն եմ ու քեզ օգնելու եմ՝ մեր հայրինիքը, մամային ու քույրիկին պաշտպանես»։ Դու ժպտացիր ու ասացիր, որ ես քո ամենախիզախ զինվորն եմ։ Ես հպարտ էի և երջանիկ։ Անցավ մի քանի օր ու դղրդոցներն ասես կամաց-կամաց սկսում էին դադարել, մի օր ներս մտավ քո այն հին ընկերը, սպիտակ կտորներով փաթաթված, բայց միևնույն ժամանակ արյունաշաղախ։ Նա մոտեցավ մայրիկին, գրկեց նրան և հուզմունքի մեջ խորտակված հազիվ լսելի ձայնով ասաց․ «Նա հերոս էր, հերոսաբար էլ գնաց, փրկեց լիքը ջահել տղերքի»։ Մաման սառեց ու չնայած արցունքները ողողել էին աչքերը, ես ոչ մի ծպտուն չլսեցի, ոչ ոք չէր խոսում։ Ընկերը մոտեցավ ինձ ու վրաս կպցնելով քո բազմաթիվ շքանշաններից մեկը՝ ասաց․ «Հայրիկդ ասաց, որ հպարտանում էր իր ամենաարի զինվորով»։ Ես փոքր էի, բայց բավականաչափ մահ էի տեսել, որ չհասկանայի՝ ինչ էր պատահել։ Ես փորձեցի ինձ զինվորի նման պահել, բայց կեղծ քաջություն արտահայտող իմ դեմքի վրայով արցունքները առանց իմ թույլտվության ներքև վազեցին։
ՊԱՊ, հիմա նայում եմ շուրջբոլորս ու ամեն տեղ քեզ եմ տեսնում, երբ մի նոր գեղեցիկ շենք են կառուցում կամ մի դուրեկան հրապարակ, քեզ եմ շնորհակալություն հայտնում, որ կռվեցիր, որ պահենք այս ամենը։ ՊԱՊ, մահիցդ մեկ շաբաթ հետո Պատերազմն ավարտվեց, բայց այն մանուկի պատկերացրած հրեշը այդպես էլ չմեռավ և մնաց իր սրտում՝ տանելով ամենաթանկ բանը, որ ուներ՝ իր ամենասիրելի հերոսին՝ ԻՐ ՀԱՅՐԻԿԻՆ։ Հիմա ամեն ինչ շատ փոխվել է: Քույրիկը մեծացել է, երբեմն քեզնից է հարցնում, երբեմն սկսում զառանցել, որ հետ կգաս, բայց ես ուղղակի լռում եմ, որովհետև չնայած կարծում էիր՝ քաջ եմ, սիրտ չունեմ, որ անընդհատ կրկնեմ նույն ատելի ճշմարտությունը։ Վաղը առավոտյան երկրորդ ծննդյանս տարեդարձն է, որի օրվա ընթացքում մոտդ չեմ գա, ոչ թե որովհետև չեմ ուզում, այլ որովհետև մենք Երևանում ենք։ Պապ, մի՛ նեղացի, բայց ո՛չ ես էի դիմանում, ո՛չ էլ առավել ևս մայրիկը։ Ամեն օր հետևում եմ, որ դեղերի մեծ խուրցը խմի։ Հա, նա հիվանդ է, հիվանդ քեզանով, չի լավանում, որովհետև չկաս. երբեմն գիշերը կողքի սենյակից լսում եմ, թե նա ինչպես է հոնգուր-հոնգուր արտասվում։ Ատում եմ ինքս ինձ այդ պահին, որ փոխել որևէ բան անկարող եմ...
Ղարաբաղում հիշողությունները չափից շատ են, ամեն առավոտ տնից դուրս գալուց տեսնում էինք պատերազմից փրկված շենքերը, որոնց վրա մնացած փամփուշտների հետքերը նորից ու նորից հետ են բերում կրակոցներից ու պայթյուններից առաջացած ահարկու ձայնն ու անմոռանալի խառնաշփոթը։ Պապ, դու գնացիր ու քեզնից մեզ մնաց մի նկար, մի գերեզմանաքար ու մի հայրենիք։ Երեկոյան նայելով հրապարակում անցուդարձ անող երիտասարդներին ու մանուկներին՝ ես անընդհատ երկինք նայելով շնորհակալություն եմ հայտնում քեզ։ Քեզ ու մնացած բոլոր տղերքին, ովքեր վախվորած լակոտների պես չփախան, այլ մեր հայկական սարերի նման քաջաբար կանգնեցին: Ոմանք ասում են՝ տղերքն ընկան, որ պաշտպանեն մեր հայրենիքը, բայց ես չեմ հավատում, որ դուք ընկաք, ձեր նմանները չեն ընկնում, դուք անսասան կանգուն եք իմ ու իմ նմանների հուշերում, հոգում ու սրտում։ Այսօր, երբ տեսնում եմ, թե ինչպես են երիտասարդները լքում իրենց գեղեցկադեմ հարսիկների արցունքոտ աչքերն ու գնում ծառայելու, մտածում եմ՝ գուցե ավելի լավ կլիներ, որ չգնային, հետո հիշում եմ, որ մի օր էլ դու մեզ թողեցիր, որ նրանք ապրեն։ Նրանք գնում են, ծառայում իրենց հայրենիքին ու հետ գալիս սիրուն ծառայելու, իսկ իմ հիստերիայի արդյունք դարձած անսանձ բառերը քամին խորտակում է, որ ոչ ոք չիմանա, թե ինչքան եմ ատում զենքը, որովհետև հոգուս խորքում համոզված եմ, որ պետք եղած դեպքում առանց վարանելու ինքս զենքը կրծքիս կպայքարեմ այն նույն հրեշի դեմ, որին դու ոչնչացնում էիր տարիներ առաջ........
Հեղինակ՝ Ի․Մ․
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=488424967867499&set=a.410294182347245.86870.209324585777540&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել