Ցեղասպանությունն ահավոր ոճիր է: Եթե ուշադիր հետազոտենք համաշխարհային պատմությունը, ապա բացի բոլորին հայտնի ցեղասպանությունների պատմական նախադեպերից, «կհայտնաբերենք» մի այդքան էլ, եթե ոչ ավել ցեղասպանությունների չհանրայնացվող փաստեր:

Դարեր շարունակ «ցեղասպանությունները» եղել են քաղաքական գործելաոճ ինչպես Ասիայում, Մերձավոր Արևելքում, այնպես էլ ինչու չէ նաև Եվրոպայում, Ամերիկայում: Մարդկանց տարբեր ժամանակահատվածներում ոչնչացրել այն պատճառով, որ նրանք պատկանում են այլ ազգի, ունեցել են մաշկի տարբերվող գույն, կրոնական այլ համոզմունքներ և այլն:

Բնականաբար մեր նման ազգերն առավել շատ են տուժել ցեղասպանություններից: Անցնելով պատմական բարդ ճանապարհ՝ նոր ժամանակներից ի վեր, մեր ազգի մի զգալի մասի ու նաև ներկայումս գոյություն ունեցող պետության քաղաքական պատմությունը գործնականում ցեղասպանության չենթարկվելու, մեր ազգի նկատմամբ նախկինում տեղ գտած նման հանցագործությունները ժխտողների դեմ պայքարի ճանապարհ է դարձել: Այսինքն մեր ազգի ու պետության պատմական ուղում «ցեղասպանություն» բառը մի զգալի մասով ուղեկցել ու ուղեկցում է մեզ:

Ինչպես նոր, այնպես էլ նորագույն շրջանի և արդի շրջանի մեր քաղաքական պատմության մեջ մենք միջազգային իրավունքի ու ինստիտուտների միջոցով ուզում ենք աշխարհին համոզենք, հիմնավորենք, փաստարկներ բերենք, որ մեզ էլ են ցեղասպանել: Իսկ աշխարհը տարբեր նկատառումներից ելնելով վերջնական դատավորի կեցվածքով երբեմն «բաշխում», երբեմն «չի բաշխում» մեզ՝ «այդքան ցանկալի ու մեզ համար կարևոր ցեղասպանություն» տերմինը: Մենք ասում ենք աշխարհին ճանաչիր ու դատապարտիր որ այլևս դա չկրկնվի, մինչդեռ վերջին մի քանի տարվա մեջ Իրաքում բոլորի աչքի առջև ու միջազգային ազդեցիկ ինստիտուտների բացահայտ գիտությամբ ոչնչացնում ու ցեղասպանում են եզդիները: Չմոռանանք Սուդանում տեղի ունեցող դեպքերը:

Աշխարհը մի շարք ցեղասպանություններ է ճանաչել, բայց դա ամենևին չի նշանակում, որ դրանով մենք՝ առնվազն այս պահին ունակ ենք կանխարգելել այդ մեծագույն հանցագործությունը: Մեծ հաշվով շատ-շատ պետություններին հետաքրքիր չէ, թե ում և որտեղ են ցեղասպանում: Դա է քաղաքականության աքսիոմներից մեկը:

Սակայն նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո մեր հոգեբանության ու հատկապես մեր երիտասարդների մտքի մեջ ինչ-որ բաներ են փոխվել: «Զոհ»-ի սինդրոմը կարծես իր տեղը զիջել է այլ մտածողությանը: Դրա վառ ինդիկատորներից էր նաև այս տարվա «Ավրորան» ու մենք կարծես թե վերջապես հասկանում ենք, որ մեզ համար ոչ թե կարևորը պետք է լինի Օբամայի կամ ԵՄ առաջատար երկրների ճանաչումը, այլ այն, որ աշխարհում ոչինչ չի փոխվել: Սակայն մենք ենք փոխվել: Ու դա է ամենից կարևորը:

Եթե կարիք լինի մեր հարևաններն առիթը բաց չեն թողնի մեզ ցեղասպանելու, իսկ դրա դեմ մեր հիմնական փաստարկը ոչ այնքան պետք է միջազգային իրավունքը կամ միջազգային հանրությանն ուղղված կոչերը լինեն, այլ այն, որ ուղղակի թույլ չտանք, որ մեզ ոչնչացնեն: Թույլ չտանք զենքով, մտքով, մրցունակ լինելով, ներքին ինքնամաքրմամբ, անկեղծությամբ ու քաղաքական կամքի առկայությամբ:

Պատմությունը, քաղաքականությունը, շահերը երբեք չեն փոխվում: Ու դա գիտակցելով պետք է լինենք առավել ուժեղ, քանզի միայն ուժեղին չեն ցեղասպանում....

Հ.Գ. Ապրիլին խրամատում կանգնած տղան այս ամենը շատ լավ հասկացավ ու հաղթեց. հիմա մեր հերթն է....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել