Lragir.am-ը գրում է․
Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

Ինչպե՞ս եք գնահատում Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։ Նա անդրադարձավ Կազանյան փաստաթղթին՝ նշելով, որ հայկական կողմը դեմ չի եղել այդ փաստաթղթին:

Ակնհայտ է, որ Ռուսաստանն ունի շատ կոնկրետ շահեր և դրանք ուզում է իրականացնել: Ռուսաստանն ուզում է, որ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ: Ռուսաստանում հասկանում են, որ Ադրբեջանը որևէ քայլ կանի, եթե Մոսկվան ստիպի կամ համոզի Հայաստանին լուրջ զիջումների գնալ: Ես կարծում եմ, որ ինչ-որ չափով Ռուսաստանը պլանավորում էր մեզ համոզել կամ ճնշել, չեմ ասում շատ ուժեղ, քանի որ սա շատ նուրբ հարց է։ Այլ թեմա է, թե ինչու Ռուսաստանը չի ուզում շատ ուժեղ ճնշել, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ ճնշում կգործադրեր: Իսկ ինչո՞ւ ճնշում չգործադրեց. առաջին պատճառն այն է, որ մեր բանակը, մեր զինվորները կարող են լուրջ հակահարված տալ թշնամուն, երկրորդ՝ պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանում և Արցախում համախմբումը շատ արագ և արդյունավետ եղավ: Պետք է հասկանալ, որ այդ համախմբումը լուրջ գործոն է աշխարհի համար: Համախմբվեց ամբողջ Հայաստանը, Արցախն ու սփյուռքը, Հայաստանի ներսում համախմբվեց իշխանությունն ու ընդդիմությունը: Երրորդ՝ Հայաստանում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, այդ թվում՝ Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ: Ակնհայտ էր, որ Մոսկվան դրանից մտահոգված էր: Նաև մտահոգված էր, որ փորձագետները, քաղաքական գործիչները վերլուծում և քննադատում էին Ռուսաստանի քաղաքականությունը: Այս երեք գործոններն իրենց գործը կատարեցին, և եթե կային Հայաստանին ճնշելու մտադրություններ, դրանք հանվեցին։ Լավրովի ասուլիսից դա պարզ դաձավ: Նշվեց, որ ամենագլխավորը հիմա վստահության մթնոլորտի ստեղծումն է, որից հետո կարելի է քննարկել նաև բանակցային հարցեր կապված ինչ-որ փաստաթղթերի հետ: Իսկ վստահության մթնոլորտի ստեղծում ասելով նկատի ունեն դիպուկահարների դուրսբերում, միջադեպերի վերահսկում:

Այս փուլում բեկումնային լուծում հնարավո՞ր է, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից չկա նման ցանկություն, հայկական կողմն էլ իր դիրքորոշումն ունի:

Ես միշտ կողմնակից եմ բանակցություններ վարելուն: Ես այն մարդն եմ, որ ասել է՝ եթե խելքին մոտ բան են առաջարկում, նույնիսկ կարելի է փոխզիջման գնալ, բայց այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հիմա տեղին չէ նման բաների մասին խոսելը: Իրոք, «ոչ մի թիզ հող» բանաձևը գերակշռում է հենց այն պատճառով, որ Ադրբեջանը փորձեց նորից Ղարաբաղի հարցը լուծել հայաթափման միջոցով, նաև այն փաստը, որ հայերի հանդեպ խոշտանգումներ կիրառվեցին, տեսանք, թե ինչպես վարվեցին մեր զինվորների մարմինների հետ: Այդ ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ քաղաքակիրթ երկխոսության: Ես չեմ խոսում ողջ Ադրբեջանի մասին, բայց գործող իշխանությունները պատրաստ չեն լուրջ քննարկումների և քաղաքակիրթ մակարդակով խնդիրները քննարկելու: Հետևաբար այսօր տեղին չէ խոսել փոխզիջումների մասին, տեղին է խոսել վստահության մթնոլորտը զարգացնելու մասին: Դուք կարող եք ասել՝ պատերազմ է, բայց ռազմական հանցագործությունները ներում չունեն: Կարծես թե բանավոր զինադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց ամեն օր նրանց դիպուկահարները կրակում են, վիրավորում ու սպանում են մեր զինվորներին: Այդ ֆոնին խոսել զիջումների, ինչ-որ տարբերակների մասին՝ ուղղակի անտեղի է: Հիմա տեղին է խոսել դիմուկահարներին հետ քաշելու, Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցային գործընթացում ներգրավելու մասին, եթե սկսվի բանակցային գործընթաց:

Այսինքն՝ այս փուլում հնարավո՞ր է բանակցային գործընթացն ընդհանրապես չսկսվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ ցանկությունները:

Այո, դա ակնհայտ է, և տրամաբանություն ունեցող ցանկացած մարդ դա պետք է հասկանա:

Ռուսաստանը կարծես փորձում է իր ձեռքում կենտրոնացնել ԼՂ խնդրի կարգավորումը: Սա իր մեջ ի՞նչ վտանգներ է պարունակում:

Այդտեղ իսկապես վստանգներ կան, որովհետև Ռուսաստանն ունի իր շահերը և շարժվում է այդ շահերով: Մենք անընդհատ պետք է պայքարենք, որ մեր շահերը համադրվեն Ռուսաստանի շահերի հետ: Նույնիսկ եթե այդ շահերը ինչ-որ տեղ չեն համընկնում, պետք է Ռուսաստանի հետ աշխատենք, որ այդ շահերը մոտենան: Այսօր ես չեմ տեսնում, որ մեր շահերը կտրուկ տարբերվում են Ռուսաստանի շահերից՝ ռուս-թուրքական հակամարտության համատեքստում, բայց, օրինակ, քանի որ Ռուսաստանը շատ է ուզում, որ Ադրբեջանը մտնի ԵՏՄ, Մոսկվան կարող է փորձել մեզ համոզել զիջումների գնալ: Բայց վերը վերված գործոնների առկայությունը չեզոքացրեց այդ վտանգը:

Նախ, Ադրբեջանը չի էլ ուզում մտնել ԵՏՄ, չի էլ կարող, որովհետև այդ երկրի տնտեսությունը ամբողջությամբ կողմնորոշված է դեպի արևելք և արևմուտք, ոչ թե կապված է Ռուսաստանի հետ: ԵՏՄ մտնելը կքանդի նրանց տնտեսությունը, էլ չեմ, խոսում նավթի գործոնի մասին: Այստեղ նրանք ոչ մի ընդհանրություն չունեն Ռուսաստանի հետ, հաշվի առնելով, որ նրանք իրենց տնտեսությունը շատ ուժեղ կապեցին Արևելքի (Չինաստան, Ղազախստան), նաև Թուրքիայի հետ: Երկրորդ՝ նրանք իրենց նավթն ու գազը վաճառում են հիմնականում եվրոպական երկրներին: Դա է նաև պատճառը, որ Ռուսաստանը կտրուկ չի պաշտպանում Ադրբեջանին:

Բայց ՀՀ իշխանությունները կարծես Ռուսաստանի հետ ոչ թե աշխատում են, այլ ավելի շատ շողոքորթում են:

Մեր իշխանությունների գործունեությունը շատ ենք քննադատում: Ռուսաստանի հետ պաշտոնական քաղաքականության մեջ մեր գլխավոր թերությունն այն է, որ ինչ ռուսներն առաջարկում են, մենք հեշտությամբ համաձայնում ենք: Այսինքն՝ այդ հարաբերությունները գործընկերային չեն, և ՀՀ իշխանությունները պետք է հրաժարվեն այդ ոճից: Պետք չի Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ մտնել, պետք չի դեմարշներ անել, բայց պետք է աշխատել որպես գործընկերը գործընկերոջ հետ, պետք է աշխատել էլիտայի հետ, պատգամավորները պետք է հանդիպեն: Միայն այդ դեպքում դու Ռուսաստանի համար կլինես գործընկեր, ոչ թե վասալ: Պետք է հարգել գործընկերոջը, ոչ թե ամբողջ էներգետիկան ու անվտանգությունը տալ Ռուսաստանին: Համագործակցությունը և ամեն ինչ Ռուսաստանին տալը տարբեր բաներ են: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել