Եթե դիվանագիտական բարդ տերմինները դնում ենք մի կողմ ու հետևում ենք վերջին 25 տարվա դեպքերին, ապա տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ունի մեկ հիմնական հարց՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
Ըստ իս՝ ամենամեծ դժվարությունը հենց սա է։ Ադրբեջանի ոչ մի պաշտոնյա, քաղաքական ոչ մի կուսակցության ներկայացուցիչ, գուցե նաև՝ ոչ մի ադրբեջանցի վերջին 25 տարում չի ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
Ըստ այդմ՝ խնդրի լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ադրբեջանական հասարակությունը կկարողանա հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չպետք է լինի։ Քանի չկա այս ընկալումը, ոչ մի ուրիշ բանի մասին խոսելն իմաստ չունի։
Ենթադրում եմ նաև, որ Ադրբեջանի հակահայկական քարոզչության նպատակը հենց այդ ընկալման ձևավորումը թույլ չտալն է։ Որովհետև նրանք շատ լավ հասկանում են, որ ժամանակի ընթացքում ադրբեջանցիները կարող են սկսել համակերպվել Ղարաբաղը կորցնելու մտքի հետ։ Սա է նաև սահմանային միջադեպերի, գնդակոծությունների պատճառերից մեկը՝ թույլ չեն տալիս, որ թշնամությունը մարի, թուլանա։