Lragir.am-ը գրում է.
Հայաստանի կարեւոր ազդակները ՆԱՏՕ-ում
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուի հետ եւ քննարկել Արցախի հակամարտության գոտում քառօրյա պատերազից հետո ստեղծված իրավիճակը, ներկայացրել Ադրբեջանի ագրեսիան, պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի կատարած միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները:
Դավիթ Տոնայանը հանդիպման ընթացքում արել է բավական ուշագրավ հայտարարություն, որ մեջբերված է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: Տոնոյանը հայտարարել է, որ անհնար է ռազմական ուժով կասեցնել Արցախի ինքնորոշման իրավունքը: «Վերահաստատվել է, որ համայն հայությունը մոբիլիզացված է և բոլոր միջոցներով կպաշտպանի այդ իրավունքը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնապաշտպանվելու և բարելավելու իր անվտանգության միջավայրը», նշվում է հաղորդագրության մեջ:
Փաստացի, աշխարհքաղաքականության եւ միջազգային անվտանգության շատ կարեւոր հարթակում կատարվում է Արցախի հարցի վերաբերյալ հետպատերազմյա շատ կարեւոր արձանագրում՝ Արցախի ինքնորոշման իրավունքի արձանագրումը: Փաստացի դա կատարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի լուռ ունկնդրությամբ, ինչը նաեւ վկայում է, որ այդ արձանագրումը կատարվում է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի շուրթերով, բայց Հայաստան-ՆԱՏՕ համատեղ մակարդակով:
Այդպիսով, փաստացի տեղի է ունենում ադրբեջանական ագրեսիայի զսպման հարցում հայկական զինուժի գործողությունների միջազգային ճանաչում անվտանգության կարեւորագույն հարթակում:
Հատկանշական է երկու հանգամանք՝ «հայության մոբիլիզացիայի» ու «անվտանգության միջավայրը բարելավելու» շեշտադրումը:
Այդ հայտարարություններն անշուշտ բազմաշերտ են, եւ ընդգծվում է մի կողմից ռեսուրսային ահռելի բազան՝ «համահայկական մոբիլիզացիա», մյուս կողմից նաեւ մարտավարական եւ ռազմավարական նպատակների ծավալը՝ «անվտանգության միջավայրի բարելավում»:
Ի՞նչ է դա ենթադրում, արդյոք այդ հարցում ՆԱՏՕ-ի աջակցություն, որի համար հյուսիսատլանտյան դաշինքը պարզապես հավաստիացել է Հայկական զինուժի գործնական տրամադրվածության հարցում եւ ստացել բավական կարեւոր ազդակներ:
Իրավիճակն իսկապես նուրբ է: Բանն այն է, որ քառօրյա պատերազմը դադարել է այն կետում, որտեղ հայկական զինուժն անցել էր հակագրոհի եւ վերականգնում էր ադրբեջանական հանկարծակի եւ մասշտաբային գրոհի հետեւանքով կորցրած դիրքերը, փաստացի թեկուզ մի քանի հարյուր մետրով, բայց խախտված ստատուս-քվոն: Եվ այստեղ անկասկած նշանակություն է ունեցել Հայաստանի քաղաքական-դիվանագիտական իշխանության գործոնը: Մինչ զինուժը կռվում էր ճակատում եւ վերականգնելով կորցրածը՝ խուճապի էր մատնել հակառակորդին, ստեղծելով առավել լուրջ եւ հեռանկարայաին խնդիրներ, կամ այլ կերպ ասած «անվտանգության միջավայրը բարելավելու» հնարավորություն, զինված ուժերի թիկունքում, եւ հենց նույնիսկ զինուժի անունից՝ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետով Մոսկվայում կայացվում է կրակի դադարեցման համաձայնություն: Այդպիսով, փաստացի իրավիճակը կասեցվում է կրկին «օդում կախված» կետում, ինչը պահպանում է տարածաշրջանային անվտանգության խնդիրն անկայունության բավական բարձր մակարդակում:
Խոշոր հաշվով, Հայաստանն այստեղ գործ ունեցավ մի բավական տհաճ իրողության հետ՝ իրական դաշնակիցների բացակայություն, ինչի հետեւանքով ֆորմալ դաշնակիցը կասեցրեց հայկական շահի եւ անվտանգության հնարավորինս լիարժեք վերականգնման եւ սպասարկման գործընթացը:
Եվ ներկայում քառօրյա պատերազմի այդ անցուդարձն առավել քան ակնհայտ է դարձնում, որ հայկական զինված ուժերն այդ կարեւոր խնդիրներն առավելագույն արդյունավետությամբ եւ հնարավորինս երկարաժամկետ լուծելու համար ունեն իրական դաշնակիցների կարիք, ովքեր իրապես շահագրգռված են Կովկասի կայունությամբ եւ տարածաշրջանային ազդեցության հեռանկարներն ու պատկերացումները հիմնում են հենց կայունության, ոչ թե հակառակի վրա, ապավինում են անվտանգությանը, ոչ թե սպառնալիքին ու շանտաժին:
Այդ դիրքերից հանդես է գալիս Եվրատլանտյան հանրությունը, որը ներկայացնում է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրման գաղափարը, ինչը սակայն մերժում է Բաքուն եւ որեւէ կերպ չի աջակցում Ռուսաստանը: Եվրատլանտյան միջավայրում անկասկած լավ պատկերացնում են, որ արցախյան ստատուս-քվոն այն անվտանգության բարձիկն է, որը թույլ չի տալիս ամբողջանալ «թյուրքական» գլխացավանքին, որի փաստացի մաս է դարձել նաեւ Ռուսաստանը, ինչի վկայությունը հենց դրա եվրասիական նախագծերն են, որտեղ անցնում են առավելապես թյուրքական նախաձեռնությունները:
Բրյուսելում՝ միջազգային անվտանգության համակարգի փաստացի կենտրոնակայանում, Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալը փաստացի հաղորդում է կարեւոր քաղաքական ազդակներ, որոնք կարող են լինել արցախյան միջավայրում անվտանգության եւ կայունության վերականգնման հարցում խորքային ռազմա-քաղաքական գործընկերության հիմք Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ:
Այստեղ բացարձակապես չկա հնարավոր անդամության կամ որեւէ այլ այդօրինակ խնդիր, ինչով կարող է փորձ արվել նենգափոխել գործընկերության հեռանկարը: Դրա կարիքը չունեն թե Հայաստանը, թե ՆԱՏՕ-ն: Կովկասում այդ հարցում ՆԱՏՕ-Վրաստան խողովակը լիովին բավարար է: Հայաստանը դա կոնկրետ եւ առարկայական ռազմա-քաղաքական գործընկերության հարթակն է, որովհետեւ այստեղ է անվտանգության խնդրի լուծման հրամայականը:
Այդ իմաստով, «համահայկական մոբիլիզացիայի» ակնարկն ըստ երեւույթին նշանակում է, որ հայկական զինուժն ունի հանրային առելի աջակցություն եւ հետեւաբար վերջին հաշվով լեգիտիմ են այդ հարթության վրա կայացված որոշումները, ոչ թե քաղաքական-դիվանագիտական գործարքները զինված ուժերի թիկունքում: Անվտանգության միջավայրի բարելավման ազդակն ըստ երեւույթին վերահաստատում է, որ հայկական զինուժը ստանձնում է պատասխանատվություն սահմանն ամբողջությամբ վերականգնելու հարցում, եւ դա գուցե ակնարկ է, որ կրակի դադարեցման առկա որոշումը չի տեղավորվել զինված ուժերի ռազմավարության շրջանակում կամ չի կարող ընդունելի լինել երկարաժամկետ իմաստով:
Միաժամանակ, անվտանգության միջավայրի բարելավում ձեւակերպումը կարող է ունենալ նաեւ ուշագրավ ենթատեքստ ոչ միայն զուտ դիրքային վերականգնման, այլ նաեւ անվտանգության ապահովման միջոցների ռեսուրսային բազայի տեսանկյունից: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հայկական կողմն այստեղ ունի բաց, որը լրացվել է պարզապես զինվորների եւ սպաների բարձր մարտունակության եւ խիզախության շնորհիվ: Եվ այստեղ իհարկե հարց է առաջանում, թե արդյոք Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ աշխատանք է սկսել անվտանգության միջավայրի հենց այդ ասպեկտով բարելավման՝ այսինքն դիրքերի ռազմատեխնիկական հագեցման ուղղությամբ, ինչի համար էլ հնչել են քաղաքական կարեւոր ազդակները՝ որպես հավաստիացում, որ այդ հարցում էլ հայկական զինուժը կարող է լինել հուսալի գործընկեր միջազգային անվտանգության շղթայում: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/comments/view/131561#sthash.gOJR56xK.dpuf
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/comments/view/131561
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել