Հայաստանը զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ ունի: 2015 թվականին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է շուրջ 1 միլիոն 192 հազար: Վերջին հինգ տարիներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 9 տոկոս:

Զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի տնտեսության մեջ առավել դինամիկ զարգացող ճյուղերից է, սակայն Հայաստանը ամբողջ ծավալով չէ, որ օգտվում է ընձեռված զբոսաշրջային հնարավորություններից:

Զբոսաշրջության զարգացումը պետական հոգացության կարիք է զգում, ուստի ոլորտի զարգացումը խթանելու նպատակով գործադիրը հաստատել է «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016 թվականի ծրագիրը` պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 188 միլիոն 400 հազար դրամի չափով, և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը: «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2016 թվականի ծրագրով նախատեսվում է համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի առավել ակտիվ մարքեթինգ և խթանում: Կապահովվի առավել ներկայանալի մասնակցությունը հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներին, կկազմակերպվեն օտարերկրյա լրագրողների և մասնագետների ճանաչողական այցեր Հայաստան:

Պետք է նշել նաև, որ 2016թ-ին կշարունակվի պետական աջակցությունը Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) հետ համագործակցության շրջանակներում Երևանում Զբոսավարների միջազգային կրթական կենտրոնի գործունեությանը` նպաստելով միջազգային չափանիշներին համապատասխանող, բարձրակարգ զբոսավարների պատրաստմանը և վերապատրաստմանը, միջազգային շուկայում Հայաստանի հեղինակության ու մրցունակության բարձրացմանը:

Մնում է հուսալ, որ պետական աջակցությունը զբոսաշրջային ոլորտում նոր դռներ կբացի Հայաստանի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել