Հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում գրանցվեց 4,7 տոկոս տնտեսական ակտիվություն։ Սա բավականին դրական ցուցանիշ է և ավելի բարձր է նախորդ տարիներին արձանագրված ցուցանիշներից: Այնուհանդերձ միջազգային ֆինանսական կազմակերպությունները իրենց հրապարակված վերջին զեկույցներում նշում են, որ ՀՀ-ն այս տարի կգրանցի 1,9 տոկոս տնտեսական աճ: Գլոբալ առումով ԱՄՀ-ի և ՀԲ-ի կանխատեսումները էականորեն չեն տարբերվում պետության կողմից տրված գնահատականից, սակայն փաստացի իրենց հաշվետվություններում մեր տնտեսության վերաբերյալ կանխատեսումներում առկա է նվազման միտում:
Այս իրավիճակն ինձ հիշեցնում է նույն կազմակերպությունների նախորդ տարվա կանխատեսումները, երբ երկար ժամանակ միջազգային կազմակերպությունները տնտեսական անկում էին ակնկալում Հայաստանում և միայն տարեվերջին հասկացան, որ իրենց կանխատեսնումներն իրականությունից բավականին հեռու են: Հիշեցնեմ, որ նախորդ տարի Հայաստանը գրանցեց ամենաբարձր տնտեսական աճը ԵՏՄ երկրների շրջանակներում:
Վերոնշյալ կառույցների կողմից տրված գնահատականները չեն կարող մտահոգություն չառաջացնել: Որքան էլ որ մենք համարենք, որ դրանք այդքան էլ օբյեկտիվ չեն, այնուամենայնիվ, չենք կարող չնշել, որ նման զեկույցներն իրենց ազդեցությունն են թողնում ներդրողների վարքագծի վրա: Ներդրումային դաշտի վրա այն կարող է որոշակի ազդեցություն ունենալ:
Կանխատեսումների ոչ օբյեկտիվ կետերից կարելի է առանձնացնել հետևյալը: Օրինակ, ըստ զեկույցի, մեր տնտեսության վրա բացասական ազդեցություն կարող է թողնել ՌԴ-ի տնտեսական իրավիճակը: Ոչ մեկ չի ժխտում և չի անտեսում այն, որ երկու պետությունների միջև առկա է տնտեսական մեծ համագործակցություն, և գերտերության տնտեսական դիրքերի թուլացումը չի կարող չազդել գործընկեր պետության վրա: Այնուամենայնիվ, տարեսկզբին հայկական ապրանքների արտահանումը ռուսական շուկայում կրկնակի ավելացել է և անգամ գերազանցել է վերջին երկու տարիների նույն ժամանակահատվածի մակարդակը։ Կարծես թե այդ դրական միտումն անտեսվել է վերլուծաբանների կողմից:
Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում հնարավոր չէ չնշել տրանսֆերտների գործոնը: Այս պահին տրանսֆերտների նվազումը կարծես թե պահպանվում է, սակայն պետք է նկատել, որ ռուսական դրամը զգալիորեն ուժեղացրել է իր դիրքերը, և, եթե տարեսկզբին դոլարի գինը կազմում էր 83 ռուբլի, ապա վերջին շրջանում այն տատանվում է 66-67-ի շրջակայքում։ Այս դրական միտումը նույնպես հաշվի չի առնվել:
Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկը արդյունաբերությունն է: Նախորդ տարի համաշխարհային շուկայում նկատվել էր հանքահումքային ապրանքների գների նվազեցում, ինչի հետևանքով ՀՀ-ն ստիպված եղավ ավելացնել իր արդյունահանման ծավալները՝ բացը լրացնելու համար: Այս տարի կարծես դրական միտում է արձանագրվում այս ոլորտում: Մասնավորապես, խոսքը գնում է պղնձի գների աճի մասին:
Վերոնշյալ կետերը պետք է ստիպեն միջազգային ֆինանսական կազմակերպություններին վերանայել իրենց հրապարակած զեկույցները: Իհարկե, հաճելի կլինի տարեվերջին ևս մեկ անգամ արձանագրել, որ տնտեսական աճը գերազանցեց այդ կառույցների կանխատեսումները, սակայն, այս պահի դրությամբ, ինչպես և նշեցի, դրանք կարող են բացասական ազդեցություն թողնել ներդրումային դաշտի վրա: