Նման հայտարարություններ ու նման գովազդային պաստառներ մենք շատ ենք հանդիպում սոցցանցերում, մեր խանութների վրա, SMS-ներ ենք ստանում: Բայց ինչքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը: Բազմիցս ենք լսում, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստացված դիմում-բողոքների, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում առկա տասնյակ քաղաքացիների բողոքների հիման վրա անմիջապես ստուգայց է իրականացրել նշված խանութներում, որտեղ կատարված հսկիչ գնմամբ պարզվել է, որ նշված զեղչը (կամ զեղչերը) գործում է խանութներում ներկայացված ապրանքների միայն մի մասի վրա: Եղել են նաև բողոքներ, որ նշված զեղչերը ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը կամ ընդամենը մի քանի ապրանք է զեղչված: Քանի որ շատերս օրենքի այդ մասով ոչինչ չգիտենք, չենք կարողանում մեր շահերը պաշտպանել, կարելի է ասել միշտ շահեկան գնումներ կատարելիս խաբված ենք լինում: Չենք կարող ժխտել նաև այն փաստը, որ շատ խանութներում եղած զեղչերը համապատասխանել են իրականությանը: Խնդրանք Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կամ սպառողների իրավունքների պաշտպանության միությանը. հնարավոր չէ՞ արդյոք ինչ-որ ձևով՝ հեռուստատեսությամբ կամ սոցցանցերով, հնարավորինս իրազեկ պահել սպառողներին օրենքի այն մասերը, որոնց միջոցով կարող է սպառողը զերծ մնալ խաբված լինելուց և՛ զեղչերի դեպքում, և՛ ժամկետանց ապրանք գնելիս, և՛ ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել