ՄԻԱԿ քարտուղար |
Դեռ ԱԺ ընտրություններին ընդդիմությունը շատ էր շահարկում այն քարոզչական թեզը, ըստ որի՝ իշխանությունները չեն կարողացել արդյունավետ դիմագրավել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և շոշափելի կորուստներով են դուրս եկել այդ «աղետից»: Այս թեման ակտուալ է նաև հիմա: Միանգամից նշեմ, որ աշխարհում որևէ երկրի չի հաջողվել խուսափել մեծ ու փոքր կորուստներից, որոնք նրանք ունեցել են ճգնաժամի հետևանքով: Հաշվի առնելով բազմաթիվ օբյեկտիվ հանգամանքներ և համեմատելով մի շարք երկրներում հետճգնաժամային փուլում ձևավորված տնտեսական կոնյունկտուրայի հետ՝ կարող ենք հետևյալ պայմանական, բայց արժանահավատ եզրահանգումն անել, որ «եթե քսան երկրից վատ ենք դիմագրավել, ապա հաստատ հարյուրից ավելի քիչ կորուստներ ենք ունեցել»: Նման հետևության համար կան ծանրակշիռ հիմքեր, որոնց շարքում արժանահիշատակ են հետևյալները.
- տվյալ ժամանակահատվածում ոչ մի դրամով չկրճատվեցին սոցիալական ծախսերը, հասարակության գործառնության կենսական ոլորտների ֆինանսավորումը,
- բոլոր վարկային միջոցները ուղղվել են նպատակային ոլորտներ, իսկ ամենակարևորը դրանք լուրջ հիմքեր են ստեղծել 2011 և 2012 թվականներին էական տնտեսական աճ ապահովելու համար (նախորդ տարվա 7 տոկոսանոց տնտեսական աճը համաշխարհային տնտեսական 3 տոկոս միջին աճի համեմատությամբ բավականին տպավորիչ ցուցանիշ է),
- ներդրվեցին սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագրեր (սոցիալական փաթեթ, կենսաթոշակային բարեփոխումներ և այլն),
- սկսվել և իրականացման փուլում են բազմաթիվ ռազմավարական հավակնոտ, բազմամիլիարդանոց ծրագրեր («Հյուսիս- հարավ» ավտոճանապարհ, «Հայաստան-Իրան» երկաթգիծ մոտ ապագայում` նոր ատոմակայան և այլն):
Անշուշտ, կարելի է այս շարքը շարունակել, բայց սա էլ բավարար է, որպեսզի հասկանանք, որ իրականում համաշխարհային ֆինանսատնտեսական «աղետին» մենք կարողացել ենք դիմագրավել և դրա հետևանքները կործանարար չեն եղել տնտեսության և հանրային կյանքի տարբեր ոլորտների վրա: Այս տեսակետից միանգամայն ընդունելի է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի պնդումը. «Մենք պատրաստել ենք բոլոր հիմքերը, որ առաջիկա հինգ տարիներին ապահովենք շոշափելի հաջողություններ»: