Այս ընտրությունների առավել ուշագրավ դասերն ոչ այնքան դրանց ընթացքն էին, ոչ էլ տեղ գտած խախտումները: Ի վերջո, ոչ մեկի համար նորություն չէր, որ ՀՀԿ-ն կիրառելու է իր ադմինիստրատիվ ռեսուրսները, իսկ հենց Փաշինայանի շուրթերով ասվում է, որ իրենք ընդունում են իրենց պարտությունը և վստահ են, որ իրենց ոչ մի քվե չի գողացվել: Կեղծիքներ եղել են, իհարկե, բայց դրանք ո՛չ մաշստաբային են եղել, ո՛չ էլ զոռբայության աներևակայելի բարձրունքներ են գրանցվել:
Այս ընտրություններից, ըստ իս, երկու հետևություններ է պետք անել և երկուսն էլ՝ ՔՊ- մասով.
1. Լավ է, թե վատ, բայց իրենց հայտարարած հայեցակարգին հավաարիմ են մնում և ամեն ընտրապայքար կենաց-մահու կռվի չեն վերածում: Մարդիկ չունեն ձեռքների տակ այնպիսի փաստեր, որոնցով կարելի է բողոքարկել ընտրությունների արդյունքները, կամ էլ եղածները բավարար չեն, և այս ամենից ողբերգություն չեն սարքում: Ներողություն են խնդրում ընտրողներից ու ասում են, որ ԻՐԵՆՔ ԵՆ թերացել և ԻՐԵՆՔ ԵՆ հետևություններ անելու: Ոչ մի մեսսիականություն, ոչ մի ֆրուստրացիա և հուսահատություն, ոչ մի ամպագորգոռ ու ցասումնալից հայտարարություն՝ ռեժիմի հասցեին: Սա նման էր քաղաքակիրթ երկրներին հարիր ընտրապայքարի:
2. Սասուն Միքայելյան, հենվելով «Քաղաքացիական պայմանագրի» վրա, այս ընտրություններին հավաքեց գրեթե նույնքան ձայն, որքան նախորդ ընտրություններին, երբ Միքայելյանին սատարում էր ամբողջ ՀԱԿ-ը: Սա, իհարկե, դեռ ուղղակիորեն չի վկայում դրա մասին, բայց առնվազն հուշում է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր քաղաքական կշռով առնվազն մոտ է ՀԱԿ-ին հավասարվելուն: Ընդ որում, ոչ թե այսօրվա ՀԱԿ-ին, այլ այն ՀԱԿ-ին, որի մեջ մտնում էին այն բոլոր կուսակցություններն ու միավորումները, որոնք լքեցին ՀԱԿ-ը 2012-2016թթ․ ընկած ժամանակահատվածում:
Սա արդեն վկայում է այն մասին, որ գալիք խորհրդարանական ընտրություններում մեր ընդդիմադիր դաշտի քարտեզը լուրջ փոփոխություններ է կրելու, ու չի բացառվում, որ հենց «Քաղաքացիական պայմանագիրը» դառնա դոմինանտ ընդդիմադիր ուժ:
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/04/2.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել