Մերօրյա Հայաստանի առջև բացվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք աչք են զարնում ամեն քայլափոխի: Խնդիրները տարաբնույթ են, մի մասը բխում է հասարակության սոցիալական վիճակից, մյուս մասը՝ մարդկային տկարությունից: Ինքս կարծում եմ, որ ամեն մի խնդիր պարսպված է մարդկային չիմացության ու տկար մտքի ետևում: Այսօր հայ մարդը հեռացել է իր արմատներից, հեռացել է իր մշակույթից ու տոներից և ամենակարևորը՝ լեզվից: Լեզուն, հողը և մշակույթը (մեր դեպքում մշակույթն ու կրոնը նույնացնել է պետք) կազմում են սուրբ երրորդություն, եթե սերն ու «պաշտամունքը» նվազեցնում ենք առ այս օբյեկտները, ապա պետք չէ զարմանալ նորանկախ երկրումդ տիրող ամպամած վիճակի վրա: Ցանկացած հասարակություն ու կառավարություն կկայանա միայն այն դեպքում, երբ այն շնչի ազգային ոգով՝ իր շունչը բաշխելով կողքին կանգնած մարդուն: Դժվար թե կարողանաք ինձ համար հաշվել տասը ՀՀԿ-ականի, ով թեկուզ մասնավոր կերպով ծանոթ է ու կրողն է իր կուսակցության գաղափարախոսության: Իսկ եթե մի պահ փորձենք պատկերացնել, որ մեր կառավարությունը շնչում է ցեղակրոն ոգով, արդյոք այդ դեպքում մեր խնդիրները չե՞ն բռնի լուծման ճանապարհը, չի՞ սկսվի Գեորգիսյանի վաղվա Հայաստանի էջը… Սերունդը արդյոք չի՞ սկսի հայի շունչ առնել ու պաշտողը դառնալ սուրբ երրորդության… ՎՍՏԱՀ եմ՝ կսկսի…
Ու այս հասարակաքաղաքական իրավիճակում դա կդառնա լուսավոր կանթեղ համասփյուռ հայության համար: Կարևորագույն խնդիր է նաև սփյուռքահայության վիճակը, որքա՞ն սփյուռքահայությունը օտար հողում կարող է ինքնությունը պահել: Օտար հողին գամված այսքան ժամանակ քարշ են տվել իրենց տեսակը, սակայն այսօր սեփական երկիր ունենալով, նորից ստիպված են գամված մնալ օտար հողին, դեռ մի բան էլ հայրենիքից եկած բարեկամներին օգնել հաստատվել իրենց կողքին: Այս պարագայում գուցե մի փոքր երազային թվա մեր երկրում եղող բոլոր խնդիրների լուծման առաջարկածս, սակայն ինձ համար դա ամենաիրական լուծումն է: Սկսած մանկապարտեզից պետք է երեխաի մեջ անդադար ներարկել իր տեսակի պատմությունը, տոները, լեզուն, մշակույթը: Դպրոցական տարիքում հիմնավոր կերպով երեխան պետք է պատկերացում ունենա աշխարհում կատարվող երևույթների մասին, պատկերացնի գլոբալիզացիոն երևույթների կործանարար լինելը: Պետք է լայն կերպով կազմակերպվեն ազգային պարերի ու երգերի ուսուցումներ: Լայն ծավալներով նշվեն ազգային տոները (օրինակ՝ Բարեկենդանի տոնը, որը սատանայական ծագում ունեցող Հելոունի հայկական տարբերակն է), դրանց խորքային բացատրությունը պետք է հասցվի երիտասարդի ուղեղին: Սակայն այս հարցերը իրապես կարգավորելու, թացը չորի հետ չմիաձուլելու համար տիրող ռեժիմի ու ընդհանուր կառավարական համակագի արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Անհրաժեշտ է պարտադրված դեմոկրատիան ամբողջապես փոփոխության ենթարկել, կառավարման ձևը փոփոխել: Երկիրը չի կարող ամուր լինել, երբ ազգային կրոնի կողքին մակաբույծի պես աճում են օտար վարդապետությունները: Կրոնական ու հասարակական հերթական պառակտման պատճառ դառնալով: Չի կարող երկիր շենենալ, երբ ամեն մի պատի ծակից դուրս թռած կարող է խոսքի ազատությունից խոսել: Ու հանգիստ գոռգոռալ իր մտքով անցածը: Երկիր չենք կարողանա շինել, երբ ունենք գոմաղբային պարունակություն ունեցող հեռուստածրագրեր: Իսկ այս ամենը կվերանա, ու ՀԱՅ սերունդ կկրթվի միայն ու միայն այն պարագայում, երբ փոփոխենք պարտադրված կառավարման ռեժիմը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/edgarvardanyan1995/posts/414008308682951
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել