Հոդվածի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ․
(Մաս 2-րդ)
10 օր առաջ գրեցի այս նյութը՝ հույս ունենալով, որ գոնե այս անգամ հրաշք կկատարվի, բայց... Գտնվեցին մարդիկ, որոնք վստահեցնում էին, որ այս անգամ իշխանությունները հաստատ արժանի կլինեն զինվորին և հասարակությանը: Իսկ հիմա ստիպված եմ գրել նյութիս շարունակությունը:
Վերջին 10 օրերի ընթացքում մեզ ավելի շատ համոզում են, որ որևէ մի բարձրաստիճան այր մեղավորություն չունի կատարվածի մեջ, որ որևէ մեկը պատասխան չի տալու, պաշտոնանկություններ չեն լինելու, իսկ կոստյումավոր համրերը շարունակելու են Վանուատույի նման հուժկու գործընկերների հետ մշակութային կապերի խորացմանը ուղղված լայնածավալ աշխատանքները:
ՈՒրեմն հիշենք: 94-ից հետո, ավելի քան 20 տարի, ազերիների կողմից խնդրված զինադադարի պայմաններում մեր կողմը ունեցել է բազմաթիվ զոհեր: (ՈՒ այս պահին ինձ բացարձակ չի հուզում, որ թշնամին ունեցել է տասնապատիկ ավել կորուստներ: Այս ինֆոն պահեք ձեզ)
Վերջին 10 օրերի ընթացքում, կրկին ազերիների կողմից խնդրված զինադադարի ընթացքում, մեր կողմը կրկին զոհեր ունի:
Վերջին 20 տարիների ընթացքում դիվանագիտական կորպուսը պարտավոր էր օրնիբուն աշխատել միմիայն սահմանային հարցերին վերջնական լուծում տալու համար; (իմ համար լրիվ երկրորդական է, որ մի քանի երկրներ, կամ նրանց վարչական միավորները ճանաչեցին ցեղասպանությունը, եթե այսօր սահմանում զոհվում են մեր զավակները):
ալիևները կրակել են ու կրակելու են, ու եթե որևէ պաշտոնյա դրանում համոզվեց միայն ապրիլի 2-ին, ուրեմն այդ պաշտոնյաին պետք է ուղարկել Վանուատու՝ որպես քյաբաբ սարքող:
Նրա հետևից Վանուատու պետք է ուղարկել այն պաշտոնյաներին, որոնք անպատեհ հայտարարում են, որ մենք տիրապետում ենք 23-րդ դարի զին տեխնիկայի, բայց այն պահում ենք, որ էլիտար հարսանիքների վերջում օդ կրակենք (սալյուտը դրսում)
Իհարկե՝
Փամփուշտները խելքից դուրս շատ են եղել,,,
Իհարկե,տանկերի մեջ վառելիքը չի պակասել, ոչ մարտի սկզբից, ոչ էլ ընթացքում...
Իհարկե,Կանսերվի բանկաները ավելի արդյունավետ են քան նկարահանող ու զգուշացնող սարքերը...
Իհարկե սահմանին մեզ օգնող շներն էլ սովորական չեն, ռոբոտներ են՝ 23-րդ դարից...
Իհարկե, պոստում ծառայած յուրաքանչյուր զինվոր գիտի, որ, երբ ալիևը կրակում է իր վրա, ինքը ևս իրավունք ունի համաչափ ու համարժեք պատասխան տալու,,,
Իհարկե, միայն ապրիլի 6-ին պիտի ազգովի փող հավաքեինք, որ զենք զինամթերք գնենք, իսկ կովի պտուկներ լվանալիս, բիոզուգարաններ գնելիս ու նմանատիպ հազարավոր անասուն գործարքների համար գումարները փոշիացնելու ժամանակ, այդ մասին չէինք մտածում...
Իհարկե ոչ ոք պատասխան չի տալու, ոչ մեկ մեղավոր չի,,, դե մաքսիմում գուցե մի անկապ ու միամիտ ժեկի պետ, բայց դե, եկեք չմանրանանք...
Մենք գիտենք, որ պատերազմը չի ավարտվել, իսկ դուք գիտե՞ք:
Մենք գիտենք, որ զոհվելու են հենց Մեր զավակները,
Իսկ, եթե դուք գիտեք, որ պատերազմը չի ավարտվել, ուրեմն այս պահից սկսած փոխեք ձեր ապրելու ու աշխատելու ռեժիմը: Խաչ քաշեք 21-րդ դարին համահունչ ապրելակերպի վրա, և առաջնային խնդիրը համարեք պատերազմի վերջնական ավարտը:
Այո, ձեր պաթոսախեղդ ելույթները որևէ որդեկորույս ծնողին չի ոգեշնչում: Այդ ելույթները պահեք ձեր ընտանիքների ու շրջապատի համար, որ այնտեղ էլ հերոսներ ծնվեն:
21-րդ դարում 18 տարեկան պատանին պիտի չզոհվի մարտի դաշտում