

Այսօր Հրազդանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված Հրազդանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի շտաբի պետ Մաթևոս Ավանեսյանի պնդմամբ` Հրազդանի քաղաքապետի մյուս թեկնածու Սասուն Միքայելյանը, իր վարորդն ու ևս մեկ անձ այսօր ընտրատեղամասից դուրս հարձակվել են իր վրա և ծեծել:
«Անպատիվ խոսք, հետո ծեծ, ես հիմա մի հատ շենքի առաջին հարկում նստած եմ»,-Tert.am-ին ասաց Արամ Դանիելյանի նախընտրական շտաբի պետը, խուսափելով այլ մանրամասներ ներկայացնել, պատճառաբանությամբ, որ վատ է զգում, չի կարող խոսել:
Հարցին էլ, թե չի՞ ստանալու բժշկական օգնություն, նշեց, որ հիմա չէ, բայց ընթացքը ցույց կտա:
Նա նաև նշեց, որ Սասուն Միքայելյանն իրեն փորձել է հարվածել, բայց չի ստացվել, քանի որ ինքը ավելի բարձրահասակ է, բայց մյուսները ծեծել են, իսկ երբ տեսել է, որ նրանք շատանում են, ինքը փախչել է:
«Սասունը, ուզեց խփի, բայց բոյով եմ` չստացվեց, սկզբից չէի ուզում փախչել, բայց հետո տեսա, որ շատանում են` փախա»,-ասաց թեկնածուի նախընտրական շտաբի պետը: