Այսօր որոշեցի անդրադառնալ Եգիպտոսի եւ Աֆրիկայի գեղեցկագույն քաղաքներից մեկին՝ Ալեքսանդրիային (արաբերեն՝ Ալ-Իսքանդարիա,) որը Արեւելքի հնագույն քաղաքներից մեկն է: Քաղաքը հիմնադրել է Հին աշխարհի մեծ զորավար ու նվաճող Ալեքսանդր Մակեդոնացին, Ք.ա. 332թ., եւ իր անունով էլ կոչել է այն: Հիմնադրման օրից սկսած՝ Ալեքսանդրիան դարձավ իր ժամանակի ամենահզոր ու գեղեցիկ քաղաքներից մեկը, Ալեքսանդրի տերության կործանումից հետո այն Պտղոմեոսյան Եգիպտոսի մայրաքաղաքն էր, հունական քաղաքակրթության կենտրոնը Արեւելքում: Ալեքսանդրիայի հայտնի փարոսը աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն էր, իր հռչակով փարոսից ետ չէր մնում նաեւ Մեծ գրադարանը, որտեղ պահվում էին հազարավոր ձեռագրեր: Պտղոմեոսյան դինաստիայի անկումից հետո Ալեքսանդրիան ընկավ Հռոմի ազդեցության տակ: Եգիպտոսի վերջին ու ամենահայտնի թագուհին՝ Կլեոպատրան, ծնվել եւ իր ողջ կյանքը անցկացրել է հենց այստեղ: Նրա մահից հետո, ճիշտ է, Եգիպտոսը անկում ապրեց, սակայն դա չանդրադարձավ Ալեքսանդրիայի հզորության վրա. այն շարունակում էր մնալ մշակութային ու գիտական խոշոր կենտրոն եւ համարվում էր աշխարհի երկրորդ ամենամեծ քաղաքը (Հռոմից հետո):
Քրիստոնեության տարածումից ու կայսրության պետական կրոն հռչակվելուց ի վեր Ալեքսանդրիան դարձավ քրիստոնեական մշակույթի նոր կենտրոններից մեկը, ու, չնայած որ մի քանի դար անց Եգիպտոս ներխուժեցին արաբները՝ իրենց հետ բերելով նոր լեզու՝ արաբերենը եւ նոր կրոն՝ իսլամը, քրիստոնեական համայնքները պահպանվեցին Ալեքսանդրիայում ու գոյություն ունեն մինչ օրս:
Ժամանակակից Ալեքսանդրիան գեղեցիկ, մաքուր ու զարգացած քաղաք է, որտեղ ապրում է շուրջ 4 մլն. մարդ: Քաղաքում շատ են եկեղեցիները, մզկիթները, թանգարանները, այստեղ կողք կողքի ապրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում եւ հայեր: Ահա մի քանի լուսանկար քաղաքի տեսարժան վայրերից.