Արտագաղթից խոսելիս մենք միշտ խոսում ենք վատ սոցիալ-տնտեսական վիճակի մասին, որն իրոք տենց է, խոսում ենք անարդարության մթնոլորտից, որն իրոք առկա է, խոսում ենք ամեն ինչից՝ բացի մի բանից: Մենք չենք խոսում մեր մենթալիտետի մասին՝ որպես արտագաղթի եւս մեկ պատճառ: Մեր համաքաղաքացիների պահվածքի, բամբասանքի, ուրիշի կյանքին խառնվելու մասին: Այն բանի մասին, որ եթե արտասահմանում աստղերն անձնական կյանք չունեն, քանզի բոլորը հետաքրքրվում են, փորձում են քթները խոթել նրանց կյանքի ու անկողնու մեջ, մեզ մոտ դա արվում է բոլորի նկատմամբ: Բոլորի կյանքի մեջ մտնելը դարձել է ավանդույթ: Իսկ ինչ վերաբերում է քննադատելուն, դրա մասին ընդհանրապես խոսք չկա, բոլորն ունեն իրենց միակ ճիշտը և զուտ ակադեմիական կարծիքը` սկսած աստրոֆիզիկայից, վերջացրած մազ սարքելուց: Եվ այդ ամենը անկախ նրանից, թե կրթություն ընդհանրապես կա՞, թե՞ չկա: Նույնիսկ այստեղ` համացանցում կարծիքի, որը կարող է սխալ լինել, զուտ անձնական կամ հուզական հակադրվում է ոչ թե կարծիք, ոչ թե միտք, որ կարող է սուր լինել, այլ կոնկրետ վիրավորանք: Կա նաև մեկ այլ պրակտիկա՝ երբ կոնտեքստից դուրս է բերվում մի նախադասություն և սկսվում է դրա հետ կապված քննադատություն: Երբ խոսքը ընդհանրապես դրա մասին չէր ու կապ էլ չուներ: Այդպես է ամեն տեղ, ու շատ ու շատ մարդիկ ազատություն ասելիս նկատի չունեն միայն քաղաքացիական կարգավիճակը կամ խոսքի ազատությունը, այլ իրենց անհատական ազատությունը, անձնական կյանքի ազատությունը հասարակությունից: Իսկ հասարակության մի լայն զանգված, որը, որպես կանոն, լավը չի լինում, ձևավորելով իր համար հարմար նորմեր՝ կարող է հանգիստ խժռել անհատներին, գծից դուրս մնացածներին: Հավատացեք՝ արտագաղթի այս մի պատճառի հետ իշխանությունը կապ չունի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=276563052470758&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել