Newsbook.am-ը գրում է.

«Մամ ջան, քիչ մնաց, դիմացիր, մամ ջան, մի քիչ էլ սպասիր, շուտով կգամ մամ ջան․․․»,- Ժորա Եսայանի վերջին խոսքերն են եղել մոր հետ խոսելիս։ Վերջին անգամ Ժորան մոր հետ մարտի վերջին էր խոսել, հուսադրել մորը, որ շուտով կավարտի հայրենիքի նկատմամբ պարտքը և տուն կվերադառնա։

Կգա Դարբնիկ գյուղ՝ թև ու թիկունքի կլինի հորը։ Կօգնի ծնողներին և որպես մեծ եղբայր` կսատարի իրենից փոքր երկու եղբայրներին։ Ապրիլի 1-ից Ջաբրաիլում ծառայող որդուց ծնողները լուր չունեին։ Անհանգստացած մայրը բոլորին խառնել էր իրար։ Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող պայքարի թեժ օրերին Ժորայի հայրն ու մայրը Արցախ էին մեկնել՝ զինվոր որդուց լուր ստանալու։ Տղայից նորություն ստանալ չի հաջողվել։ Հուսալքված ծնողները գյուղ են վերադարձել՝ սրտի խորքում հույս փայփայելով, որ Աստված իրենց ավագ որդուն հակառակորդի գնդակից կպաշտպանի։ Մի քանի օր անց Եսայանները զինվոր որդու մասին լուր ստացան։

Ժորան եկավ, ինչպես վերջին անգամ մորը խոստացել էր, որ շուտով կգա, 20-ամյա երիտասարդը շուտ եկավ, ծնողներին հասավ, բայց ոչ կենդանի։ Ջաբրաիլում մղվող թեժ պայքարում երիտասարդը մարտնչել էր  հակառակորդի դեմ, հետո նենգ թշնամու մի գնդակից, հանուն Արցախի սահմանների պաշտպանության, նահատակվել։ Դարբնիկի գյուղապետարանի մեծ դահլիճի ամենաբարձր տեղում Ժորայի փակ դագաղն է դրված՝ մայր Հայաստանի դրոշով ծածկված, վրան էլ քաջարի երիտասարդի մեդալը։

Գյուղապետարանի բակում տղաներն են՝ Դավիթը, Արթուրը, Տիգրանն ու մյուս մյուսները: Եկել են զինվոր ընկերոջը տեսնելու, եկել են, բայց Ժորայի ձեռքը սեղմել չեն կարողանում։ Ընկերասեր Ժորային վերջին հրաժեշտը տալու են եկել բոլոր բոլորը։ Ազնիվ ու հայրենասեր երիտասարդին մոռանալ չի լինի։  Պատվոպահակախմբի տղաների կողքին կանգնել է նաև Ժորայի միջնեկ եղբայրը։ Նա նույնպես հսկում է Արցախի սահմանները և այսօր էլ բանակից եկել է զինվոր եղբորը հրաժեշտ տալու։ Արարատի մարզի շատ բնակիչների քայլներն այսօր Դարբնիկ են տանում` 20-ամյա Ժորայի հուղարկավորությանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել