Այս Նոր տարուն ընդառաջ ես վնասեցի ոտքս և դարձա «Ֆեյսբուքի բնակիչ»: Պարզեցի, որ այնտեղի բնակիչները «ֆեյսբուքահայ» տեսակին են պատկանում: Դրանից առաջ լսել էի միայն «հայ քրիստոնյա»-ի մասին ու երկար եմ մտածել, թե ո՞րն է այդ տեսակը: Գոնե «քրիստոնյա հայ» - ը հասկանալի է, իսկ «հայ քրիստոնյա՞» - ն... Լավ է, որ գոնե «ֆեյսբուքահայ»-ը հնարավոր չէ շրջել «հայաֆեյսբուք»-ի, իսկ «ֆեյսբուքահայ» պարզ նշանակում է Ֆեյսբուքում բնակվող հայ: Սա հայի այն տեսակն է, որի թափառող հոգին հանգրվան է գտնում Ֆեյսբուքում: Մարդու հոգին, ընդհանրապես, թափառող է, որովհետև ազատության է ձգտում: Ձգտում է գտնել գոնե որոշ չափով իր նմանին՝ իր նման հառաչողին և իր նման ուրախացողին: Մարդու հոգին ճախրել է ուզում: Մարդու հոգին նաև անդորրի է ձգտում, և եթե մեկը կա, որ կռվազան է ու խռովարար, ուրեմն խախտվել է նրա հոգու և նրան շրջապատող իրականության միջև եղած ներդաշնակությունը: Օրինակ՝ հայտնի բան է՝ եթե երեխան ծառի ճյուղ է կոտրում կամ հալածում է կատվին, ուրեմն հաստատ ինչ - որ մեկը հալածել է նրան կամ ինչ-որ բան կոտրվել է նրա հոգու մեջ: Չէ՞ որ մարդու հոգին ներդաշնակության է ձգտում շրջակա միջավայրի հետ, և մարդը հաստատում է այդ ներդաշնակությունը: Նույնը՝ ֆեյսբուքահայը. ներդաշնակությունը նա հաստատում է կամ փորձում է հաստատել Ֆեյսբուքում: Ճիշտ է, նա դա անում է վիրտուալ հարթության մեջ, բայց գոնե կարողանում է իր հառաչանքը լսելի դարձնել կամ հառաչակից գտնել: Հիմա երկար ժամանակ է, ինչ տանից չեմ կարողանում դուրս գալ և այս ընթացքում երբևէ չեմ մտածել ինչ-որ մեկի ոտքը կոտրել, որ ներդաշնակություն հաստատվի իմ և շրջակա միջավայրի միջև: Ո՞վ է մեղավոր, որ ոտքս վնասել եմ: Ես անզգույշ եմ եղել, ես անփույթ եմ եղել, ես մտացրիվ եմ եղել, ընկել եմ և վնասվել եմ: Եթե որևէ մեկի ոտքը, Աստված չանի, կոտրվի, դրանից իմ վիճակը կլավանա՞: Ու եթե ես միշտ այսպես մտածեմ, ապա կհասկանամ, որ ինձ հետ կատարված աղետների մեծ մասի պատճառն իմ մեջ է, և այդ դեպքում աններդաշնակություն չի առաջանա իմ և շրջակա միջավայրի միջև: Իսկ հիմա, հերիք է. դուրս եմ գալու տանից և աշխատելու եմ շատ զգույշ լինել, որ նորից վիրտուալ աշխարհներում չթափառեմ, այլ իրական կյանքում քայլելով՝ նայեմ, թե ոտքս որտեղ եմ դնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել