Որոշեցի գրել մի թեմայով, որ ներկայիս դրությամբ կյանքումս երևի թե ինձ ամենաշատն է անհանգստացնում: Հուսով եմ՝ ինձ հասկացողներ կլինեն, ովքեր կկիսեն իմ կարծիքները այս թեմայի շուրջ: Գրածս թերևս մեր կյանքի ամենակարևոր կետերից մեկի` մեր ընտրած մասնագիտության մասին է:          
      Եկեք մի պահ պատկերացնենք, որ աշխարհը կառուցված է այնպես, որ մեր ծնվելու վայրկյանից իսկ մեզ տրվում է ոչ միայն անուն, ազգանուն և սեռ, այլ նաև մեր ապագա մասնագիտությունը, մեր երազած ու մեզ համապատասխանող մասնագիտությունը: Ինչ լավ կլիներ, որ դեռ մանկապարտեզում, դպրոցում, տանը արդեն բոլորը իմանային, որ դու ծնված ես հենց բժիշկ կամ երգիչ կամ լրագրող դառնալու համար: Պատկերացրեք այդ ժամանակ կյանքն ինչ հեշտ ու ուրախ կլիներ, բոլորս հենց ամենասկզբից արդեն գիտենք, որ մեր ամբողջ կյանքում կունենանք այն աշխատանքը, որը մեզ ոչ միայն գումար է ապահովում, այլ նաև հաճույք: Ու չեն լինում անտեղի վեճեր քո և ծնողների միջև քո ապագա մասնագիտության ընտրության շուրջ, քեզ չեն տանջում էն մտքերը, թե որ մասնագիտությունն է քոնը, որում դու կլինես լավագույնը ու կանես դա սիրով: Ու այդ ժամանակ մի բան որ հաստատ պակաս կլիներ` չեին լինի տնտեսագետներ, ովքեր գաղափար չունեն տնտեսագիտությունից, զգեստ կարողներ, ովքեր շալվարը երկարացնում են կարճացնելու փոխարեն, չէին լինի ծակ պրոֆեսորներ ու իրավաբաններ, կոշկակարներ, ովքեր միշտ երազել դերասան լինել, էպոսագետ քաղաքական գործիչներ և այլն: Ամեն ինչ, իսկապես որ, չափից դուրս անսովոր կլիներ:
    Մի խոստովանություն անեմ. ես անկեղծ նախանձում եմ այն մարդկանց, ովքեր ունեն այն մանագիտությունը, որն իրենք են ընտրել, ովքեր ունեն այն աշխատանքը, որն իրենց հաճույք է պատճառում: Անկեղծ սրտով նախանձում են, նույսիկ ավելի շատ քան նախանձում եմ Բիլլ Գեյթսին կամ Քըրք Քըրքորյանին և այս անզուսպ նախանձը ինձ մոտ աջառացավ, երբ իմ համալսարանի դիմումի թերթիկում, հենց առաջին տողում գրվեց հաշվապահություն.
-Մամ, ես ուզում եմ լրագրող դառնամ, ես զգում եմ՝ էդ ա իմ ճանապարհը, էդ եմ ես ի սրտե ուզում:
-Մենք հետաքրքրվեցինք ու ՀՊՏՀ-ի ամենալավ բաժինը հաշվապահությունն ա, բայց դժվար բաժին ա, առաջինը կգրենք հենց էդ:
-Perfecto! Հաշվապահ: Ես ուղղակի ստեղծված եմ դրա համար!
     1-ին կուրս, նստած լսարանում ես մտածում էի. «Տեսնես քանի հոգի ա իսկապես ուզեցել դառնալ հաշվապահ: Կա՞ նենց մարդ էս լսարանում, որ ինքն իրան էն հարցն ա տալիս, ինչ ես` ինձ.  ի՞նչ գործ ունեմ ընդանրապես ես ստեղ»: Հիմա ես արդեն հաշվապահության 3-րդ կուրսում եմ ու մինչ օրս լսարանում նստած ինձ էդ հարցն եմ տալիս, քանի որ չնայած իմ անխնա տանջանքներին ինձ համալսարանից դուրս չթողեցին: Ես հուսով էի, որ կլինեն մարդիկ, ովքեր կկիսեն իմ մտքերը ու կհասկանան, թե ես ինչ եմ զգում ու պատկերացրեք` ի զարմանս ինձ, իմ հարցումների ժամանակ պարզվեց, որ իմ ծանոթների 85%-ը չունի էն մասնագիտությունը, ինչ որ միշտ երազել է ունենալ: Ես իմացա տնտեսագետների, ովքեր երազում են երգել, ու հավատացեք՝ դա նրանց մոտ շատ ավելի լավ է ստացվում, քան այժմյան հայկական շոու բիզնեսի աստղերի 70%-ի մոտ, ես իմացա ատամնաբույժների, ովքեր երազում են դերասան դառնալ, իրավաբանների, ովքեր կցանկանային գովազդային բիզնեսում լինել ու շատուշատ նման խնդիր ունեցող մարդկանց:
     Ու այս ամբողջ ընթացքում ինձ մի հարց էր տանջում. «Էս մարդիկ իսկապե՞ս պատրաստվում են մինչև 63 տարեկան զբաղվել իրենց չսիրած զբաղմունքով: էնքան որ… փող աշխատելո՞ւ համար: Իսկ իրենք իրենց ծախսած գումարից գոնե հաճույք կստանան` իմանալով որ դա նրանք աշխատել են տանջվելու գնով»: Հա, հենց տանջվելու, որովհետև ցանկացած աշխատանք, եթե կատարում ես ստիպված, կարիքից ելնելով ու դրանից նվազագույն հաճույք անգամ չես ստանում, դա քո համար ուղղակի վերածվում է պարտաճանաչ կատարվող տանջանքի: Հնարավոր է, որ մի քանի տարիներ շարունակ անընդմեջ դա անելով` արդեն սովորես դրան, այդ ռեժիմին, բայց հարց տվեք ձեզ. մեր կարճ կյանքի ընթացքում արժի՞ մեզ սովորեցնել ռեժիմի: Անկեղծ ասեմ, ես զզվում եմ տոլմայից, ու միայն այն մտքից, որ ես ամեն օր պետք է ուտեմ տոլմա, ուղղակի  գժվում եմ: Ո՞նց կարելի է այլևս չուտել իմ ամենասիրելի շոկոլադե տորթը, այլ դրա փոխարեն ամեն օր ուտել տոլմա: Ասեք շատ պարզ համեմատություն է, բայց միևնույն է` քո ընտրության մեջ դու միշտ էլ ազատ ես: Ու այս մտքերից իմ մոտ առաջացավ մեկ այլ վարկած. միգուցե մարդիկ ընտրում են մյուս` իրենց ծնողների մատնանշած ճանապարհը, որովհետև դա ավելի հե՞շտ է ու ապահո՞վ: Միգուցե նրանք չեն գնում իրենց երազանքի հետևից, որովհետև գիտեն, որ եթե դրան չհասնեն, մեղավորությունը կլինի միայն իրենցը, կմեղադրեն իրենք իրենց նրանում, որ բավականաչափ տաղանդ կամ համառություն չունեցան հասնելու դրան: Միգուցե: Չէ՞ որ այդ հեշտ ու իրենց կողմից  չընտրված ճանապարհին, ինչ-որ բան չստացվելու դեպքում, միշտ էլ կարող են շրջվել և ասել. «Որովհետև սա իմ ուղածը չէր, ես իրականում սա չէի երազում: Ես միշտ երազել եմ այսինչ կամ այնինչ դառնամ: Եթե ես այդ ճանապարհով գնայի, այժմ մեծ բաների կհասնեի»: Բայց ոչ ոք քո ձեռքը չի բռնել և երբեք ուշ չէ երազանքի համար, մեծն Վան Գոգը սկսել է նկարել 27 տարեկանում, դու ուղղակի վախենում ես, վախենում, որ այդ դեպքում կմեղադրես միայն քեզ: Այո, ես ինքս էլ վախենում եմ, որ եթե իմ երազանքին չհասնեմ, կզգամ ինձ անհաջողակ: Իսկ այսպես գոնե միջին կարգի հաշվապահի աշխատանք հաստատ կունենամ: Բայց ավելի լավ է ընդհանրապես տեղյակ չլինել հաշվապահությունից, քան լինել միջինը: Դա ընդհանրապես ամենաահավոր բանն է` լինել միջինը: Լավագույն վարսահարդարը միշտ էլ ավելի լավն է ու ավելի շատ գումար է աշխատում, քան միջին կամ ցածրակարգ փաստաբանը: Իսկ եթե զբաղվես նրանով, ինչ սիրում ես, հաստատ կդառնաս լավագույնը, նույնիսկ գիշերները, եթե չքնես ու չարչարվես` կիմանաս, որ դա դու ես ընտրել, ոչ թե որովհետև դա է արդիական ու եկամտաբեր մասնագիտություն համարվում, կամ քո տեղը ծնողները դա են ընտրել: Շատ հնարավոր է մեր տատիկներ ու պապիկներն էլ ընտրել են իրենց երեխաների փոխարեն: Ու միգուցե հենց այդ սխալների շղթայի պատճառով շատ ու շատ մեծ քաղաքական գործիչներ, նկարիչներ, գրողներ ու հանճարներ են չբացահայտված մնացել, որոնցից մեկն էլ միգուցե հենց դու ես: 
     Ինձ թվում է, որ եթե ամեն ինչ այսպես դասավորված չլիներ, մարդիկ շատ ավելի երջանիկ կլինեին ու հաջողակ: Մենք վստահ կգնայինք բժիշկների մոտ, կդիմեինք փաստաբանների, հեռուստացույցով կտեսնեինք գրագետ հաղորդավարների ու լրագրողների, իսկ Ազգային ժողովում էլ շատ կլինեին ազգի խնդիրներով իսկապես անհանգստացած ու այդ խնդիրները լուծող քաղաքական գործիչները: Եվ ընդհանրապես անպայման չէ, որ 17 տարեկան հասակում արդեն գիտակցես ու վստահ լինես, թե ինչով կուզենայիր զբաղվել ամբողջ մնացած կյանքումդ, միգուցե դու դա հասկանաս 25 տարեկանում ու դառնաս իսկապես մեծատառով մարդ, քան թե միջնակարգ աշխատող: Չկողմնորոշվելու մեջ վատ բան չկա, վատը սխալ կողմնորշվելու ու սխալ կյանքի ճանապարհ ընտրելու մեջ է. կյանքը մի հատ է, իսկ ճանապարհները՝ շատ: Եթե սպասես, ամեն հարցի պատասխան էլ կգա...... իր ժամանակին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել