Միշտ էլ ամեն բան կարող է լինել ավելի լավ կամ ավելի վատ, բայց ունենք այն, ինչ ունենք: Իդեալական կլիներ, որ Ռուսաստանի կասպիական նավատորմը «կալիբր» հրթիռներով հարվածեր Բաքվին, միևնույն ժամանակ՝ ՌԴ հարավային ռազմական շրջանի բանակները հյուսիսից ներխուժեին Ադրբեջան… Սա, իհարկե, իդեալների դաշտից: Բայց, քանի որ պետություններն ու պետական շահերն իդեալական չեն լինում, հիմա փորձենք հասկանալ, թե իրականում ի՞նչ է կատարվում:
Միամիտ չլինենք, ռուսները չեն հրաժարվելու Ադրբեջանից, ուստի և «փշի-փշի» են անելու այնքան, ինչքան կարող են, այնքան, ինչքան իրենց շահերը կպահանջեն: Ինչքան էլ մեզ դա դուր գա կամ չգա, բայց թե այդ գործընթացի համատեքստում Ադրբեջանին գործընկեր կանվանեն, ստրատեգիական գործընկեր, ստրատեգիական դաշնակից, թե իմ անուշ ախպեր, մեծ հաշվով՝ դրանից ոչինչ չի փոխվելու: Ավելին, ունենալով Ա. Էլչիբեյի փորձը՝ ռուսներն ատամներով պահելու են Ալիևին, որի վրա շատ թե քիչ ազդեցություն ունեն: Ինչու՞ են անում. կարծում եմ նրա համար, որ իրենցից հարավ հերթական անկառավարելի թշնամական երկիրը չունենան՝ Անկարայի հակառուսական տարածք-բնակչությումբ, իհարկե՝ «расходный материал»-ի դերակատարությամբ: Սա պարզ աշխարհաքաղաքականություն է:

Հենց այս տրամաբանության մեջ էլ տեղավորվում է զենք-զինամթերքի վաճառքը: Դա մեզ դու՞ր է գալիս, իհարկե՝ ոչ: Բարոյակա՞ն է, կածում եմ՝ ոչ: ՆԱՏՕ անդամ Հունաստանին էլ դուր չի գալիս, որ իր ստրատեգիական դաշնակից Ամերիկան զենք-զինամթերք է մատակարարում Ամերիկայի մեկ այլ ստրատեգիական դաշնակից, ՆԱՏՕ անդամ Թուրքիային(և հակառակը): Ռուս փորձագետ Ա. Դուբնովն այսօր tert.am-ին ասել է. «…ո՞ր պարտավորություններն է խախտել Ռուսաստանը, երբ զենք է վաճառել Ադրբեջանին։ …կոնկրետ ո՞ր պարտավորություններն է խախտում Ռուսաստանը՝ Ադրբեջանին զենք վաճառելով»:

Ուզենք, չուզենք, բայց սա գերտերության սովորական վարքագիծ է: Ինչ-որ բան կարո՞ղ ենք անել, այո՝ կարող ենք. լավ է, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, դեմ չենք: Բայց միայն այն զինատեսակները, որն Ադրբեջանը կարող է ձեռք բերել նաև այլ երկրներում: T-90 և TOC Ադրբեջանն այլ շուկաներից գնել չի կարող, ուստի և չպետք է մատակարարվի: Կարծում եմ, սա ամենաարդյունավետ ստրատեգիան է այս հարցում: Սա նոր մակարդակի կբարձրացնի դաշնակցային հարաբերությունները: Այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի:
Այս օրերին ի՞նչ պետք է աներ Ռուսաստանը, որ չարեց… Գար ու մեր տեղը կռվե՞ր: Ռուսներն առաջինն արձագանքեցին՝ Պուտինի, Լավրովի և Շոյգուի մակարդակով: Ռուսական բանակը Ադրբեջանի սահմանին անսպասելի՝ ահազանգով զորավարժություններ սկսեց՝ հասկացնելով, որ չափն անցնելու դեպքում կարող է և ներխուժել: Կարծում եմ, «դուզ խոսքը մենակ էշի ճակատին են ասում». մարտի դաշտում կզած ու Անկարայից բացահայտ աջակցություն վայելով Ադրբեջանը հասկացավ, որ հյուսիսից իրեն ինչ-որ բան են հասկացնում, և դա անում են ոչ միայն հեռախոսազանգերի, այլև նաև զինված եղանակով:

Ի վերջո, փորձենք հասկանալ գլխավոր հարցը. Ռուսաստանը մեր դաշնակի՞ցն է, թե՞ ոչ: Եթե Թուրքիան Ադրբեջանի պապան է, ապա մենք պապա չունենք, երբեք չենք էլ ունեցել ու տա Աստված, որ չունենանք: Ռուսաստանը չի կարող արցախյան թեմայում իրեն պահել այնպես, ինչպես Թուրքիան թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ Ռուսաստանը միջնորդ երկիր է, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր: Ռուսաստանը մեզ օգնում է զենք-զինամթերքով, բանակաշինությամբ ու մեզ ապահովագրում է Թուրքիայից: Արցախը մեր թեման է: Ղարաբաղի հարցով եթե օգնում է, ապա աննկատ, տակից: Վաշինգտոնն էլ խոստանում է ու Երուսաղեմը չի ճանաչում որպես Իսրայելի մայրաքաղաք, չնայած որ Իսրայելի հետ շատ ավելի խորքային հարաբերություններ ունի, քան հայ-ռուսական հարաբերություններն են: Հրեաներն էլ մեր նման նեղանում են, սրտնեղում են: Բայց ինչ արած...

Միամիտ չլինենք, ռուսները չեն ցանկանում մեզ պարտված տեսնել Ղարաբաղում: Այդ պարտության հետևանքով իրենք իրենց բազայի հետ միասին Հայաստանից դուրս կթռչեն, այսինքն՝ Հարավային Կովկասում չեն լինի, իսկ ո՞վ կլինի տարածաշրջանում: Իհարկե Թուրքիան: Ի՞նչ կլինի հետո. տարածաշրջանում ամբողջովին հաստատված թուրքերը կաշխատեն Հյուսիսային Կովկասի ուղղությամբ: Ինչ-ինչ, բայց այս հեռանկարը Մոսկվայում լավ են հասկանում: Սա նույնպես պարզ աշխարհաքաղաքականություն է:

Գո՞հ ենք, թե՞ ոչ այնքան, դա հարցի մյուս կողմն է, բայց արկածախնդրությունից հեռու մնալ է պետք: Լավ-վատ, բայց Ռուսաստանին այլընտրանք չունենք: Ռուսաստանն էլ մեզ այլընտանք չունի: 80 միլիոնանոց Թուրքիան ու իր կիսաշարունակություն Ադրբեջանին դիմակայելու ռեսուրս մեզ ոչ ոք չի տալու: Որպես կառույց՝ ՆԱՏՕ-ն միֆ է ճիշտ այնպես, ինչպես ՀԱՊԿ-ն է միֆ՝ առանց Ռուսաստանի: Ամերիկան չի գալու Հայաստան ու չի երաշխավորելու Արցախի հայկականությունը: Մենք դա Կիպրոսի ու Վրաստանի օրինակով տեսել ենք: Ռուսներն անում են: Գոնե ստորագրած պարտավորություններ ունեն, Հայաստանում բանակ ունեն: Եվ, ընդհանրապես՝ հայ-ռուսակական ռազմաքաղաքական հարաբերություններում չիրացված հսկայական պոտենցյալ կա: Աշխատել է պետք: Մոսկվայում բոլորը չեն մեզանով հիացած, Վաշինգտոնում նույնպես: Կարծում եմ, ռուսներին նեղացնել պետք չէ: Զենքի թեմայով երեսներին ճպացնել պետք էր, արվեց: Մնացածն արդեն երկար ու լուրջ աշխատանքի դաշտ է:

Ու մի կարևոր բան էլ: Հայի ու ռուսի միջև սեպ խրելը, մեր երկրից ռուսներին հանելը Անկարա-Բաքու տանդեմի վաղեմի երազանքն է: Հենց ռուսներին հանեցին, մեզ դեպորտ չեն անելու, մեզ Թալիշի ծերունիների նման մորթելու են: Թուրքի հետ հնարավոր չէ պայմանավորվել, հենց ատամը կտրեց՝ մորթում է: Իսկ այս օրերին ով ասում է, թե Ալիևին թուրքերը չեն հրահրել, առավել ևս՝ թուրքերը չեն հրահրել և դա ռուսներն են արել, չեմ վախենա ասել՝ դավաճան են կամ մոլորյալ: Իրենք անհայտ(միգուցե և թուրքական ծագմամբ) ֆոնդերից սնվում են ու Հայաստանից դուրս ապրելու տեղ ունեն: Ես չունեմ, իմ նման մարդիկ չունեն: Այս երկրում ծնվել ենք, այստեղ էլ մեռնելու ենք ու այս հողը պահելու ենք, մինչև արյան վերջին կաթիլը պահելու ենք: Ի վերջո, 1920թ. տեսած ժողովուրդ ենք:
Սա ընդամենն իմ տեսակետն է: Գրեցի, որ հարցերն ուրիշ դիտակետից էլ նայվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել