Sputnik.co.am-ը գրում է.
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա առաջին ժամերը Ղարաբաղի Թալիշ գյուղում խաղաղ էին։ Պատերազմ տեսած ու թշնամու հարձակումներին սովոր թալիշցիները սահմանի այն կողմից ներխուժման վտանգ չէին կանխազգում։
104-ամյա Հայկա տատն էլ համագյուղացիների պես խաղաղ քնած էր, երբ ուշ գիշերին նրան արթնացրեց հարսի անհանգիստ ու վախեցած ձայնը` վե՛ր կացեք, կռիվ է սկսվել, դո՛ւրս եկեք տնից։
Հայկա տատը պատմում է, որ արկերի պայթյունների ներքո արագ հագնվել, դուրս են վազել տնից ու թաքնվել նկուղում։ Բայց կրակոցներն ու պայթյուններն աստիճանաբար մոտենում էին։
104-ամյա կինը հասկացել է, որ դրանք արդեն իրենց գյուղի տարածք են ընկնում։ «Լսեցի, որ տրաքեց մի բան, ասեցի, վա՜յ, մեզ կոտորեցին»,- պատմում է տարեց կինը` հիշելով, որ ինքն այդ պահին նկուղի պատի մոտ էր նստած։
Տատիկի պատվին Հայկ անունը կրող թոռը, ով չնայած երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է թրծվել պատերազմի բովում ու փորձառություն ձեռք բերել, հարազատներին հրահանգել է դուրս գալ նկուղից ու փախչել գյուղից։ 104-ամյա կնոջ համար ոչ միայն փախուստը, այլև նույնիսկ նստած տեղից բարձրանալն այնքան էլ հեշտ չէր։ Հայկը տատին գրկել ու դուրս է հանել նկուղից։ Ու այդ պահին արկն ընկել է հենց տատի նստած տեղում։ «Թոռս ասեց`տեսա՞ր, լավ էր, որ դուրս եկանք»,- պատմում է Հայկա տատը։
Բայց սիրելի տատիկի կյանքը փրկելու համար, նրան պետք էր նաև գյուղից հեռացնել։ Համագյուղացիներն այդ պահին արդեն ցաքուցրիվ փախչում էին` ով ոտքով, ով ավտոմեքենայով։ Առանց երկար մտածելու տղան շալակեց տատին ու չդադարող կրակի տակ վազեց գյուղից դուրս տանող ճանապարհով։
Հայկն ու Հայկա տատը վերջինն էին, որ լքեցին հայրենի գյուղը։
Տատին շալակած քայլելը հեշտ չէր, բայց բաղձալի փրկության համար ընդամենը 300 մետր էր պետք։
Տեսանյութն` այստեղ