Դեռ բազմաթիվ ու բազմակողմանի անդրադարձեր կլինեն ադրբեջանական հանցագործ ռեժիմի սանձազերծած ընդգրկուն ռազմական արկածախնդրությանը, որ անվանում ենք նաև «Քառօրյա պատերազմ»: Սակայն այդ լայնածավալ ագրեսիայի սկզբից արդեն ընդամենը մի քանի ժամ անց հստակ երևաց այն, ինչն առավել քան ակնհայտ է այսօր՝ Արցախի հաղթանակն ու առավելությունը նախահարձակ ու բազմապատիկ զինուժով ու սպառազինությամբ վրա տված թշնամու նկատմամբ:
Ինքնին հասկանալի է, որ ասելով՝ Արցախի հաղթանակը, չենք տարանջատում կամ առանձնացնում հայության որևէ հատվածի ջանքն ու ներդրումը, և դրան դեռ կվերադառնանք:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, օրինակ, ռազմական առումով Ադրբեջանը պարտվել է, քանի որ հարձակվող կողմի խնդիրը պետք է լինի հաղթելը, իսկ պաշտպանվող կողմի խնդիրը չպարտվելն է: «Նման դեպքում չպարտվելը հաղթանակ է. այսպիսով, մաքուր հաշվով, Ղարաբաղը դիմակայեց, ուստիև՝ հաղթեց»,-ասել է նա (http://www.panorama.am/…/%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D…/1558985 ):
Կարծում ենք, ոչ միայն ռազմական առումով:
Բայց այստեղ դիտարկենք այդ ռազմականի մի քանի հիմնական հանգամանքներ: Արցախը, էլ ավելի որոշակի՝ ԼՂՀ Պաշտպանության բանակը ռազմական առումով կամ, եթե կուզեք՝ մարտադաշտում անվերապահորեն հաղթել է ադրբեջանական հրոսակին: Ինչի՞ վրա է խարսխված մեր այս պնդումը:
Նախ. արդեն իսկ ակնհայտ է, որ Արցախի Պաշտպանության բանակի համար անակնկալ չէր ադրբեջանական ագրեսիան: Խոսքը զուտ ոչ թե քաղաքագիտական կանխատեսման մասին է, որ «պատին հենած ռուսական «սմերչը» մի օր կրակելու է» (դա գրեթե բոլորին էր հասկանալի), այլ այսպես ասենք՝ ռազմագիտական, է՛լ ավելի կոնկրետ՝ ռազմական պոտենցիալը լիարժեք մարտական պատրաստության վիճակի բերելու և կիրառելու գործնական ունակության:
Հնարավոր է, մի փոքր անսպասելի էր, որ ադրբեջանական կողմը «ամբողջ ճակատով» ու ռազմուժի ա՛յդ ընդգրկմամբ հարձակման կդիմի՝ ներգրավելով գրեթե բոլոր զորատեսակները՝ հատուկ ջոկատայիններ, զրահատանկային ստորաբաժանումներ, օդուժ, հեռահար և համազարկային հրթիռահրետանային միջոցներ, չհաշված մարդասպան ԱԹՍ-ներն ու իսլամական տեռորիստներին: Հնարավոր է, որ ավելի խորքային հետախուզության հարցում որոշ բացեր կային, քանզի հակառակորդի զինուժի կուտակումներն ու ակտիվացումը հնարավոր է կամ կարելի էր հայտնաբերել դեռ նախնական փուլում՝ դրանից բխող հետևություններով:
Բայց մնացած բոլոր առումներով Արցախի Պաշտպանության բանակը լիովին կազմ-պատրաստ էր ծավալված դեպքերին: Դա միանգամայն բնական է, հաշվի առնելով, որ հատկապես վերջին 2 տարվա ընթացքում հակառակորդը պարբերաբար դիմել է վերջինի համեմատ փոքրածավալ արկածախնդիր քայլերի, դիվերսիաների՝ աստիճանաբար ընդլայնելով նաև կիրառվող զինատեսակների ցանկը (նռնականետեր, ապա նաև՝ ականանետեր, ապա նաև՝ հրթիռներ, հրանոթներ):
Կարծում եմ, նման պատրաստվածության մասին են վկայում այն իրողությունները, որ հակառակորդի սկսած գիշերային հարձակմանը (ապրիլի լույս 2-ի գիշերը) հաջորդող առաջին իսկ րոպեներից, այսինքն՝ կայծակնային արագությամբ ԼՂՀ ՊԲ ամբողջ անձնակազմը և բոլոր զորատեսակները մարտական տագնապով գրավել են իրենց տեղերն ու արել են այն, ինչը պետք է անեին: Խոսքն այս դեպքում միայն դիրքապահների մասին չէ, որ անկասկած անօրինակ ու էպիկական սխրանքներ գրեցին Հայոց զինուժի Փառքի մատյանում՝ առանց չափազանցության:
Պարզ է նաև, որ որոշակիորեն ուժեղացված է եղել դիրքերում իրականացվող մարտական հերթապահությունը: Անուղղակիորեն այդ է վկայում նաև մեր ցավալի կորուստների՝ զոհվածների և վիրավորվածների մեջ սպայական անձնակազմի ներկայացուցիչների թիվը:
Այո, հակառակորդի բազմապատիկ գերազանցող, տանկերի աջակցությամբ գրոհող ուժերի առաջ Արցախի Պաշտպանության բանակի զինվորները մի քանի դիրքից, մարտ մղելով, նահանջել են նման դեպքերի համար նախապես սահմանված հաջորդ բնագծեր: Հասկանալի է, որ 7-8 կամ թեկուզ 10-12 դիրքապահ մարտիկ, որքան էլ խիզախ ու անձնուրաց լինեն, երկար չեն կարող դիմակայել վաշտի կամ գումարտակի մասշտաբով ու զրահատեխնիկայի աջակցությամբ իրականացվող հարձակմանը:
Բայց ողջ հարցն այն է, որ դիրքերի մեծ մասում մերոնք ոչ միայն դիմակայել են, այլև դիրքապահներին բավականին արագ օգնության են հասել իրենց մարտական ընկերները:
Ռազմական ու մարտավարական առումներով ի՞նչ էր ուզում անել թշնամին: Մինչ այժմ եղած տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ ադրբեջանական հրոսակի ու իրենց ելուզակապետի նպատակներից մեկը հետևյալն էր. առաջին փուլում հյուսիս-արևելյան ու հարավային ուղղություններով կենտրոնացած հարված հասցնելով հնարավորինս թափանցել Արցախի ՊԲ պաշտպանական բնագծերի խորքը՝ այդպիսով նախ թուլացնելով ՊԲ հսկողության տակ գտնվող ռազմաճակատի գծի «թևերը»: Հասկանալի է, հակառակորդը նպատակ ուներ վերահսկողություն հաստատել այնքան տարածքի վրա, որքան կհաջողվի գրավել, միաժամանակ՝ հնարավորինս շատ վնաս պատճառել առաջնագծին մերձակա հայկական խաղաղ բնակավայրերին ու բնակչությանը: Երկրորդ փուլում, կամ հեռանկարում, շատ հնարավոր է, թշնամին նախատեսել էր («թևերը» թուլացնելուց հետո) նմանապես մեծ ուժերով հարվածել «կենտրոնից», այսինքն՝ Ասկերան-Մարտունի հատվածում:
Դե, քարտեզի ու թղթի վրա կռվելու «գեներալներ» շատ կան:
Իսկ ինչ ստացվեց իրականում:
Իրականում ստացվեց այն, որ Արցախի Պաշտպանության բանակը, նախ՝ իր բոլոր օղակներով ու ստորաբաժանումներով, տվյալ դեպքում, առաջին հերթին՝ դիրքապահ և նրանց օժանդակող ուժերով արժանապատվորեն ու հնարավորինս արդյունավետ դիմագրավեց հակառակորդին, երկրորդ՝ կարճաժամկետ առաջխաղացում ունեցած ադրբեջանական դիվերսիոն խմբերն ու «ավանգարդային» ուժերը կամ հայտնվեցին աքցանի մեջ ու ոչնչացվեցին կամ զգալի կորուստներ կրելով՝ ստիպված էին նահանջել, իսկ շատ դեպքերում, ուղղակի փախուստի մատնվեցին: Երրորդ՝ կարճ ժամանակ անց, Արցախի ՊԲ-ն կարողացավ թշնամուն դուրս մղել նաև առաջին գրոհի ժամանակ թողած դիրքերից, այդ ընթացքում ու զուգահեռաբար հնարավորինս վնասելով ու չեզոքացնելով ադրբեջանական զինուժի «երկրորդ էշելոնի» օժանդակ ուժերին:
Հատկանշական է նաև, որ թշնամու կողմից ժամանակակից այնպիսի զինատեսակների կիրառումը, ինչպիսին են օրինակ, «ՏՕՍ-1»-ը և «Սմերչ»-ը, մարտական գործողությունների տրամաբանության ու ծավալման ընթացքի մեջ չբերեց որակական ոչ մի փոփոխության, էլ չենք ասում՝ բեկման: Ավելի շուտ մատնեց թշնամու հուսահատությունն ու, միգուցե, իրենց իսկ կողմից իրենց անզորության գիտակցումը:
Բնականաբար, հեռու ենք թշնամուն թերագնահատելու մտքից: Բայց ակնհայտ փաստն այն է, որ նախ՝ ռազմական առումով Արցախը լիովին պատրաստ էր թշնամու կողմից լայնածավալ պատերազմական գործողությունների դիմելու արկածախնդրությանը և փաստացի՝ հաղթեց:
Երկրորդ՝ Արցախի Պաշտպանության բանակը՝ շարքայիններից մինչև ամենաբարձրաստիճան հրամանատարության ներկայացուցիչները, գործեց որպես մեկ միասնական ռազմական վարժ օրգանիզմ, որպես համախմբված բռունցք, որի ամեն մի «մատը» հստակ գիտի իր անելիքը, նաև վարժ տիրապետում է իր անելիքին: Կարճ ասած՝ որակ դրսևորեց:
Երրորդ՝ մարտական պատրաստականության բարձր աստիճանից բացի, առավել քան ցայտուն դրսևորվեցին մեր մարտիկների բարոյական և կամային լավագույն հատկանիշները, մարդկային առավելություններն ու ընդհանուր մարտունակությունը:
Չորրորդ՝ առաջնագծին մերձակա բնակավայրերի խաղաղ բնակչությունը, հատկապես նախորդ պատերազմի բովով անցած վետերանները արագ ու կազմակերպված անցան «պատերազմական ռեժիմի»՝ կազմ-պատրաստ կանգնելով կանոնավոր բանակի երիտասարդ զինվորների կողքին:
Հինգերորդ՝ կարող ենք ասել, որ ուժայիններից բացի, արագ, կազմակերպված ու հստակ գործեցին Արցախի բոլոր գերատեսչությունները, պետական մարմիններն ու կառույցները:
Ու հենց «առաջին հարվածից» թշնամու «բլից-կրիգ»-ային պլանները սկսեցին գոլորշիանալ: Իսկ ապրլի 2-ի կեսօրին մոտ արդեն բոլորին առավել քան ակնհայտ երևաց, որ ամբողջ հայությունը մեծուփոքրով, ահել-ջահելով համախմբված է, միասնական ու վճռական: Եվ պարզ դարձավ, որ մեր ընդհանուր հաղթանակը շատ մոտ է, իսկ ադրբեջանական արկածախնդիրներին՝ իրենց բանակի քիչ թե շատ մարտունակ ուժերի ոչնչացումից ու բզկտումից բացի, սպառնում են նոր տարածքային կորուստներ:
Ըստ որում, նկատենք, որ թշնամին գործի մեջ դրեց իր գրեթե ամբողջ զինանոցն ու զինուժը, իսկ Արցախի Պաշտպանության բանակը՝ ոչ: Հենց այդ դիտարկումներից ելնելով ենք խոսում Արցախի հաղթանակի մասին՝ բոլոր առումներով: Թերևս մնաց միայն դիվանագիտական՝ ամենակարևոր հաղթանակը:


Լուսանկարը՝ հարգելի Arshak Zakaryan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել