Ուզում եմ հավատալ, որ Տարոն Մարգարյանը տեղյակ չի եղել այս բարբարոսությունից
Այս պատերազմը հստակ ցույց տվեց, որ բացի զինվորի քաջությունից ու զենք-զինամթերքի առկայությունից, հաղթանակի համար պետք է ունենալ նորմալ երկիր, որտեղ բոլորն իրենց տեղերում են, որտեղ ենթակառուցվածքները ճիշտ են աշխատում, որտեղ հասարակությունն առողջ է և որտեղ իշխանավորը նորմալ վերահսկում է իր ոլորտը և իր գործն անում է ամենայն պատասխանատվությամբ: Մենք հստակ հասկացանք, որ ուրիշ այլընտրանք չունենք, քան առողջ ու զարգացող երկիր ունենալը, որովհետև թշնամին ատամները սրած մեր թուլանալուն է սպասում:
Բայց արի ու տես՝ ոչ բոլորն են այս պատմությունից ճիշտ դասեր քաղել ու մինչ ամբողջ հանրության, իշխանության ներկայացուցիչների ու համայն հայության ողջ ուշադրությունը սևեռված է Արցախի վրա, մինչ հասրակությունը միասնականության հրաշքներ է ցուցաբերում, մինչ դիմություն և ընդդիմություն մի կողմ են դնում բոլոր հակասությունները կենտրոնանում են ազգի համար բախտորոշ այս պատերազմի վրա, Երևանի կենտրոնում ամենաիսկական բարբարոսությունն է արվում մեր քաղաքի մշակութային կոթողներից մեկի նկատմամբ։
Ես չեմ ցանկանում մերկապարանոց մեղադրանքներ շռայլել։ Գուցե Տարոն Մարգարյանը ևս՝ տարված լինելով ռազմաճակատի նորություններով, չի նկատել, որ իր ղեկավարած գերատեսչության պատերից մի քանի հարյուր մետր այն կողմ, հերթական անճաշակ վանդալլը որոշել է, որ Էրեբունի-Երևանի 2750-ի շրջանականերում կառուցված շատրվանները անպյամանորեն պետք է համեմված լինեն հերթական վուլգար կաֆեով։ Համենայն դեպս, ուզում եմ հավատալ, որ սա է իրական բացատրությունը։ Համեմվածը ո՞րն է, սրճարանի կառկասները անմիջականորեն հարում է շատրվաններին։ Հարելն էլ ո՞րն է, ոչ թե սրճարանի մոտ շատրվաններր կան, այլ ստացվում է, որ ինչ որ սրճարան է, որի մեջ շատրվաններ կան։
Պարոն Մարգարյա՛ն, ամբողջ հանրությունը գերլարված է, ամբողջ պետական համակարգը գերլարված է։ Հույս ունեմ, որ դուք և Երևանի քաղաքապետարանը այդուհանդերձ հետամուտ կլինեք, որպեսզի այս խայտառակությունը շուտաափույթ կասեցվի ու ամեն ինչ լինի հավուր պատշաճի։