14566_bCivilnet.am-ը գրում է.

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չի կարող հենվել բացառապես իր ռազմական ուժի վրա. Բաքուն ստիպված կլինի հետամուտ լինել վեճի դիվանագիտական հանգուցալուծման, որը կներգրավի Հայաստանի հարևաններին, ինչպես նաև Ռոււսաստանին, որը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը Կովկասում, գրում է Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնը՝ «Լեռնային Ղարաբաղի հարցում փակուղին վերածվեց բռնության» վերնագրով իր հոդվածում:

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ընդլայնվող ռազմավարության առավելությունն այն է, որ կարող է խաթարել Հայաստանի տարածքային նվաճումները՝ հասնելով տարածքային որոշ ձեռքբերման»,- գրում է կենտրոնը:

Ընդգծելով Ադրբեջանի ռազմական առումով առավելությունը, որին երկիրը հասել է իր էներգետիկ ռեսուրսների շնորհիվ, Stratfor-ը գրում է.

«Տեղայնացված հարձակումները, ինչպիսիք եղան ապրիլի 2-ին, օգնում են խուսափել ծուղակներից, որոնք պատահում են լայնամասշտաբ գործողությունների դեպքում. վերջիններս անհարմար են Լեռնային Ղարաբաղի լեռնոտ տեղանքում: Ադրբեջանի այդ ռազմավարության կարևոր առավելությունն այն է, որ սահմանափակում է Ռուսաստանի հետ հակամարտության հավանականությունը, որը նշանակալի ռազմական ներկայություն ունի Հայաստանում: Փոքրամասշտաբ գործողությունները, որոնք կարող են արագորեն կասեցվել, շատ ավելի անհավանական են դարձնում Ռուսաստանի միջամտությունը, սակայն նման մարտավարությունը զուրկ չէ ռիսկից: Մոսկվան կարող է օգնության գալ իր դաշնակիցներին՝ չնայած Ռուսաստանին հակամարտությունից դուրս պահելու Ադրբեջանի ջանքերին»:

«Ի վերջո, ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին: Ռուսաստանցի պաշտոնյաները ամենայն հավանականությամբ կապի մեջ են հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Ավելին՝ Հայաստանը կարող է որոշել ինքնուրույն փոխել ռազմավարությունը՝ իրականացնելով հարձակողական գործողություններ ճակատի մյուս հատվածներում:

Եթե Հայաստանը որոշի նման կերպ արձագանքել, հնարավոր անորոշությունը կարող է հանգեցնել արագորեն ծավալվող ռազմական գործողությունների շփման գծի ամբողջ երկայնքով: Դա հղի է նրանով, որ կարող է դուրս գալ Լեռնային Ղարաբաղի սահմաններից՝ խափանելով Ադրբեջանի ջանքերը:

Այդ պատճառով Ադրբեջանը չի կարող հենվել միայն իր ռազմական ուժի վրա ԼՂ հակամարտությունում: Բաքուն ստիպված կլինի հետամուտ լինել դիվանագիտական հանգուցալուծման, որը կներքաշի Հայաստանի հարևաններին, ինչպես նաև Ռուսաստանին, որը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը Կովկասում:

Ադրբեջանը կարող է օգտագործել Մոսկվայի հետ իր ավելի սերտ հարաբերությունները Հայաստանում Ռուսաստանի ընդլայնված ազդեցության ժամանակահատվածում՝ կորզելու անբարենպաստ ստատուս քվոյի ավելի շահեկան հանգուցալուծում»,- կարծում են վերլուծական կենտրոնի փորձագետները:

Կենտրոնը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին կայցելի Բաքու, նույն օրը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կլինի Հայաստանում: Մինչև ռազմական գործողությունների սկիզբը իրանցի, թուրք և ադրբեջանցի ԱԳ նախարարները ծրագրել էին հանդիպել ապրիլի 5-ին: 

«Եթե ռուսները հետագայում ներքաշվեն, Թուրքիան նույնպես ստիպված կլինի ավելի շատ ներգրավվել՝ փորձելով հավասարակշռել Ռուսաստանին Կովկասում: Բաքվի շահերից է բխում տարածաշրջանային ուժերի մրցակցությունը, քանի որ նա կարող է ստիպել նրանց հաշվի նստել իր շահերի հետ: Բաքուն հասկանում է, որ չի կարող հենվել բացառապես իր ռազմական ուժի վրա՝ ստատուս քվոն փոխելու համար, հատկապես՝ պայմանավորված Հայաստանում Ռուսաստանի ներկայությամբ: Այդուհաներձ, Ադրբեջանը կարող է դիվանագիտական խուսավարումներով զուգորդված՝ օգտագործել իր ռազմական ուժը՝ որպես ավելի լայն ռազմավարության մաս, որը կարող է Հայաստանին ստիպել զիջումների գնալ: Չնայած Բաքվի մտադրություններին՝ այդ ռազմավարությունը հնարավոր է՝ ավելի լայնածավալ պատերազմ հրահրի, որին կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ»:

***

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից սկսած՝ ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծի ամբողջ երկայնքով Ադրբեջանը ձեռնարկել էր 1994-ի զինադադարից ի վեր ամենամեծ հարձակումը՝ զրահատեխնիկայի, ավիացիայի և հրետանու կիրառմամբ:

Երեկ կեսօրին հաղորդվեց, որ ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու:

Այսօր առավոտյան ԼՂՀ ՊՆ-ն հայտարարել է, որ կրակի դադարեցման շուրջ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել