Դա այն զսպաշապիկն է, որը կոչված է ապահովելու մեր թիկունքը, երբ մեր լավագույն տղաները խաղաղություն են պարտադրում արևելքից ակտիվացած ադրբեջանական հրոսակին: Հակառակ պարագայում, Արևմուտքում մեր պատմական հողերին սև ժանտի պես արդեն մի 100 տարի կռթնած թշնամին, հնարավոր է, իրեն փորձեր ավելի լկտի պահել՝ դրանից բխող հետևություններով ու հետևանքներով հանդերձ:
Բայց կան հարցեր: Չեն կարող չլինել:
Ինչ էլ ասվի, թե՛ քաղաքական, թե՛ ռազմավարական, թե՛ բարոյական առումով, գոնե ինձ ու էլի շատերին, անընկալելի և անընդունելի է մեր նույն այդ «ռազմավարական դաշնակցի» կողմից մեր բացահայտ թշնամուն՝ Ադրբեջանին մեծ ծավալներով սպառազինություն ու ժամանակակից զինատեսակներ վաճառելու քայլը: Նորմալ դաշնակիցը նման ախմախություն չի անում: Այստեղ քննարկելու բան չկա:
Հա, ասում են, թե՝ Ռուսաստանից չլիներ, ուրիշից կառներ: Թող ուրիշից առներ: Դաշնակիցը հաստատ չէր սնանկանալու:
Իսկ այսպես, միայն ինքնավստահ ապուշը կարող էր մտածել, թե այդ սպառազինությունը, այդ զենքերը վաղը, մյուս օրը չեն ուղղվելու Հայաստանի ու հայության դեմ, ինչին էլ ականատես ենք այս օրերին:
Ի դեպ, անկախ այն գործոններից, որոնցից դրդված մարդատյաց Ալիևը դիմեց այս լայնածավալ արկածախնդրությանը, դրա ետևում բավականին նկատելի է և Թուրքիայի մատը: Այն առումով, որ մեծ ընդգրկմամբ մեր տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Թուրքիան միանգամայն շահագրգռված է Արցախի շուրջ կտրուկ ապակայունացման հարցում: Եվ Անկարայի այդ շահագրգռությունը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև հենց Ռուսաստանի դեմ: Այսինքն, մեծ հաշվով, ռուսական զենքը այսօր «աշխատում» է նաև Ռուսաստանի շահերի դեմ: Ու, երևի Ռուսաստանում կա մի քանի լրջախոհ մարդ, որ դա գոնե գիտակցում է:
Սակայն մենք, կարծում եմ, չպետք է ընկնենք մշտական «ծուղակն» ու սկսենք Ռուսաստանին բացատրել, թե բա գիտե՜ք, ձեր շահը էս է, ձեր շահը էն է: Բնավորություն ու վերաբերմունք պետք է ցույց տանք: Իսկ բացատրելն անտեղի է, թեկուզ այն պատճառով, որ մի 150 տարի տարբեր հայ գործիչներ էդ գործի վրա ապարդյուն էներգիա ու ժամանակ են ծախսել:
«Բա ո՞վ ա մեր ռազմավարական դաշնակիցը» կամ «Բա ո՞ւր ա մեր ռազմավարական դաշնակիցը» և այդ կարգի հարցադրումներ անելը այսօր, կարծում եմ, ոչ մի օգուտ չի տալիս: Դեռ մի բան էլ ավելորդ նյարդայնացնում է: Իմ «կարճ խելքով», եթե այսօր Ռուսաստանը, զուտ իր ռազմաբազայի առկայությամբ ապահովում է, որ արևմտյան կողմից սպառնացող վտանգի հարցում հարաբերականորեն ապահով զգանք ու մեր բռունցքի ուժը արևելյան կողմի վրա կենտրոնացնենք, էլի բան է:
Քավ լիցի, գնալով նվազում են «օրհնած սհաթի» ընկալում ունեցողները: Օրհնելու կամ կուրորեն հավատալու բան չկա, շահերի հարց է: Այսօր կարող է համընկնեն, վաղը, միգուցե՝ ոչ: Դրան սառն է պետք նայել:
Դառնալով հարցին, թե ո՞վ է մեր ռազմավարական դաշնակիցը, պետք է ընդամենը իմ համոզմունքը կրկնեմ. չունե՛նք մենք այլ ռազմավարական դաշնակից՝ համախմբված, իր առջև նպատակ դրած ու միասնական դեպի այդ նպատակը գնացող հայությունից բացի: Մե՛նք ենք մեր դաշնակիցը, մեր համախմբավածությունն ու միասնականությունը: Վե՛րջ: Ոչ մեկը մեր փոխարեն մեր երկիրը չի պաշտպանելու, ոչ մեկը մեր փոխարեն մեր երկիրը չի ծաղկացնելու:
Ու հենց որ հույսը մենակ մեր վրա դնենք, էն ժամանակ էլ լուրջ արդյունքներ կունենանք: Ու մեկ էլ կտեսնենք, որ մեր դռան առաջ «ռազմավարական դաշնակիցների» թեկնածուներն իրար հրմշտում են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/1021630804578006?notif_t=close_friend_activity¬if_id=1459852343426997
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել