Քրեական աշխարհն այնքան է հղփացել, որ Վանոյին ու Վանոյի մահվան էսկադրոններին երանությամբ ենք սկսել հիշել։ Այն վիճակը, որը տիրում է քրեակատարողական հիմնարկություններում ու այսպես կոչված «թաղային հեղինակությունների» ինստիտուտում, շատ լուրջ տագնապներ է առաջացնում։
Եթե նկատել եք, հատկապես վերջին շրջանում կտրուկ աճել է աղմկահարույց հանցագործությունների թիվը ու արդեն քանիցս պարզվել է, որ դրանցից շատերը ծրագրվել, ղեկավարվել, կամ էլ պատվիրվել են ՔՀԿ-ներում ազատազրկում կրող անձանց կողմից։ Այսինքն, եթե պետք է ավելի մանրամասնել, բերդերում այնպես ազատ են իրենց զգում ու այնքան բջջայիններ կան, որ ազատ հանցագործություններ են ծրագրում ու իրականացնում՝ բերդի պատերից այն կողմ։
Մյուս կողմից, երկիրը դարձել է տարատեսակ օրենքով գողերի ազատ անցուդարձի վայր, որտեղ սիրով իրենց հանգիստն են անցկացնում ինչպես անվանի հեղինակություններ, այնպես էլ հիմնականում Վրաստանից ժամանած գողեր, որոնք տեղային նշանակության էլեմենտներ են։
Այս թողատվության ու քրեական կենսակերպը գովերգող աղճատված իրականությունում է, որ սկսում ես հասկանալ, թե ինչ իրավացի էր Վանոն, ով ամենառադիկալ եղանակով հաշվերհարդար տեսավ կազմակերված հանցավորության դեմ՝ պարզապես սատկացնելով նրանց, ովքեր շատ էին թփրտում ու փչացնելով նրանց, ովքեր ՔՀԿ-ներում էին (հիշենք, «Ճիշտ ա, էս երկրում միակ գողը ես եմ» Վանոյի լեգենդար խոսքը՝ գաղութներից մեկում)։
Կազմակերխված հանցավորությունը Ռոբին Հուդների վայր չէ։ Դա սրիկաների միջավայր է, ովքեր չեն ուզում արդար քրտինքով փող վաստակեն, այլ ուզում են թալանել ինձ և ձեր նման հասարակ մարդկանց ու ծառայել իշխանություններին՝ ըստ անհրաժեշտության։ Այս քաղցկեղային ուռուցքին ինչքան տեղ տաս, իրենք ավելին են ուզելու ու ցանկացած մեղմության դրսևորում, ցանկացած ահնդուրժողականություն սրանք ընկալում են՝ որպես թուլություն։ Միայն մահվան վախն ու պատժի անխուսափելիությունն է ազդում սրանց վրա։